Կար-չկար մի վաճառական, ով մեծ հարստություն էր կուտակել: Բայց ժամանակն անցնում էր և մի օր էլ հասկացավ, որ ժամանակն է իր հոգին նախապատրաստելու Աստծո հետ հանդիպմանը: Եվ նա սկսեց մարդկանց հարց ու փորձ անել, թե ինչ անի, որ Աստված ողորմած գտնվի իր հոգու նկատմամբ: Որոշ մարդիկ ասացին.
- Ունեցվածքդ աղքատներին բաժանիր և կհաճոյանաս Աստծուն:
Ուրիշներն ասացին.
- Ունեցվածքդ եկեղեցու շինարարության համար նվիրաբերիր և Աստված կողորմա քեզ:
Իսկ ծերը խորհուրդ տվեց.
- Դարձիր առ Աստված, ապաշխարիր ու հաճո կլինես Նրան:
Ապաշխարեց վաճառականը, արցունքներով խոստովանեց իր բոլոր մեղքերն ու անօրենությունները: Եվ նրա հոգին պայծառացավ: Սակայն ժամանակն անցնում էր և նրան հանգիստ չէր տալիս այն հարցը, թե հաճո՞ է արդյոք այժմ Աստծուն: Եվ սկսեց կրկին մարդկանց հարցնել: Ոմանք ասացին.
- Դե եթե ապաշխարել ես ու մաքրել հոգիդ, ապա այժմ բաժանիր ունեցվածքդ աղքատներին և այդպիսով կհաճոյանաս Աստծուն:
Մյուսներն ասացին.
- Քանի որ ապաշխարել ես, հոգիդ մաքրել, ուրեմն այժմ հարստությունդ եկեղեցու կառուցման համար նվիրիր և հաճո կլինես Աստծո առջև:
Իսկ ծերը խորհուրդ տվեց.
- Դե եթե ապաշխարել ես ու մաքրել հոգիդ, ապա այսուհետև այն մաքուր պահիր: Հոգին միայն ապաշխարությունից հետո է սկսում եռանդուն կերպով գործել: Իսկ մյուս հարցերում վարվիր այնպես, ինչպես մաքուր հոգիդ կհուշի:
Վաճառականը հենց այդպես էլ ապրեց մինչև իր կյանքի վերջը: Ասում են և՛ աղքատներին օգնեց, և՛ եկեղեցու համար նվիրատվություններ բաշխեց՝ այնպես, ինչպես մաքրված հոգին հուշեց նրան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի