25 Նոյեմբեր, Բշ
Մի վանական իր վանական ծառայությանն էր գնում, երբ ճանապարհին նրան մի անառակ կին հանդիպեց ու ասաց.
- Փրկիր ինձ, Հա՛յր, ինչպես Քրիստոս փրկեց անառակ կնոջը:
Վանականը, հաշվի չառնելով, որ իրեն կարող են դատապարտել, բռնեց նրա ձեռքն ու ողջ քաղաքով անցավ: Մարդիկ տեսնում էին դա ու ասում.
- Վանականն անառակին կնության է առել:
Երբ կուսանոցին էին մոտենում, այդ կինը եկեղեցու մոտ լքված մի նորածնի տեսավ ու վերցրեց նրան: Մի տարի անց, երբ մարդիկ տեսնում էին նախկին անառակին՝ երեխան գրկին, ասում էին.
- Համա թե միանձնուհի է, ահա՛ ապագա վանականի էլ ծնել է:
Եվ քաղաքում սկսեցին խոսել, որ անառակ Պորֆիրիան ծեր վանականից երեխա է ունեցել ու երեխան էլ հորը շատ է նման: Իսկ երբ վանականն Աստծուց հայտնություն ստացավ իր մահվան օրվա մասին, իր մոտ կանչեց նախկին անառակին, իսկ այժմ միանձնուհի Պորֆիրիային ու ասաց.
- Պետք է քաղաք գնանք, ուզում եմ դու էլ ինձ հետ գաս:
Պորֆիրիան, իր յոթնամյա որդեգրյալի հետ միասին, գնաց նրա հետ: Երբ քաղաք հասան՝ ծեր վանականն արդեն ծանր հիվանդ էր և մոտ հարյուր մարդ էր եկել նրան տեսակցելու: Ծերունին ասաց.
- Կրակ բերեք:
Թեժ ածուխով լի մի թավա բերեցին: Վանականը դրանք իր փեշի մեջ լցրեց ու ասաց ներկաներին.
- Արդ գիտցեք, եղբայրնե՛ր, որ ինչպես Մովսեսի անկեզ մորենին էր այրվում ու չէր մոխրանում, և ինչպես իմ հագուստն անվնաս մնաց այս կրակից, այդպես էլ ես իմ ծննդյան օրվանից մինչ օրս կանացի մեղքը չեմ ճանաչել ու պահպանել եմ կուսությունս:
Բոլորը զարմացան՝ ծերունու հագուստն ամբողջովին անվնաս տեսնելով ու փառաբանեցին այդպիսի գաղտնի սուրբ ծառաներ ունեցող Աստծուն:
Արդ դադարե՛ք ուրիշների մեղքերը քննարկելուց ու դատապարտելուց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի