Տեառնընդառաջ

 Տյառըդառաջ |  Tyarydaraj

«Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդն արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Ս. Հոգին էր նրա մեջ» (Ղուկ. Բ. 29):

 

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը` քառասնօրյա Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայվելու հիշատակը, երբ աստվածախոս Ղուկաս ավետարանչի միջոցով ևս մեկ անգամ մտովի տեղափոխվում ենք երկու հազար տարի առաջ, հոգևոր աչքերով և անտեսանելի ներկայությամբ մասնակիցը դառնում պատմական այդ իրադարձությանը, որն այնքան խորհրդավոր է և լուսավոր: Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Ս. Հակոբոս Տյառնեղբոր կողմից կարգված այս տոնը հրավեր է մեզանից յուրաքանչյուրին` Տիրոջն ընդառաջ գնալու, մեր հավատքի մեջ զորանալու, անսահման հույսի և սիրո մեջ ապրելու, քանզի հաղթանակած Աստված մեզ հետ է: Այն նաև պատեհ առիթ է մեզ համար` մտորելու, թե որքա՛ն մոտ ենք Աստծուն, որքա՛ն տեղ ունի Աստված մեր կյանքից ներս:

Սիրելինե՛ր, շատ տոների նման Տյառնընդառաջն էլ ունի սուրբգրային իր հիմնավորումը, որը մեզ օգնում է առավել խորությամբ հասկանալու և ներթափանցելու գեղեցիկ այս տոնի խորհրդի մեջ: 

Իսրայելացիների մոտ մի սովորություն կար, երբ նրանց արու զավակը քառասուն օրական էր դառնում, ծնողները նրան նվիրաբերում էին տաճարին: Սակայն սա մեկ այլ խորհուրդ ևս ուներ. ծննդաբերությունից հետո կանայք քառասուն օր անմաքուր էին համարվում, ուստի պետք է տաճար գնային և հատուկ ծեսով մաքրվեին: Իսկ ընծայելու չափը կախված էր տվյալ ընտանիքի սոցիալական վիճակից: Ուստի հրեական սովորության համաձայն` ատաղձագործ Հովսեփն ու Ս. Կույս Մարիամը, սրբագործման քառասուն օրերից հետո, մանուկ Հիսուսին Երուսաղեմ են տանում` տաճարին ընծայելու համար, ինչպես որ Օրենքն էր պահանջում: Ըստ ավանդության` երբ նրանք մոտենում են տաճարին, արդեն մթնել էր, և տաճարի արևելյան դուռը, որը վաղուց ի վեր փակ էր, Տիրոջ մոտենալու պահին բացվում է, որով և կատարվում է Եզեկիելի մարգարեությունը. «Այդ դուռը փակ է մնալու և չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այդտեղով» (Եզեկ. ԽԴ. 2): Դռների բացվելու ժամանակ մեծ դղրդյուն է լինում քաղաքում, որից բնակիչները դուրս են ելնում իրենց տներից, քանի որ մութ էր, վառվող ջահերով և ճրագներով տաճար` Տիրոջն ընդառաջ են գալիս, որպեսզի տեսնեն տաճար եկողին: Այս պատճառով է, որ երեկ` մեր եկեղեցիներում, երեկոյան տոնի նախատոնակը կատարեցինք` մեր ձեռքերին ունենալով վառվող մոմեր, և Ս. Խորաններից վառված ճրագը տուն տարանք, որպեսզի նույն այդ լույսով լուսավորենք և ջերմացնենք նաև ընտանեկան մեր հարկերը: 

Աստվածաշունչը պատմում է, որ այդ ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով արդար և աստվածավախ մի մարդ կար, որն ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը: Ս. Գիրքը ոչինչ չի ասում նրա տարիքի, ծնողների կամ ազգատոհմի մասին, այլ պարզապես նշում է, որ նա «արդար» և «աստվածավախ» մարդ էր` շեշտելով Սիմեոնի առաքինությունները: Եկեղեցու Հայրերը Սիմեոնին նկարագրելիս օգտագործում են «աստվածազգյաց» մակդիրը, քանզի նա կրեց, գրկեց մանուկ Հիսուսին: Ուստի բազում ավանդություններ են ստեղծվել Եկեղեցու մեջ նրա մասին, որոնցից մեկի համաձայն` Սիմեոն ծերունին այն յոթանասուներկու թարգմանիչներից էր, ովքեր Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի հրամանով Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարեն թարգմանեցին: Երանելի Սիմեոնն այդ ժամանակ շատ երիտասարդ էր: և թարգմանության ժամանակ, երբ նա հանդիպում է Եսայի մարգարեի այն խոսքին, թե` «Ահա Կույսը պիտի հղիանա ու որդի ծնի և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Ես. Է. 14), երանի է տալիս այն մարդկանց, ովքեր ականատես կլինեն այս մարգարեության կատարմանն ու իրենց սեփական աչքերով կտեսնեն հանուր մարդկության Փրկչին: Եվ ինչպես Ավետարանիչն է վկայում. «Ս. Հոգուց հրամայված էր իրեն մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին» (Ղուկ. Բ. 26): Երբ մանուկ Փրկչին տաճար են բերում, Սիմեոն ծերունին Ս. Հոգու առաջնորդությամբ, նույնպես տաճար է գալիս, գրկում մանկանը, գոհություն հայտնում Ամենակալին` ասելով. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր քո ծառային` ըստ քո խոսքի. որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար....» (Ղուկ. Բ. 29-31): Փաստորեն, Ս. Հոգու շնորհներով զարդարված այս ծերունին իր շուրթերով բարբառում էր աշխարհի փրկության ավետիսը: Նա իր դողդոջուն ձեռքերով իր գիրկն էր առել երկնքի ու երկրի Արարչին, հզոր Աստծուն, ով մարմնացավ ու ծնվեց Ս. Կույսից մարդկության, ասել է թե մեզանից յուրաքանչյուրի փրկության համար, նրան, որի ծննդյամբ մարդկությունն ազատագրվեց մահվան հավերժական դատապարտումից, նրան, ով իբրև արդարության Արեգակ, երևաց մարդկանց մեջ` լուսավորելով մեր հոգիներն ու սրտերը: Այս ծերունազարդ այրն ասես խորհրդանշում է հեթանոսների դարձն ու քրիստոնյաներիս աստվածային լույսի ընդունումը: Այդ պատճառով է, որ Տյառնընդառաջն անվանում են նաև Լույսի տոն, քանզի մեկ անգամ ևս փաստվում և շեշտվում է Քրիստոս Աստծո լույս լինելը, որովհետև առանց աստվածային և կենդանարար Լույսի ամեն ինչ խավարի մեջ է, իսկ քրիստոնյաներիս համար առավել ևս, քանզի առանց Տիրոջ լույսի մեր հոգևոր, ընկերային և հասարակական կյանքը չի կարող գոյություն ունենալ: Հովհաննես աստվածաբան ավետարանիչն ասում է. «Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա» (Ա Հովհ. Ա. 5): Ուրեմն եկե՛ք ձգտենք հենց այդ Լույսին և աշխատե՛նք այն մեր մեջ ունենալ, որպեսզի ավելի հաստատուն լինեն մեր քայլերն այս կյանքում:

Ահավասիկ առաջին հայացքից շատ պարզ ու հասկանալի մի պատմություն է թվում Տիրոջ ընծայման ավետարանական այս դրվագը, սակայն իրականության մեջ այնքան խորախորհուրդ ու իմաստալից: Աննկարագրելի ու անպատմելի է Սիմեոն ծերունու երկարամյա սպասումն ու Հիսուսին իր գիրկն առնելու նրա անկողոպտելի ուրախությունը: Մի բերկրանք և ցնծություն, որ յուրաքանչյուրս ապրում և ճաշակում ենք դրա քաղցրությունը, երբ բախտ ենք ունենում հպվելու Տիրոջը, է՛լ ավելի մերձենալու նրան` մեր երկրային կյանքն իմաստավորելով միայն ու միայն նրանով: Ինչքա՜ն երկար է սպասել ծերունազարդ Սիմեոնը խորհրդավոր այս պահին, միայն Աստված գիտե: Ինչքա՜ն է մտածել, աղոթել ու Աստծո ողորմածությանը դիմել, կրկին միայն Բարձրյալին է հայտնի: Սակայն մի բան հստակ է ու անվիճելի. նա երբեք չի ընկճվել և հուսահատվել, այլ պարզապես առանց երկմտելու անանց համբերությամբ և առ Աստված ունեցած իր աներեր հավատով լուռ սպասել է այդ երանելի օրվան և Բարձրյալից իրավամբ արժանացել մեծագույն շնորհի, քանզի Աստծուն տեսնելը նրա համար դարձել էր կյանքի նպատակ: Ուրեմն, հազար երանի՜ նրան, որի կյանքի նպատակն Աստծուն տեսնելն ու իր սրտում ընդունելն են:

Անտարակույս բառերն անզոր են նկարագրելու համար նրա ուրախությունը. չէ՞ որ Սիմեոնն իր դողդոջուն ձեռքերով գրկել էր նրան, ով արարիչն է ամեն ինչի, ով ինչպես իր, այնպես էլ ողջ մարդկության համար կամավորապես հանձն էր առնելու մահը, սակայն մահը նրան չէր իշխելու, քանզի Տերը հաղթելու էր նաև մահվանը` երրորդ օրը մեռելներից հարություն առնելով: Իր ձեռքն էր առել նրան, ով իր Աստվածն է, Փրկիչը, ամենասիրելին ու պաշտելին, որի համար ինքը` Սիմեոնը պատրաստ է ամեն ինչի: Եթե նայենք մեր շուրջն ու մի պահ թափանցենք մեր հոգու խորքերը, ապա կտեսնենք, որ մենք էլ մեր առտնին կյանքում յուրովի ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի ենք սպասում: Ահա այստեղ է Սիմեոն ծերունուն ընկալելու և հասկանալու բանալին. նա Տիրոջն էր սպասում անտրտունջ ու հավատով լի. մենք ո՞ւմ կամ ինչի՞ ենք սպասում: Նա Տիրոջ փրկագործության մասին էր մարգարեանում, իսկ մե՞նք: Ահա հարցեր, որոնց պատասխաններն այնքան կարևոր են մեզ համար և մտորելու առիթ են տալիս:

Ուրախության պահերին բազմիցս լսել ենք մեր մեծերի բարեմաղթանքը. «Սիմեոն ծերունի լինես», այսինքն` երկար ապրես: Բայց հազար երանի՜ նրան, ով ոչ միայն կարժանանա Սիմեոնի երկարակեցությանը, այլ նաև նրա նման իր սրտում կընդունի հավատքի Զորագլխին, այս աշխարհում կդառնա Փրկչի ճշմարիտ աշակերտը և հնարավորություն կունենա Տիրոջն ընդառաջ ելնելու և նրան գրկելու: Հետևաբար Տյառնընդառաջի խորհուրդը նաև Աստծուն սպասելու, նրան մերձենալու և նրա ներկայությունը զգալու մեջ է:

Ուստի, սիրելի՛ քույրեր և եղբայրներ, անվարան, առանց դույզն-ինչ տատանվելու, գնանք Տիրոջ կենսատու և անմար լույսին ընդառաջ և ամեն ժամ աղոթենք, որ Աստված մեզ էլ գթա և արժանացնի այն անհուն խնդությանն ու բերկրանքին, որն ապրեց Սիմեոն ծերունին մանկանը գրկելու ժամանակ:

Տիրոջ սերն ու անսահման ողորմությունն ամենքիս հետ լինեն. ամէն:

 

Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյան

 

13.02.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․