5 Հոկտեմբեր, Շբ
Մի նավ ծովի հուժկու ալիքների վրա տարուբերվում է: Անսանձ քամին ու կլանող ալիքները նավը քշում-տանում են դեպի մոտակա ժայռոտ ցամաքը: Մի նավաստի տախտակամածի վրա տագնապահար այս ու այն կողմ է վազում, այնուհետև իրեն նետում ալեկոծ ծովի ալիքների մեջ և ավելի տագնապահար օգնություն հայցում: Երբ մյուս նավաստիները նրան փրկում են ու կրկին նավը բարձրացնում, նրանցից մեկը հարցնում է, թե ինչու իրեն նետեց ծովը: Ամբողջովին թրջված ու ցրտից սարսռած մարդը պատասխանում է.
- Երբ առաջին անգամ տեսա հանդարտ ծովը և արեգակի ճառագայթներից փայլփլող մեղմ ալիքները, հասկացա, որ իմ կոչումն էլ է ձեզ նման լինել ու ցանկացա նավաստի դառնալ և ամեն նավարկության վերադարձից հետո մարդկանց գովասանքին ու գնահատանքին արժանանալ: Սակայն երբ տեսա այս փոթորիկը և նավի ահռելի ընթացքը դեպի ժայռը, ինձ նետեցի ծովի մեջ, որպեսզի փրկվեմ:
Մյուս նավաստիներից մեկը պատասխանում է.
- Եղբա՛յր, մի՞թե չես վստահում մեր փորձառու նավապետին: Ամբողջությամբ վստահի՛ր նրան և ողջ-առողջ կհասնես քո նավարկության հանգրվանին:
Երբեմն մարդկանց թվում է, թե քրիստոնյա դառնալով իրենք Աստծուն մեծ ծառայություն են մատուցում և պիտի արժանան խաղաղ ու հանգիստ և հաջողություններով լեցուն կյանքի, որոնց միջոցով նույնիսկ հոգևոր առաքելություն պիտի իրագործեն այս աշխարհում: Սակայն մարդիկ մոռանում են, որ քրիստոնյայի կյանքը խաչի ճանապարհ է և հարկ եղած դեպքում պետք է խոնարհությամբ ու համբերությամբ տանել այդ խաչը ու հանուն Քրիստոսի նաև հարմարվել խաչի ծանրությանը` իրապես իրականացնելու հոգևոր առաքելություն այս աշխարհում: Իսկ Աստծուց տրված խաղաղությունը կամ խաղաղ կյանքը զորության ներկայություն է, բայց ոչ նեղության բացակայություն...
Հովհաննես Մանուկյան