13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ գտնվում էք Տիրոջ տանը և մեր Աստծու գավիթներում։ Գիշերը դեպի սրբությո՛ւն պարզեցեք ձեռքերը ձեր, և օրհնեցե՛ք Տիրոջը։ Թող Տերն օրհնի մեզ Սիոնից, Նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց» (Սղմ. 134:1-3):
Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Փառաբանական աղոթքով սկսեցի տարեմուտի այսօրվա խոսքս և վստահ եմ, որ առ Երկնային Տեր ուղղված ձեր փառաբանություններն էլ միացան Դավիթ մարգարեի օրհնաբանության խնկաբույրին ու որպես անուշաբույր ընծաներ մատուցվեցին Ամենակալի Գահի առջև: Թող այսօր ամենայնի Արարիչ Երնավոր Տերն ընդունի ձեր սրտաբուխ աղոթքներն ու հավիտենության մեջ մասնակից դարձնի ձեզ այն իրական տոնին, որ պատրաստել է Իր հավատարիմ զավակների համար:
Սիրելինե՛ր, փա՜ռք Ամենակալին, որ հնարավորություն ունենք այժմ այստեղ՝ այս Սուրբ հարկի ներքո գտնվելու և նոր տարին սկսելու առ Աստված ուղղված մեր աղոթքներով: Քանզի Աստծո կողմից սրբագործվում է յուրաքանչյուր գործ, որ սկսվում և ուղեկցվում է աղոթքով:
Չգիտեմ, թե ինչպիսին է ձեզ համար եղել անցնող տարին, ինչ եք թողել այնտեղ և ինչ եք ձեզ հետ վերցրել որպես ուղեկից նոր տարում: Չգիտեմ, կշարունակվե՞ն արդյոք այն խնդությունները, որ ունեցել եք արդեն անցյալ տարում, կչորանա՞ն այն արցունքները, որ դառնությունների ու փորձությունների արտացոլումն են եղել: Մեզանից և ոչ ոք չգիտե, թե վաղն ինչ ընտրություն է ինքը կատարելու, չգիտե, թե իր կյանքի որ պատմությունն է գրելու այս նոր տարում, բայց սրտեր քննող Աստված, ամեն պահի մեր կողքին գտնվող Ծնողը հրաշալի է ճանաչում մեզ ու տեսնում է թե՛ մեր կատարելիք հաջորդ քայլը, և թե՛ դրան հաջորդող արդյունքը: Ուստի նոր տարին ճիշտ սկսելու, ճիշտ անցկացնելու և այնքան բաղձալի երջանկությունը գտնելու միջոցները ոչ թե աստղագուշակների ու զանազան սին նշանների մեջ է հարկավոր փնտրել, այլ՝ աղոթքի: Աղոթքի առ Երկնավոր Հայր, որպեսզի շտկի մեր ճանապարհներն ու անսասան պահի մեզ ճշմարտության մեջ: Միասին աղոթենք աստվածահաճո ընթացքի մեջ մեզ անխոտոր պահելու և ճշմարիտ քրիստոնյային վայել կյանք դրսևորելու համար: Աղոթենք համայն աշխարհի և մասնավորապես մեր հայրենիքի խաղաղության համար, մեր այն զինվոր զավակների պահպանության համար, որոնց արիության ու անձնվիրության շնորհիվ անամպ երկինքն ենք վայելում մեր գլխավերևում և այսօր այստեղ խաղաղության մեջ աղոթքի կանգնելու անգին պարգևն ունենք: Չհապաղենք աղոթել մեր հայրենիքի համար իրենց արյունը հեղած փառապանծ զինվորների հոգիների խաղաղության և նրանց հերոս մայրերի մխիթարության համար: Աղոթենք բոլոր հիվանդների ապաքինման համար, որ տկար են մարմնով, բայց աստվածապարգև անմահ հոգի ունեն իրենց շնորհված: Աղոթենք Քրիստոսահիմն եկեղեցու անսասանության համար, որ կոչված է Աստծո Երանելի Արքայության լուրը տարածելու և մոլորյալ ու տառապյալ հոգիներին փրկության ուղին մատնանշելու համար: Եվ վերջապես աղոթենք միմյանց համար, սիրելինե՛ր, որպեսզի Ամենազոր Տերը խափանի մեր չար գործերն ու սխալներն այս նոր տարում և հաստատի մեզ սիրո, բարու և առաքինության մեջ: Աղոթենք հույսով լեցուն հոգիներով և չվախենաք մեզ սպասվող փորձություններից և այն միջոցներից, որոնցով Սիրող Հայրը կշտկի մեզ: Քանզի ինչպես սուրբ Պողոս առաքյալի եբրայեցիներին ուղղված թղթում է ասվում. ««Որդյա՛կ իմ, մի՛ արհամարհիր Տիրոջ խրատը և մի՛ վհատվիր, երբ նա հանդիմանի քեզ, որովհետև երբ Տերը խրատում է, նշանակում է, թե սիրում է քեզ, և երբ պատժում է, նշանակում է, թե քեզ ընդունում է իբրև որդու»: Ուստի համբերությա՛մբ ընդունեցեք Աստծո խրատը՝ իմանալով, որ նա ձեզ հետ վարվում է հոր նման: Կա՞ մի որդի, որ իր հորից հանդիմանություն ստացած չլինի: Ընդհակառակը, եթե Աստված ձեզ չհանդիմանի, ինչպես անում է իր բոլոր որդիներին, նշանակում է, թե դուք նրա որդիները չեք և խորթ եք նրան» (Եբր. 12:5-9):
Արդ, մխիթարվեցե՛ք փորձությունների և դժվարությունների մեջ գտնվող որդյակներ, քանզի Բազումողորմ Աստված չի մոռացել ձեր մասին: Թող երանելի առաքյալի խոսքերը սրտապնդեն ձեզ, ավելի ամրացնեն ձեր ունեցած հավատի մեջ և հույս պարգևեն, որ այս նոր տարում, Տիրոջ ողորմածությամբ կհաղթահարեք ձեզ բաժին հասած դժվարություններն ու պատվով դուրս կգաք դրանց միջից՝ ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի:
Խոսքիս սկզբում ասացի արդեն, սիրելի՛ հավատացյալներ, որ չգիտեմ, թե մեզ ինչ է սպասվում վաղը, որ ապագա է: Բայց գիտեմ, որ այսօր կանք, ուստի առանց մեր անգին ժամանակը կորցնելու՝ այսօր սկսենք կերտել մեր վաղվա օրը: Արդեն այսօր, հենց հիմա ընտրենք, թե դեպի ուր ենք գնում՝ դեպի երկի՞նք՝ մեզ անչափ սիրող Երկնավոր Հոր, թե՞ դեպի դժոխք՝ մեզ ատող ոխերիմ թշնամու մոտ: Կարծում եմ տարվա սկիզբը ևս հրաշալի ժամանակ է ընտրություն կատարելու համար: Ինչպես հայտնի գրողներից մեկն է իրավացիորեն նշել, որ. «Ժամանակն իր ընթացքը մատնանշող ոչ մի բաժանարար գիծ կամ նշան չունի: Ո՛չ ամպրոպը, ո՛չ կայծակները, ոչ էլ փողերի թնդյունները չեն ազդարարում Նոր տարվա գալուստը: Նույնիսկ երբ նոր հարյուրամյակ է սկսում, միայն մենք՝ մահկանացուներս ենք զանգեր խփում ու ատրճանակներից կրակում»: Եվ մենք էլ տարեմուտը նշում ենք ինչ-որ նորի ակնկալիքներով, հույսերով ու սրտի թրթիռով և դա հրաշալի է, սակայն եկեք միայն սպասելով ու երազելով չսահմանափակվենք, այլ անտրտունջ կերպով և մեծ խինդով շարունակենք մեր հոգևոր վերելքը՝ աճելով սիրո և աստվածահաճո մեր ընթացքի մեջ: Յուրաքանչյուր նախաձեռնություն սկսենք մեզ սիրող Հորն ուղղված աղոթքով` Նրա օրհնությունն ու օգնությունն աղերսելով և չմոռանանք Նրան փառաբանելու մասին՝ ինչպիսին էլ, որ մեր գործի ընթացքը կամ ավարտը լինի:
Թող Աստված օգնի ամենքիս փոխվելու և հոգեպես նորոգվելու, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, որովհետև եթե իսկապես ՆՈՐ տարի ենք ուզում, ապա նախ ինքներս պիտի նորանանք, և հիշենք, որ առանց փոխվելու՝ մեր կյանքում էլ ոչ մի նոր բան չի լինի: Միասնաբար Տիրոջ օգնությունը հայցենք այս նոր տարում մեր հոգիներում մանկան անաղարտությունը մշակելու համար, որպեսզի մանուկների պես մեր անձերը խոնարհեցնելով՝ կարողանանք Աստծո Արքայություն մտնել: Թող Ամենակալ Տերն իմաստություն պարգևի ամենքիս, որպեսզի ավետարանական անմիտ հարուստի պես միայն մեզ համար հարստություն չդիզենք, այլ Աստծո աչքին հարստանանք: Թող Աստծուն, Եկեղեցուն և մեր մերձավորին բերած մեր ծառայության հարցում նմանվենք այն այրի կնոջը, որ իր ունեցած վերջին լուման տաճարին նվիրեց՝ անմնացորդ նվիրումի մի վառ օրինակ հանդիսանալով մեզ համար: Թող Բազումողորմ Հոր անսահման ողորմածությունն ու մեր ջանասիրությունն օգնեն մեզ մեր ունեցած մեղքերից գոնե մեկը քրիստոնեական թանկագին առաքինությամբ փոխարինելու և նոր տարի մուտք գործելու դրանով զարդարված:
Թող Ամենակարող Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքներն այս ամանորին, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս: Փրկի և ազատի փորձություններից, գայթակղություններից ու մոլորություններից: Իր անսահման սիրով սրբի մեր հոգիներն ախտերից, որպեսզի այսուհետև աստվածային լույսն ու խինդը բնակվեն մեր մեջ ու դրանց ճառագումը ջերմացնի նաև մեզ շրջապատող մարդկանց սրտերը: Հույսը, հավատը, սերն ու Սուրբ Հոգու մյուս անգին շնորհները թող ուղեկից լինեն ամենքիս նոր տարում և միաբանորեն փառավորենք Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան