Վակասը քահանայական զգեստի մի մասն է, որը որպես շուրջառի օձիք, ամրացվում է ուսերին: Հնում այն ամրացված էր սաղավարտին, որ հագնելիս իջնում էր ուսերին՝ ծածկելով պարանոցը: Հետագայում այն դարձավ ինքնուրույն մաս:
Այն, որ վակասը սաղավարտի անբաժանելի մասն էր կազմում, հաստատում է, որ երկուսն էլ և՛ կտավով և՛ գույնով և՛ աշխատանքով նույնն է լինում, այլապես կպատրաստվեր զգեստի կտավից: Հին Խորհրդատետրերը վակասի համար աղոթք չեն ունեցել, սա նույնպես հաստատում է վակասի սաղավարտի հետ անբաժան լինելը: Վակասներն էլ իրենց աշխատանքով, կտավով, գույնով, ասեղնագործությամբ, պատկերներով և այլն լինում են սաղավարտների նման: Դրանք պատրաստվում են միևնույն նյութից և կրում համանման զարդաձևեր: Այսօր էլ պահպանվում է վակասի և սաղավարտի նույն նյութով, նույն զարդերով պատրաստելու հաստատուն սովորությունը: Վակասի վրա սովորաբար ասեղնագործված կամ ձուլված են Հիսուսի և տասներկու առաքյալների պատկերները:
Վակասը մեր նախնիները ընդօրինակել են Ահարոնի վակասից, որը Հին Կտակարանում կոչվում էր նաև եփուդ: Ահարոնի վակասի վրա գրված էր Իսրայելի տասներկու ցեղերի անունները. «Երբ Ահարոնը սրբարան մտնի, նա իր կրծքի վրա թող կրի Իսրայելի որդիների անուններով քանդակված դատաստանի լանջապանակը, որպեսզի Աստծու առաջ հավիտենապես պահպանի նրանց հիշատակը»: Այս առումով է, որ մեր վակասների վրա երբեմն պատկերում են տասներկու առաքյալներին, որոնք ցեղապետներն են Նոր Իսրայելի` Քրիստոսի Եկեղեցու:
Վակասը որպես քահանայական զգեստավորման յուրահատուկ մի մաս, իր այսօրվա ձևով հատուկ է միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Վակասը խորհրդանշում է այն մոլորյալ գառնուկին, որ պատարագիչ հոգևորականը իր ուսերին առած բերում և ներկայացնում է Սուրբ Խորհրդին, որպեսզի Քրիստոսի կենարար Մարմնով և Արյամբ այդ անձը փրկագործվի, այդ անձի և Աստծո միջև հաշտությունն իրագործվի և այդ անձը միանա սուրբ եկեղեցու հիմնական հոտին: Միևնույն ժամանակ վակասը արդարության նշան է և հավատացյալներին մտաբերել է տալիս մեր Փրկչի խոստացած քաղցր լուծն ու թեթև բեռը:
Վարշամակ անունը լատինական է և Հայ եկեղեցում չի գործածվում, չնայած 1880թ. Խորհրդատետրում վարշամակ անունն է օգտագործված վակասի իմաստով: