- Հա՛յր, իսկ երբ նեղացնում են, ճի՞շտ է արդյոք վիրավորողի համար ասել. «Աստված նրան կհատուցի չարության համար»:
- Այդպես ասողն իրեն ծաղրի առարկա է դարձնում բանսարկուի առջև: Այդպիսի մարդը չի հասկանում, որ այդպես ասելով «վեհանձնորեն» անիծում է ուրիշներին: Որոշ մարդիկ ասում են, որ իրենք նրբազգաց են, սիրով լի, զգայուն հոգու տեր են և համբերում են այն անարդարություններին, որ պատճառում են իրենց: Բայց միևնույն ժամանակ իրենց նեղացնողների մասին ասում են. «Թող Աստված հատուցի իրենց չարության դիմաց»: Բոլոր մարդիկ քննություն են հանձնում այս կյանքում, որպեսզի մյուս՝ հավիտենական կյանք, դրախտ անցնեն: Իմ միտքն ինձ հուշում է, որ այդպիսի «վեհանձն անեծքը» հոգևոր անցումային նիշից ցած է գտնվում և անթույլատրելի է քրիստոնյայի համար: Քանի որ Քրիստոս մեզ այդպիսի սեր չի ուսուցանել: «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23:24), ահա, թե ինչպիսի սեր է սովորեցնում Նա: Իսկ բացի այդ, բոլոր օրհնություններից ամենալավն այն է, երբ մեզ անիրավացիորեն անիծում են և մենք լռությամբ ու բարությամբ տանում ենք այդ:
Եթե մակերեսային կամ խորամանկ մարդիկ, որոնք չար են ու աղճատում են ճշմարտությունը, զրպարտում են մեզ կամ անարդարացիորեն են վարվում մեզ հետ, ապա, եթե կարող ենք, փորձենք արդարացում չփնտրել մեզ համար, երբ անարդարությունն անձամբ մեզ է վերաբերում: Եվ «Թող Աստված հատուցի նրանց» արտահայտությունը չանենք, որովհետև դա նույնպես անեծք է: Լավ է, եթե ողջ սրտով ներենք մեզ նեղացնողներին, Աստծուն խնդրենք ամրացնել մեզ, որպեսզի կարողանանք զրպարտանքի ծանրությունը կրել և որքան հնարավոր է աննկատ շարունակենք հոգևոր կյանքը: Եվ այն մարդիկ, ովքեր սովորություն ունեն քննարկել ու դատել այլոց, թող անարդարացիորեն վարվեն մեզ հետ, քանի որ այդ կերպ նրանք ոսկե պսակներ են պատրաստում մեզ համար ճշմարիտ կյանքում: Աստծո հետ ապրող մարդիկ, իհարկե, երբեք չեն անիծում մյուսներին, որովհետև չարություն չկա նրանց մեջ, այլ՝ միայն բարություն: Իսկ այդ լուսավոր մարդկանց վրա նետվող չարությունը սրբագործվում է, ինչպիսին էլ, որ այն լինի: Իսկ իրենք՝ Աստծո հետ ապրողները, մեծագույն և ուրիշների համար անտեսանելի ուրախություն են զգում:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի