12 Հոկտեմբեր, Շբ
Երեք նշանավոր ավազակներ կային, որոնք բազում տեղերում բազում չարիքներ էին գործել: Օրերից մի օր սրանք գալիս են մի վանք և որեւէ կերակուր խնդրում: Վանքի վերակացուն էլ խստորեն կշտամբում է նրանց՝ ասելով.
- Դուք արյունարբու գողե՛ր ու ավազակնե՛ր, ոչ միայն չեք ամաչում ուրիշների վաստակը հափշտակելուց, այլև համարձակվում եք անամոթաբար Աստծո ծառաներին տրված ողորմությունն ուտել: Արժանի չեք երկրի վրա ապրելու, քանի որ ոչ Աստծուց եք երկնչում, ոչ էլ մարդկանցից ամաչում: Հեռացե՛ք ձեր չար գործերով հանդերձ և այլևս չհանդգնեք այստեղ վերադառնալ:
Իսկ նրանք զայրացած ու խիստ սրտնեղված ետ դարձան:
Եվ ահա նույն օրը վանահայրն ինչ-որ տեղից վերադառնում է՝ հետն ունենալով մի քանի նկանակ և մի շիշ գինի, և վերակացուից լսելով, թե ինչպիսի պատասխան էր տվել ավազակներին, հանդիմանում է նրան ասելով՝ թե.
- Անիրավորրեն ես դա արել, քանզի մեղավորները մարդասիրությամբ և քաղցրությամբ ավելի դյուրությամբ են դարձի գալիս, քան սպառնալիքներով ու խստությամբ, որովհոտև Քրիստոս Աստված վարդապետը մեր, Ում Ավետարանը խոստացաք պահել, ասել է.
- Բժիշկն առողջների համար չէ , այլ՝ հիվանդների: Չեկա կանչելու արդարներին, այլ մեղարվորներին: Այդ պատճառով էլ շատ անգամ մեղավորների հետ էր ուտում: Արդ, քանի որ այդ արել ես ընդդեմ սիրո և Քրիստոսի պատվիրանի, սուրբ հնազանդության համար հրամայում եմ քեզ, որ հենց հիմա առնես այս նկանակն ու շշով գինին, շուտափույթ փնտրես ավազակներին և գտնելով նրանց՝ ընծայես իմ անունից: Եվ ապա՝ ծնկելով նրանց առաջ, խոնարհությամբ խոստովանես քո հանցանքը, որ նման տրտմությամբ ու խստությամբ վարվեցիր նրանց հետ: Եվ կաղաչես նրանց, որպեսզի այլևս այդպիսի չար գործեր չանեն, այլ երկյուղեն Տեր Աստծուց և ընկերներին էլ չվնասեն: Եվ եթե այս անեն, խոստանում եմ բոլոր նրանց մարմնական պետքերը հոգալ: Այս կասես նրանց աւ այնտեղից կվերադառնաս:
Եվ երբ սա գնաց փնտրելու ավազակներին, վանահայրը եկավ աղոթքի կանգնեց առ Աստված, որպեսզի նրանց զղջում և ապաշխարության դարձ տա:
Արդ, երբ ավազակներն ուտում էին այն ողորմությունը, որն ուղարկել էր նրանց Աստծո մարդը, սկսեցին միմյանց հետ խոսել՝ ասելով. «Վայ՜ մեզ՝ եղկելիներիս և թշվառներիս, թե դժոխքի որքան մեծ ու անտանելի տանջանքներ են մեզ սպասում, որ ոչ միայն կողոպտում ենք մարդկանց ստացվածքներից, այլև զրկում ենք կյանքից, և սակայն, այսքան մեծամեծ չարիքներից և մարդասպանություններից հետո ամենևին ոչ Աստծուց երկյուղ ունենք և ոչ էլ խղճմտանք: Իսկ ահա այդ սուրբ եղբայրը, որ եկել է մեզ մոտ, այնքան փոքր մի բանի համար, որ մեզ արդարորեն, մեր իսկ չարությանից դրդված՝ մեզ հանդիմանել էր, իրեն այսքան խոնարհեցրեց և դատապարտեց՝ մեր առաջև, և մանավանդ՝ նման առաքինի և սուրբ այրը մեզ առատ խոստումներ պարգևեց, հաց ու գինով մեր պետքերը լցրեց: Արդարև, դրանք են սրբերն Աստծո. որոնք երկինքը պիտի ժառանգեն: Իսկ մենք՝ կորստյան որդիներս, օրըստօրե ավելացնում ենք հավիտենական դժոխքի մեր տանջանքերը, չգիտենք, թե կարող ենք ողորմություն գտնել Աստծուց՝ այսքան չար ու զազիր մեր գործերի համար»:
Նրացից մեկը, երբ նման բաներ էր խոսում, մյուս երկուսն ասում են. «Այդ դեպքում ինչ՞ անենք»: Եվ նա ասում է. «Գնանք՛ Աստծո մարդու մոտ և եթե նա մեզ հույս տա, որ մենք՝ նման չարագործներս, կարող ենք ողորմություն գտնել Աստծուց: Մեզ մի անգամ պատվիրածը կանե՛նք, միայն թե կարողանանք մեր հոգիներն ազատել դժոխքի գեհենից»:
Հավանություն տալով սրան՝ երեքն էլ մեկ առ մեկ գնում են Աստծո մարդու մոտ, ասում.
- Հայր՛, մենք մեր մեծամեծ չարագործությունների պատճառով տարակուսանքի մեջ ենք՝ արդյոք՞ կարող ենք Աստծուց ողորմություն գտնել: Բայց եթե դու մեզ հուսադրես, թե Աստված երես չի դարձնի մեզնից, ահավասիկ, պատրաստ ենք քեզ հետ ապաշխարել, և այն ամենին, ինչ որ մի անգամ պատվիրես մեզ , կամենում ենք հնազանդ լինել: Իսկ Աստծո մարդը նրանց սիրով ու քաղցրությամբ ընդունեց և զանազան ապացուցներ մեջբերելով՝ հավաստիացրեց նրանց Աստծուց մարդասիրություն գտնելու մասին: Ինչպես նաև խոստացավ նրանց՝ Տեր Աստծո շնորհն ու ողորմությունը գտնելու մասին՝ ուսուցանելով նրանց, թե որքան մեծ է Աստծո մարդասիրությունը մեր անթիվ մեղքերի դեմ. թեև անսահման են՝ հաղթահարում են և թաքցվում և մանավանդ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեղավորների համար աշխարհ եկավ, որպեսզի փրկի նրանց:
Արդ, ավազակները հրաժարվելով աշխարհից ու իրենց չար գործերից՝ ընդունելի եղան Տեր Աստծուն եւ Նրանով զգեստավորվեցին ու սրտով կենդանացան: Նրանցից երկուսը կարճ ժամանակի ընթացքում գովելի վարք ձեռք բերեցին, հրավիրվելով Տիրոջից՝ այս աշխարհից տեղափոխվեցին: Իսկ երրորդը երկար ապրեց, և մշտապես, մտովի անցկացնելով իր ծանր ու զանազան մեղքերը, անչափ ապաշխարեց: Ընդհուպ հիսուն տարի՝ որքան, որ ապրում էր, հացով ու ջրով էր միայն անցկացնում, միշտ բոկոտն էր շրջում և գիշերն աղոթքի կանգնում և մինչև առավոտ չէր քնում: Եվ ապա այդպիսի ճգնասեր առաքինությամբ առ Աստված, հրեշտակների առաջնորդությամբ, տեղափոխվեց:
Հայելի վարուց