Ուշ երեկոյան մի օտարական թակում է այգեգործի տան դուռը, ով այդ օրն իր այգում գանձեր էր գտել: Օտարականն ասում է.
- Եղբա՛յր, հեռավոր երկրից եմ գալիս և գիշերելու վայր եմ փնտրում, գիտեմ նաև, որ այդ երկրից այս գիշեր գողեր են ժամանելու: Ամուր փակիր տանդ պատուհանները և դռները, որպեսզի նրանք չկարողանան թափանցել ներս և չհափշտակեն ունեցվածքդ:
Տանտերն իր խորին շնորհակալությունն է հայտնում, այնուհետև օտարականին, որպես հարազատ մարդու, հրավիրում իր տուն, քանի որ զգուշացրեց վտանգի մասին, ապա ուրախությամբ ամուր փակում է բոլոր դռները, պատուհանները ու իրենց ապահով զգալով գիշերում են: Առավոտյան արթնանում է և տեսնում՝ ո՛չ օտարականն է այդտեղ և ո՛չ էլ գանձերը... Այդպես էլ սատանան, որպեսզի զրկի մեզ առաքինություններից, ծածուկ գործում է, ճշմարտանման, գայթակղիչ մտքերն իբրև մեզ հարազատ ու վստահելի մտքեր ներկայացնում: Եվ մարդը կարծում է, թե դրանք իր մտքերն են, այլ ոչ թե օտար մտքեր են ու գրկաբաց դրանք ընդունելով` ընկնում է մեղքի և փորձության մեջ: Արդ, մշտապես աղոթենք Աստծուն, որպեսզի մեզ իմաստություն, արթնություն և զգոնություն պարգևի, որ կարողանանք տարբերել և բացահայտել մեր մտքերն օտար մտքերից, որպեսզի նախապես արդեն պատրաստ լինենք և փակ պահենք մեր մտքի, սրտի պատուհաններն ու դռները դրանց առջև:
Հովհաննես Մանուկյան