Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Ծաղկազարդը տոնախմբեց ապրիլի 13-ին: Մասնակիցները տոնի խորհրդին հաղորդակից եղան՝ ներկա գտնվելով մի շարք արարողությունների՝ Գիշերային և Առավոտյան ժամերգությունների, անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգի, որի ընթացքում օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեց ներկաներին, ապա՝ Ս. Պատարագի, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո՝ «Դռնբացեք»-ի արարողության:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու խորհրդակատար Տեր Մովսես քահանա Սահակյանը: Տարիներ շարունակ Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Հավարտ Ս. Պատարագի Տեր Մովսեսը մանուկների օրհնության կարգ կատարեց և նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը:
Օրհնության կարգից հետո տոնի մասնակիցները վայելեցին հայկական ազգային պարերը «Նանե» պարային համույթի կատարմամբ: Այնուհետև մանուկներին սպասում էր հետաքրքիր անակնկալ. տիկնանց և «Զորավոր» արանց միությունների համատեղ ջանքերով պատրաստվել էր Նոյյան տապան, ուր երեխաներին սպասում էին Նոյն ու իր կինը՝ Նոյեմզարը: Հայկական ազգային նվագարան շվիի նվագակցությամբ տապանից դուրս եկավ Նոյը և բաց թողեց աղավնի: Ապա Նոյի հետ երեխաները խումբ-խումբ մուտք գործեցին տապան, ուր Նոյեմզարը երեխաների հետ զրուցեց Նոյի և ներկա ժամանակաշրջանների մասին, զուգահեռներ անցկացրեց՝ նշելով, որ այսօր մարդիկ, Նոյից օրինակ վերցնելով, երկյուղածությամբ պետք է անսան Աստծու խոսքն ու կյանքի կոչեն: Տիկնանց միությունը տապան մուտք գործած երեխաներին փոխանցեց անվանական հուշագրեր հետևյալ կարևոր հիշեցումներով՝ այն որ Նոյյան տապանը եկեղեցին է, ուր մարդիկ Աստծու օգնությամբ հաղթահարում են բոլոր դժվարությունները և որ իրենք, Նոյի ժառագորդը լինելով, չպետք է մոռանան, որ փրկվելու համար պետք է պատսպարվել տապանում, այսինքն՝ Աստծու տանը՝ եկեղեցում:
Նոյյան տապանից դուրս գալով՝ երեխաները մուտք գործեցին տարբեր տաղավարներ: Տաղավարներից մեկում նրանք Նոյի մասին շարժապատկերներ էին պատրաստում՝ նախապես գունավորելով պատկերները, մյուս տաղավարում ծաղկազարդյան նկարներ էին գունազարդում, հաջորդում հայկական թեմաներով էջանիշներ էին պատրաստում, իսկ չորրորդ տաղավարում երեխաները գունարզարդում և պատրաստում էին ձեռքեր, որ սիրտ էին պարունակում և որոնց վրա երեխաները գրում էին իրենց բարեմաղթանքները: Փոքրիկների համար սիրելի անկյուն էր դարձել նաև բակի այն հատվածը, ուր նրանք գունավոր կավիճներով նկարում էին և խաղում ավազի հետ:
Այնուհետև երեխաների ուրախությունը կրկնապատկեցին «Մարտին Սթար» ՍՊԸ-ի համեղ նվերները և տոնական տորթը: Տիկնանց միությունն էլ իր հերթին հյուրասիրություն էր կազմակերպել երեխաների ծնողների ու նրանց հարազատների համար, որից հետո նրանք ստացան նվերներ՝ «Չորս ավետարաններ» գրքույկներ ու թերթոններ, որ սբ. Սահակ Պարթև հայրապետի տեսիլքի և Նոյի ու տապանի մասին տեղեկություններ և մեկնություններ էին պարունակում:
Երեխաների տոնական օրը եզրափակեցին «Բումբումիկ»-ի և «Լինում է, չի լինում»-ի մուլտհերոսներն իրենց խաղերով, երգ ու պարով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը մանուկների օրը վերածել էր ուրախ տոնախմբության:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նշեց, որ Ծաղկազարդի տոնն իր կարևոր հիշեցումներից մեկն ուղղում է ծնողներին. «Ծնողական առաքելության մեջ հաջողելու համար հարկ է հիշել, որ երեխաները մեր հոգու արտացոլանքն են և նրանց թերությունները, բնավորության վատ գծերն ու կամակորությունները հաճախ մեր մեղավոր սովորույթների ու կրքերի արդյունքն են: Երեխաները մեր՝ ծնողներիս օրինակով են սովորում և հաճախ ուղղակի պատճենում են մեր վարքը: Ուստի աստվածահաճո և առաքինի վարքն այն անգնահատելի հարստությունն է, որ կարող ենք փոխանցել մեր զավակներին: Դեռ վաղ մանկուց սովորեցնենք նրանց ճանաչել, սիրել ու վստահել մեզ անչափ սիրող, խնամող ու բարի Աստծուն»:
Կարինե Սուգիկյան