- Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս պետք է օգտվի ժամանակակից տեխնիկական միջոցներից:
- Վանականը պետք է ձգտի, որպեսզի իր օգտագործած միջոցները միշտ ավելի հասարակ լինեն, քան աշխարհիկ մարդկանցը: Օրինակ՝ ես փայտն եմ նախընտրում վառարանը վառելու, տաքանալու, կերակուր եփելու և ձեռքի աշխատանքներ պատրաստելու համար: Սակայն, եթե Աթոսի անտառների այս ողջ առուծախն էլի որոշ ժամանակ շարունակվի նույն ոգով, և այլևս փայտ չլինի, ապա կսկսեմ որևէ այլ միջոցից օգտվել, ավելի պարզ մի բանից, քան աշխարհիկ մարդիկ են գործածում: Տաքանալու համար կերոսինի վառարան կդնեմ կամ մի ուրիշ բան, ավելի էժան ու հասարակ, ձեռքի աշխատանքի համար նավթավառ կօգտագործեմ և այլն:
- Իսկ ինչպե՞ս կարելի է որոշել, թե ընդհանրական տիպի մենաստանների պարագայում որտեղ պետք է սահմանափակում դնել:
- Եթե վանականորեն մտածես, ապա կարող ես որոշել: Իսկ եթե այդպես չմտածես, ապա ինչ էլ վերցնես՝ «անհրաժեշտ» կդառնա, իսկ հետո վանականն ինքն աշխարհիկ կդառնա և ավելի հեռուն կգնա: Մենք՝ վանականներս, պետք է գոնե մի փոքր ավելի պարզ ապրենք, քան աշխարհում են ապրում, կամ ծայրահեղ դեպքում, գոնե այնպես, ինչպես մինչև վանականությունն ենք ապրել: Մեր տանն ունեցած իրերից ավելի լավերը չպետք է ունենանք: Վանքը պետք է ավելի աղքատ լինի, քան այն տունը, որից դուրս եմ եկել: Դա ինչպես վանականին է ներքուստ օգնում, այնպես էլ՝ աշխարհին:
Աստված այնպես է արել, որ մարդիկ ունայն իրերի մեջ չգտնեն իրենց հանգստությունը: Եթե այս աշխարհիկ առաջընթացը նույնիսկ աշխարհիկ մարդկանց է տանջում, ապա վանականների մասին ի՞նչ ասես: Եթե ես մի հարուստ տան մեջ հայտնվեի ու դրա տերն ինձ հարցներ. «Որտե՞ղ ես կամենում քնել: Կարող եմ անկողինդ շքեղ հյուրասենյակում բացել կամ փարախում, որտեղ այծերն են գիշերում: Ո՞րն է սրտովդ»: Ազնիվ խոսք եմ ասում, որ այծերի փարախում հոգիս ավելի հանգիստ կլիներ: Քանի որ վանական դառնալով՝ աշխարհից նրա համար չհեռացա, որ ինձ համար ավելի լավ տուն կամ դղյակ գտնեմ: Ես վանական դարձա, որպեսզի այնպիսի մի բան գտնեմ, որ ավելի խիստ, ավելի անպաճույճ լինի, քան այն, ինչ աշխարհում ապրելիս ունեի: Իսկ հակառակ դեպքում ես Քրիստոսի համար ոչինչ չեմ անում: Սակայն, ժամանակակից տրամաբանության օրենքների համաձայն ապրող մարդիկ ինձ կասեին. «Լսի՛ր, ախր դղյակի կյանքը հոգուդ ինչպե՞ս պետք է վնասի: Չէ՞ որ փարախում վատ հոտ է գալիս, իսկ դղյակում և՛ բույրն է անուշ և՛ հանգիստ կարող ես ծնրադրել»: Մարմնի մյուս անդամների պես պետք է հոգևոր զգացումի անդամ էլ ունենանք: Ինչպես կողմնացույցն է՝ երկու սլաքներն էլ մագնիսով են և այդ պատճառով էլ մի սլաքը դեպի հյուսիս է պտտվում: Քրիստոս էլ է «մագնիսով», բայց Նրա կողմը պտտվելու համար մենք էլ պետք է մի փոքր «մագնիսանանք»:
Իսկ առաջ ինչպիսի՜ դժվարություններ կային ընդհանրական տիպի մենաստաններում: Հիշում եմ խոհանոցում մի հսկայական կաթսա էր դրված, որ հատուկ լծակի օգնությամբ էին բարձրացնում: Կերակուր պատրաստելու կրակը փայտով էին վառում: Բոցը մե՛կ ուժեղ էր լինում, մե՛կ թուլանում էր և կերակուրն այրվում էր: Եթե ձուկ էր այրվում, ապա թավաները մետաղական խոզանակով էին մաքրում: Հետո վառարանի մոխիրը լցնում էին մեծ կավե անոթի մեջ, որի ներքևի հատվածում անցք էր արված, ու վրան ջուր էին լցնում: Այդ անցքից հոսող մոխրաջրով էլ լվանում էին ամանեղենը, և այն քայքայում էր ձեռքերը: Իսկ ջուրը պարանի ու ճախարակի օգնությամբ էին բարձրացնում այցելուների համար նախատեսված սենյակ:
Այժմ վանքերում տեղի ունեցող որոշ բաների համար արդարացում չկա: Տեսել եմ, թե վանքերից մեկում ինչպես էին հացը էլէկտրական հացահատիչով կտրում: Դա ինչի՞ նման է: Եթե հաց կտրողը հիվանդացել է կամ թույլ է իրեն զգում և չի կարող հացը դանակով կտրել ու նրան փոխարինող չկա, այդ դեպքում՝ ոչինչ, էլեկտրական հացահատիչն ինչ-որ արդարացում ունի: Բայց հիմա կարելի է տեսնել, թե աժդահա երիտասարդն ինչպես է բուլկին շրջանաձև սղոցով կտրում: Ժամանակն է, որ հենց ինքը կոմպրեսորի փոխարեն աշխատի, իսկ նա հաց կտրելու համար տեխնիկա է օգտագործում ու դա նվաճում համարում…
Աշխատեք հոգևոր առումով առաջ գնալ: Մի՛ ուրախացեք այդ բոլոր սարքավորումներով և նմանատիպ բաներով: Եթե ճգնավորության ոգին հեռանում է վանականությունից, ապա վանականների կյանքն իմաստ չունի: Մենք չենք հաջողի, եթե հարմարությունները վանական կյանքից վեր դասենք: Վանականը խուսափում է հարմարավետությունից, քանի որ հոգևոր առումով այն իրեն չի օգնում: Մարդկանց համար նույնիսկ աշխարհիկ կյանքն է ծանրանում հարմարությունների այդքան բազմազանության պատճառով: Եթե նույնիսկ վանականի հոգին խաղաղվեր աշխարհիկ իրերով, միևնույն է, հարմարավետությունը պատշաճ չէ նրան: Արդ, չորոնե՛նք այն: Սուրբ Արսեն Մեծի ժամանակաշրջանում ո՛չ «լյուքս» (1) կերոսինե լամպեր կային, ո՛չ՝ այլ լուսավորող սարքեր: Պալատներում շատ մաքուր ձեթով կանթեղներ էին օգտագործում: Մի՞թե Արսեն Մեծը չէր կարող մի այդպիսի կանթեղ իր հետ վերցնել անապատ: Կարող էր, բայց չվերցրեց: Անապատում նա սովորական բուսական յուղ ու պատրույգ կամ բամբակ էր օգտագործում, և դա բավարար էր նրա համար (2):
Մենաստանի մեր հանձնարարությունների ժամանակ տեխնիկական միջոցներ և այլ հարմարություններ ունենալով՝ հաճախ արդարացնում ենք մեզ, ասելով, որ այդ բոլորն անհրաժեշտ է, որպեսզի աշխատանքն արագ կատարվի և ազատ ժամանակը հոգևոր գործերին տրամադրվի: Բայց, ի վերջո, հոգեկան տագնապներով լի ու հոգսաշատ կյանք ենք ապրում՝ ոչ որպես վանականներ, այլ՝ այս աշխարհի մարդիկ: Երբ մի նոր խումբ երիտասարդ վանականներ եկան մի վանք, ապա նրանց առաջին գործը եղավ արագ եփող կաթսաներ գնելը, որպեսզի վանական կարգը կատարելու համար ժամանակ ազատվի: Հետո այդ վանականները ժամերով անգործ նստում էին ու տարբեր զրույցներ վարում: Նշանակում է տարատեսակ հարմարությունների միջոցով ժամանակը խնայելու և այն որևէ հոգևոր գործի ողղելու փորձը չի հաջողում: Այսօր վանականները ժամանակ են շահում հարմարությունների միջոցով, սակայն աղոթքի ժամանակ չի մնում:
- Հա՛յր, լսել եմ, որ նույնիսկ սուրբ Աթանաս Աթոսացուն (3) էին անվանում առաջադեմ հայացքների տեր մարդ:
- Այո՛, շատ առաջադեմ: Այնքան առաջադեմ, որքան այժմյան «առաջադեմներն» ունեն… Գոնե մի քիչ կարդայիք սուրբ Աթանասի վարքը: Նրա վանքի վանականների թիվը ութ հարյուրից հազարի էր հասնում, և որքան մարդիկ էլ գալիս էին նրանից օգնություն խնդրելու: Որքա՜ն աղքատ, որքա՜ն սոված մարդիկ էին մայրավանք գալիս՝ մի կտոր հաց ու ապաստան գտնելու հույսով: Եվ Սրբազան Հայրն էլ, ձգտելով բոլորին օգնել, երկու ջորի գնեց վանքի ալրաղացի համար: Թող այսօրվա «առաջադեմներն» էլ իրենց համար ջորիներ գնեն: Մարդկանց հացով կերակրելու համար սուրբ Աթանասը ստիպված էր այն օրերի չափանիշներով ժամանակակից հացի փուռ կառուցել մայրավանքում: Բյուզանդական կայսրերը գույք ու հողատարածքներ էին նվիրում վանքերին, որովհետև վանքերն այն ժամանակ ծառայում էին նաև որպես բարեգործական հաստատություններ: Վանքերը կառուցվում էին ժողովրդին և՛ հոգևոր և՛ նյութական առումով օգնելու համար: Այդ պատճառով էլ կայսրերն ընծաներ էին տալիս նրանց:
Մենք պետք է հասկանանք, որ ամեն բան անհետանալու է, իսկ մենք պարտապան ենք մնալու Աստծո առջև: Ճիշտ կլիներ, եթե մենք՝ վանականներս, գործածեինք ո՛չ թե այն իրերը, որ այժմյան մարդիկ են դեն նետում, այլ այն, որ նախկինում հարուստներն էին դեն նետում, որպես անպետք իրեր: Երկու բան հիշեք. առաջինը, որ մենք մեռնելու ենք, և երկրորդը, որ հնարավոր է ոչ սեփական մահով մահանանք: Դուք պետք է պատրաստ լինեք բռնի մահվանը: Այ եթե այս երկու բաների մասին հիշեք, ապա մնացած ամեն ինչ լավ կլինի՝ և՛ հոգևոր և՛ ցանկացած այլ առումով: Այդ ժամանակ ամեն ինչ իր հունով կընթանա:
1) Հատուկ կառուցվածքի լամպ, որ շատ պայծառ լույս է տալիս:
2) Սուրբ Արսեն Մեծը ծնվել է Հռոմում, մոտավորապես 354թ.: Առանձնանում էր իր մեծ իմաստությամբ և առաքինությամբ: «Արքաների հայր» անունն է ստացել, քանի որ Թեոդոսիայի կայսրն իր երկու որդիների դաստիարակությունը նրան էր հանձնարարել: 394թ., աստվածային կանչից հետո, հեռացավ եգիպտական անապատ: Չնայած նախկինում պալատներում անցկացրած կյանքին, որպես վանական, առանձնանում էր բացառիկ խստությամբ ու ճգնակեցությամբ:
3) Սուրբ Աթանաս Աթոսացի (†1000), Սուրբ Աթոս լեռան Մեծ մայրավանքի հիմնադիրը: Սուրբ լեռան ընդհանրական վանականության հայրը: Բարեշնորհ ճգնավոր, որ արժանացավ իր կենդանության օրոք և հետմահու կատարված հրաշագործությունների շնորհին:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի