25 Նոյեմբեր, Բշ
Մի ուսանող նայում է պատուհանից և մտածում, թե ինչպես վարվել, քանի որ ջերմություն ունի, վատառողջ է, իսկ դրսում քամի է, ցուրտ, ամպամած եղանակ: Բայց իր թերահավատ ընկերն այդ կիրակի համաձայնվել է իր հետ գնալ եկեղեցի` մասնակցելու Սբ. Պատարագին: Ինչպե՞ս վարվել, ուղեկցել ընկերոջը եկեղեցի և բացատրել նրան Սուրբ Պատարագի խորհուրդը, թե՞ չգնալ.... Իսկ ժամանակն անցնում է և շատ հեռվից արդեն լսվում են եկեղեցու զանգերի հնչյունները:
- Խնդրում եմ, Տե՛ր Աստված, ցույց տուր քո կամքը, ինչպես գործել,- բարձրաձայն աղոթում է երիտասարդը:
- Չե՞ս լսում եկեղեցու զանգերի ձայնը, հիշիր պատվիրանը` սիրիր ընկերոջդ,- լսվում է մի ձայն, և ուսանողը տեսնում է քիչ հեռու կանգնած սատանային ու զարմացած ասում.
- Իսկ ասում են, թե սատանան միշտ չարն է կամենում:
Այնուհետև շտապ զանգում է ընկերոջը ու դուրս գալիս տնից: Որոշ ժամանակ անց եկեղեցու մոտ շտապօգնության մեքենա է կանգնում ու ցրտից սարսռած ուսանողին պատգարակով տանում են մեքենան: Երիտասարդն իր գլխավերևում տեսնում է Հիսուսին ու հարցնում.
- Աստված իմ, բայց չէ՞ որ գրված է` սիրիր ընկերոջդ, և ես նրան ուղեկցել եմ եկեղեցի: Ինչո՞ւ այսպես ստացվեց.
Հիսուս պատասխանում է.
- Սատանան ճշմարտությունը միշտ կիսատ է ասում:
Մի՞թե չես հիշում` սիրիր ընկերոջդ, ինչպես սիրում ես քո անձը: Չէ՞ որ կարող էիր կազդուրվել և հաջորդ կիրակի ընկերոջդ եկեղեցի ուղեկցել: Քեզ չկանչեցի զոհողության, այլ սիրիր ընկերոջդ, ինչպես սիրում ես քո անձը:
Աստծո կամքը հասկանալու համար նախքան քայլ կատարելը անհրաժեշտ է գնահատել, թե ինչ հետևանքներ ու պտուղներ է բերելու այդ քայլը: Եթե հետևանքներն ու պտուղները բարի են և քեզ համար, և մյուսների համար: Ուստի, դա է Տիրոջ կամքը:
.Հովհաննես Մանուկյան