Ծնվել է 1920թ.-ի մայիսի 12-ին, Յոզկաթում, Թուրքիա:
1924թ.-ին ընտանիքով՝ հայրը, մայրը և երկու կրտսեր եղբայրները, բռնագաղթվել են Հալեպ, Սիրիա: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի հայ-կաթոլիկ վարժարանում:
1930-1935թթ. սովորել է Հալեպի Գյուլբենկյան վարժարանում:
1935-1936թթ. սովորել է Հայկազյան վարժարանում:
1936-1941թթ. սովորել է Երուսաղեմի հոգևոր ճեմարանում:
1941թ. ձեռնադրվել է սարկավագ:
1943թ. դուրս է եկել Երուսաղեմի հայոց վանքից և հաստատվել Հայֆայում, Պաղեստին:
1947թ. ամուսնացել է Զվարթ Գևողլանյանի հետ և նույն թվականին ներգաղթել Սովետական Հայաստան: Սկզբնական տարիներին աշխատել է Հայաստանի ազգային գրադարանում, կատարել թարգմանություններ՝ անգլերենից և ֆրանսերենից: Նույն ժամանակաշրջանում երգել է Հայաստանի պետական երգչախմբում:
1954թ. փետրվարի 21-ին, Տեր Սահակ եպիսկոպոս Տեր-Հովհաննիսյանի ձեռամբ, ձեռնադրվել է քահանա (Էջմիածին ամսագիր, փետրվար 1954թ., էջ 14):
1957թ. ապրիլի 19-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
Քահանայական ձեռնադրության քառասնօրյա շրջանը անցկացրել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ էլ 1954թ.-ի մարտի 10-ին մատուցել է իր անդրանիկ Պատարագը: Նույն տարում նշանակվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և պաշտոնավարել մինչև 1970թ. մարտ ամիսը:
1970թ. մարտին, ընտանիքով՝ կնոջ և երեք դուստրերի հետ, տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
1973թ. Վազգեն Առաջին Վեհափառի տնօրինությամբ տեղափոխվել է Ֆրանսիա՝ նշանակվելով Լիոնի եկեղեցու հոգևոր հովիվ: Մի քանի տարի ծառայելուց հետո վերադարձել է Միացյալ Նահանգներ, Լոս-Անջելես, ընտանիքի մոտ՝ կյանքի վերջին տարիները նվիրելով հայերենի դասավանդմանը Լոս-Անջելեսի հայաշատ գաղութի մանուկներին:
1992թ. սեպտեմբերի 15-ին կնքել է իր մահկանացուն: Թաղման կարգն ու վերջին օծումը կատարվել է Լոս-Անջելեսի Սուրբ Հովհաննես եկեղեցում: