Ծուլությամբ մարդը գողանում է իր իսկ ժամանակը

Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը. հարց, որ յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ իրեն ուղղած կլինի: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ծուլությունը համարում է մահացու մեղք:

Աստված մեզ շնորհել է թանկագին մի պարգև՝ ժամանակը, որի ճիշտ կամ սխալ գործածության համար պատասխանատու ենք լինելու Աստծո առջև: Այդ պատճառով էլ հարկ է ժամանակը ծուլությամբ չանցկացնել: Սբ. Անտոն Անապատականը հորդորում է սիրել աշխատանքը, որը սրտին մաքրություն է տալիս:

Ծուլությունը ծնում է բազմաթիվ չարիքներ: Նեղություն, ձանձրույթ և այլ մեղքերի հետ միասին այն մարդուն տանում է դեպի հոգու մահ: Հինգ անմիտ կույսերը, որ զլացել էին իրենց հավատքի հիման վրա բարի գործեր կատարել դուրս մնացին հարսանիքի սրահից՝ Երկնքի Արքայությունից (Մատթեոս 25:1-13):

Բացի չարիքի աղբյուր լինելուց Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ աշխարհի վրա չկա ոչինչ, որ չփչանա անշարժությունից՝ անշարժ լճացած ջուրը հոտում է, երկաթը, ընկնելով որակից, պատվում է ժանգոտությամբ, հողը, հանգստի մեջ մնալով, անպիտան խոտեր և տատասկ է աճեցնում: Ապա նաև նշում է, որ ընդհանրապես, ամեն մի էակ անգործությունից փչանում է, իսկ իրեն հատուկ գործունեությունից դառնում օգտակար: Ոսկե խոսքեր ունեցող սուրբը հավելում է նաև ծուլության հակառակ կողմը՝ ոչ պատշաճ գործունեությունը, ինչը նույնպես վնասակար է, ինչպես օրինակ, երբ մարդն ոչինչ չուտի, կփչացնի ատամները, բայց եթե ուտի ոչ պատշաճ բաներ, կփշրի այն:

Մարմնավոր անդամներն էլ անգործությունից հիվանդանում են, և ծուլությունը մարմինը վնասելուց առավել վնասում և հիվանդացնում է հոգին: Եվ այդ հիվանդությունը հնարավոր չէ մարդկանցից թաքցնել կամ արդարացնել, որովհետև Սուրբ Գիրքն ասում է` չկա ծածուկ բան, որ ի հայտ չգա (Մարկոս 4:22):

«Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կգտնի» (Առակներ 13:14):

Անգործության մեջ լինելով՝ մարդը կարծում է, որ ազատ է անելու այն, ինչ ցանկանում է, բայց իրականում նա գերի է այս մահացու մեղքին: Նրա ազատությունը կեղծ է, քանի որ նա չի կարողանում ինքն իրեն տիրապետել և հաղթահարել ծուլությունը:

Նոր Կտակարանում ևս հանդիպում ենք ծուլությունը դատապարտող օրինակների: Ծույլ մարդը չի ուրախանում Աստծո կողմից տրված պարգևներով և այդ պատճառով կենթարկվի դատի. «Չար և ծո՛ւյլ ծառա, եթե գիտեիր, որ հնձում եմ, ինչ որ չեմ սերմանել, և հավաքում եմ, ինչ որ չեմ ցանել» (Մատթեոս 25:26):

«Միաժամանակ, ծուլության վարժվելով, սկսում են տնից տուն շրջել և ոչ միայն ծույլ, այլ նաև բամբասող ու հետաքրքրասեր են և խոսում են իրենց չվերաբերող բաների մասին»,- այսպես է նկարագրում Սբ. Պողոս առաքյալն այն մարդկանց, որ անգործության են վարժված (Ա Տիմոթեոս 5:13):

Ծուլության ավերները կարող են յուրաքանչյուրի համար դաս հանդիսանալ. Դավիթ թագավորը Աստծո առաջ իր ամենածանր մեղքը գործեց, երբ, պատերազմից վերադառնալով, իր հանգիստն էր վայելում պալատում: Մոլորվեցին և երկնային պատիժներով դատապարտվեցին Նոյի ժամանակվա մարդիկ, Սոդոմ-Գոմորի ժողովուրդը, երբ հանգստության ու ապահովության մեջ ուտում և խմում էին՝ իրենց մարմնավոր ցանկությունների հետևից գնալով:

Ծուլությունն աստիճանաբար է հասունանում մարդու մեջ, այդ իսկ պատճառով հարկավոր է հենց սկզբից պայքարել նրա դեմ, քանի դեռ այն չի դարձել բնավորություն: Ծնողի համար կարևոր է երեխային դեռ փոքրուց աշխատասիրության մղել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ որքան զբաղված է երեխան, այնքան ավելի կազմակերպված է, կարգապահ և պատասխանատու: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, պատանի տարիքում հնազանդ լինելով ծնողներին, զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց, իսկ երեքամյա քարոզչության ընթացքում և՛ գործում էր և՛ ուսուցանում: Պաիսիոս Աթոսացին իր «Ընտանեկան կյանք» գրքում, երեխաների առողջ լինելու հետ կապված, ծնողներին խորհուրդ է տալիս նրանց աշխատանքի ուղարկել ինչ-որ մեկի մոտ և նույնիսկ վճարել այդ մարդուն դրա համար: Շարունակելով հորդորն ասում է. «Միայն թե երեխաները սիրեն այն աշխատանքը, որը պետք է անեն: Քանի որ, եթե պատանին, ուժ ու գլուխ ունենալով, չի աշխատում, ապա՝ թուլանում է, դառնում ալարկոտ ու թուլակամ: Իսկ եթե դրա հետ մեկտեղ նաև տեսնում է, որ մյուսները հաջողում են, ապա խճճվում է սեփական եսասիրության մեջ և ոչնչից չի ուրախանում: Նա մշտապես մտահոգ է, և նրա ուղեղը կարծես ծղոտով լեցուն լինի»:

Ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի՝ մեղքից առաջացած վերքերի բուժում, ներշնչանք և ուսուցում ունի իր մեջ որպես պատիժ հանդիսացող այս խոսքը, որ Աստված ասաց Ադամին. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծննդոց 3:19):

Ծուլությունը հաղթահարելու օրինակ է ցույց տալիս Սողոմոն Իմաստունը. «Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի. քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու և ո՛չ էլ գլխին տեր ունի, բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը» (Առակներ 6:6-9):

Ամենափոքր նպատակի համար անգամ անհրաժեշտ է գործել, այդ մասին է փաստում հետևյալ ասացվածքը. «Աստված ամեն թռչնին որդ է տալիս, բայց երբեք չի դնում այդ որդն ամեն մի թռչնի բնում»:

Շենուդա Գ պատրիարքը մատնանշում է, որ զբաղված մարդը հսկում և ուղղում է իր մտքերը՝ համաձայն իր զբաղմունքի: Նշելով, որ ձեռքի աշխատանքով զբաղված մեկն ուղղում է իր մտքերը իր զբաղմունքի վրա, գիտնականը զբաղվում է իր գիտությամբ, հողագործն իր տնտեսությամբ, վանականը՝ աստվածպաշտությամբ: Սակայն ծույլ մարդն իր միտքն արձակ է պահում չար մտքերի համար, նա չի հսկում իր միտքը, այլ նրանք են առաջնորդում նրան:

«Աշխատասեր անձի վրա Սուրբ Հոգին է իջնում»,- ասել է եկեղեցու հայրերից մեկը:

Աշխատասիրության օրինակ է մեզ համար նաև Սբ. Պողոս առաքյալը, ով իր առաքելական ճամփորդության ժամանակ քարոզներին զուգահեռ անդադար աշխատում էր: Թեսաղոնիկեցիներին նա ասում էր. «Եղբայրներ, հիշեցեք մեր վաստակը և ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք» (Ա Թեսաղոնիկեցիներ 2:9): Իր աշխատանքային վաստակով նա օգնում էր նաև ուրիշներին:

Այսպիսով, ամենօրյա ջանքով, աղոթելու տիրավանդ պատգամով՝ «Արթո՛ւն եղեք և ամենայն ժամ աղոթեցե՛ք» (Ղուկաս 2:56), բարի գործերով, եկեղեցու հայրերի բուժիչ խրատներով, սրբերի վարքերի ընթերցանությամբ, Աստծո տուն այցելելով, աստվածահաճո զրույցներով, հնարավոր կդառնա հաղթահարել մահացու այս մեղքը՝ ծուլությունը:

 

 

Կարինե Սուգիկյան

12.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․