Թույնը

Մի գյուղում մի աղջիկ էր բնակվում: Ամուսնանալուց հետո տեղափոխվեց ամուսնու տուն, սակայն ոչ մի կերպ լեզու չէր գտնում սկեսրոջ հետ: Վերջինս մշտապես խրատներ էր տալիս նրան և նախատում ամեն ինչում:

Մի անգամ, վաղ առավոտյան, երիտասարդ կինը անտառի եզրին ապրող հեքիմի մոտ գնաց:

- Ի՞նչն է քեզ ինձ մոտ բերել, գեղեցկուհի՛: Ուզում ես որևէ տղամարդու հմայե՞լ:

- Ինձ ոչ ոք պետք չէ, ես իմ ամուսնուն սիրում եմ, բայց նրա մոր հետ ապրելն ուժերիցս վեր է:

- Իսկ ինձանից ի՞նչ ես ուզում:

- Խնդրում եմ, օգնիր ինձ: Որևէ թույն տուր, որպեսզի թունավորեմ նրան:

- Մի՞թե դրա վրա պիտի կառուցես երջանկությունդ: Դե, ինչ արած, խղճում եմ քեզ, կտամ քո ուզած թունավոր խոտաբույսերը: Ամեն առավոտ դրանցով թուրմ կպատրաստես և որպես թեյ՝ սկեսրոջդ կհրամցնես: Բայց մի խորհուրդ պիտի տամ քեզ:

- Ի՞նչ խորհուրդ: Կանեմ այն ամենն, ինչ կասես, միայն թե հնարավորիս շուտ ազատվեմ այդ օձից:

- Մեր գյուղում նորություններն արագ են տարածվում և քեզ կկասկածեն: Այդ պատճառով էլ, դրանից խուսափելու համար, սկեսրոջդ հանդեպ վերաբերմունքդ փոխիր: Քնքուշ ու բարեհամբույր դարձիր, ժպտա՛: Ստիպված չես լինի երկար տանջվել:

Երիտասարդ կինն այդպես էլ վարվեց: Աքլորականչի հետ արթնանում էր, հացի խմորը պատրաստում, վառարանը վառում, շիլան եփում և թունավոր թուրմը պատրաստում սկեսրոջ համար: Եվ քնքշորեն հրավիրում նրան հրաշք թեյը համտեսելու: «Մայրիկ» էր կոչում, ամեն ինչում՝ ենթարկվում: Ամուսնու ուրախությանը չափ ու սահման չկար՝ մայրն ու կինը հարազատներ էին դարձել: Սկեսուրը հարսին անսահման սիրում էր, վերջինս էլ անկեղծ սիրով էր պատասխանում նրան: Եվ կրկին հեքիմի մոտ է շտապում հարսը և արցունքն աչքերին աղաչում.

- Պապի՛կ, աղաչում եմ քեզ: Դու ամեն ինչ կարող ես: Հակաթույն տուր: Չափազանց շատ թուրմ եմ արդեն տվել սկեսրոջս: Կմեռնի: Իսկ նա հոգատար մայր է դարձել ինձ համար:

- Հանգստացի՛ր, անուշի՛կս: Ես քեզ բուրումնավետ խոտաբույսեր էի տվել, որոնցով համեղ և օգտակար թեյ էիր եփում սկեսրոջդ համար: Իսկ թույնը քո սրտում էր, բայց Աստծո օգնությամբ ազատվեցիր դրանից:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

06.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․