26 Դեկտեմբեր, Եշ
Քրիստոսի փրկությունը շնորհվում է յուրաքանչյուր հավատացյալին Եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով, իսկ այդ փրկության իրականացումը լինում է մի նոր ընթացքով, որ կոչվում է` վերածնություն ու նոր կյանք: Նախքան ս. խորհուրդների մասին խոսելը հարկ է մի համառոտ ակնարկով ճանաչել, թե ինչպե՞ս կամ ինչպիսի՞ աստիճաններով է կատարվում վերածնությունն ու նոր կյանքի կարողությունը:
Վերածնություն կոչվում է այն նորոգ ծնունդն, որով անհատը կտրվում է ադամային ժառանգականությունից և ապա աստվածային շնորհաց և ճշմարիտ ազատության հարստությամբ մի նոր անձն դառնում, ըստ որում, վերածնյալը ոչ թե Ադամի որդին ու ու պատկերն է լինում, այլ ճշմարիտ Աստվածամարդ Քրիստոսի եղբայրն ու պատկերը[1]: Վերածնությամբ ոչ թե մարդու բնությունը փոխակերպվում է էապես, ոչ թե նորա «եսը» էապես ուրիշ «ես» է դառնում, այլ նորա այլակերպված բնությունը ստանում է վերստին յուր աստվածադիր իսկությունն, ու նորա «եսը» դառնում է իսկական ինքնագիտակցություն, որով նա աստվածային շնորհաց մի ազատ զգայարանքն է դառնում աշխարհի տերը լինելու համար: Այնուհետև նա կտրվում է մեղանչական ուղղությունից, սուրբ կյանքի ուղղություն է ստանում և թեև իբր աշխարհում ապրող աշխարհի մեղքի ազդեցությունից զերծ չէ մնում, սակայն կարողանում է հաղթող լինել յուր նոր ուղղությամբ: Այնուհետև նորա կյանքի վեմը Քրիստոս է[2], զորությունը Ս. Հոգին է, ճանապարհը քրիստոնեական սրբությունն է, կատարելատիպն է Աստված, գործարանն է հոգին, իսկ զգայարանն է հավատքը: Ըստ որում` «Հաստատութիւն ուղիղ հաւատոց բովանդակիչ է սուրբ սիրոյն եւ յուսոյն անսասանելի կալ», - ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը (Հաճ., ԺԱ 154):
Վերածնության ընթացքի մեջ տարբերվում են չորս աստիճաններ` դարձ, զղջումն, քավություն և զորացումն: Դարձն է մարդու կյանքի ուղղության այն ընդհատումը, որով նա կտրում է յուր ծառայական կապանքներն աշխարհի բռնությունից: Այդ էր պահանջում և Ս. Գրիգոր Լուսավորիչը կռապաշտ հայերից. «Եթէ ոչ խլեսջիք ի ձէնջ զսննդեանն սովորութիւնն, ոչ կարէք ընդունել զսերմնն, որ ի ձեզ պտուղ տայցէ զօգտութեան» (Ագաթ., 298): Շատ անգամ մարդ նախապատրաստությամբ լրացած` մոտիկ է լինում դարձի, սակայն քաջություն չէ ունենում դառնալու կամ թե հետաձգում է յուր վճռական քայլը (Ղուկ., ԺԳ 3, 6-9): Բայց դառնալով դեռևս նա չէ կարողանում պահպանել յուր անձն յուր ազատության մեջ. նա դեռևս պետք է օգնության դիմե Քրիստոսի շնորհներին, որի քաղցն ու ծարավը զգալով` նա ոգևորվում է Քրիստոսի փրկության հուսով և զղջմամբ ցավում է յուր անցյալ կյանքի կորստական հարվածների վրա. նա տրտմում է ու սգում կորցրած աշխատանքների և օրերի վրա, նա զգում է, որ ինքն աղքատ է հոգևոր առաքինություններից և զզվում է յուր անցյալից (Բ Կոր., Է 9): Ապա նա զգում է մի մխիթարություն` տեսնելով Քրիստոսի փրկության շնորհաց փառքն ու պայծառությունն, որոնց լուսավոր շողերն արդեն սկսում են շողալ նորա խավար հոգու լուսամուտներից դեպի ներս: Ուրեմն զղջում է մի ներքին տխրական զգացումն, որով մարդ ցնցվում ու զարհուրում է` տեսնելով այն մեծ հակասությունն ու պառակտումը, որ կա յուր առաջվա կամքի ծառայական ուղղության և նոր ճանապարհի պայծառ կատարելատիպի մեջ: Նորա հոգու մեջ պատկերանում է Հին Ադամը` աշխարհի տիղմի մեջ շաղախված, իսկ նորա դիմացը հանդիսապես նոր Ադամը` փառաց լույսով ճառագայթված: Երկու հակատիպություններ, որոնց մեջ հեղհեղվում է անհատն և ձգտում «հինը թօթափել և նորը զգենուլ»: Նա զգում է, որ այդ յուր ուժից վեր է, սկսում է ապաշխարել (զղջմամբ սգալ անցյալի վրա)` մխիթարության սպասելով յուր Փրկչից: Հարկավ այս դարձն ու զղջումն ամեն անհատի մեջ տարբեր կարգով, ուժով ու ճգնաժամով է լինում[3]:
Ինչպես որ դարձն ու զղջումը մարդու որոշ նախապատրաստության լրանալուց և հոգեբանական որոշ վիճակից հետո է լինում (Գործք, Թ 5), այնպես էլ զղջումից հետո մարդու փրկագործությունն որոշ կարգ ունի: Նա դարձնում է յուր սիրտը դեպի Փրկչի կոչի ձայնն և հավատալով, որ նա է մարդկության ու յուր Փրկիչն և Աստուծո հետ հաշտեցնողը, հայցում է արդարություն, այսինքն` որ Աստված արդար համարի և որդիացնե[4]: «Ուր հաւատք են, անդ եւ Աստուած, եւ ուր Աստուած է, ամենայն ոք անդ է», - ասում է Ս. Եղիշեն: Հավատացողին մոտենում է Քրիստոս և օգնության մխիթարության ձեռք մեկնում: Ապա դարձողը մկրտվելով` յուր հնությամբ մեռնում է և վերածնվում է իբրև նոր մարդ. նա քավություն է ստանում յուր մեղքերի և նոր արարած դառնում: Քավությունն է ուրեմն մարդու այն նոր ընթացքի սկզբնավորումը, որով նա ազատվում է ապականացու վիճակից և նոր կյանքի շեմի վրա դրվում: Սակայն հին կյանքի կապերից կտրվելով` մարդ կարոտ է հզոր զորացման, որ կարողանա նոր կյանքի մեջ աճել, զարգանալ ու ճշմարտության զինվոր լինել: Դորա համար նա պետք է մտնի մտերիմ հաղորդակցության մեջ Քրիստոսի հետ, որ այլևս ոչ թե ինքն ապրի, այլ Քրիստոս` յուր մեջ և միություն հաստատե յուր հետ (Գաղ., Բ 20): Ահա այստեղ Ս. Հոգին աջակցում է նորան, քավում, մաքրում է և Քրիստոսի հետ սերտ միության մեջ դնելով` կյանքի նոր սկզբունք վարսում նորա մեջ (Եբր., Ժ 22. Կող., Բ 13): Այդ մեծ փոփոխությամբ սկսվում է նոր կյանք զորացած ընթացքով, որ այլևս ոչ թե աշխարհին ծառայել է, այլ աշխարհի ծառայացումն է և ենթարկումն է աստվածահաճո կենցաղի և մարդկային ճշմարիտ կոչման իրականացման ներքո: Հետևաբար զորացումն է աստվածային այն ներգործությունն և աջակցությունը, որով ազատապես նվիրված դարձողը կարող է հանդիսանում ճշմարիտ կյանքի ճանապարհով ընթանալու դեպի հաղթության պսակը: Այս հոգեւոր կեանք է, «վասն զի ամենայն, որ մերձենայ ճշմարիտ հաւատով ի Ս. Հոգին, ընդ նմին եւ հոգիացաւ», - ասում է Ս. Եղիշեն (343): Այսպիսին մեռնում է մեղքի համար և կենդանանում է արդարության համար (Հաճ., Բ 410):
Հավատացողն, սկսելով յուր նոր կյանքը, ճշմարիտ հարաբերության մեջ է մտնում Աստուծո հետ և ճշմարիտ դիրք բռնում աշխարհում. նորա հավատքը դառնում է այն գիտակցական զգայարանքն, որով նա սերտ միություն է հաստատում Աստուծո հետ, և Աստված այդ հավատքի վրա է հաստատում նորա ապագա երանությունը (Հռ., Ը 1): Եվ այդ հավատքից ճառագայթվելով` բղխում են նորա կյանքի բոլոր հանգամանքները, ինչպես այդ արտահայտվում է նախարարների մի խոսքի մեջ. «Մեր գործ եւ աշխատութիւն չէ վասն երկրաւոր ինչ վայելից, եւ ոչ վասն կնոջ եւ որդւոյ... բայց խորհուրդ է հաւատոյս մերոյ մեծ եւ պատուական» (Փարպ., 450): Հավատացողը նորոգապես է աճում, նոր բնավորություն է դառնում, միշտ անզգա դառնալով դեպի մեղքն ու մտածելով հոգևորը, վասնզի այժմ հավատքով նա ընդունում է Ս. Հոգու շնորհներն և այդ շնորհաց տակ զարգանում նոր կյանքի համար դեպի կատարելություն[5]: Նորա կյանքի նշանաբանն է սրբություն և միևնույն ժամանակ աստվածային գործունեություն աշխարհի վրա: Նորա բնական ձիրքերը Ս. Հոգու շնորհիվ ազնվանում են ու պայծառանում, մտքերը լուսավորվում են, կամքն արիանում, սրտի հարստությունները բացվում են և միաժամանակ հետզհետե վերանում են եսապաշտությունն ու թմբրությունը: Ս. Հոգին շարունակ զարթեցնում է նորա հոգու ուժերն, որոնք և աճում են ու ծավալվում մարդու ազատ աշխատությամբ: Որքան առավել են այդ շնորհներն, այնքան և անհրաժեշտ են մարդու աշխատությունն ու գործունեությունն, որ կարողանա շնորհաց համեմատ վառել և յուր ձիրքերը[6], իսկ այդ գործունեությունն, որ բղխում է յուրաքանչյուր հավատացյալի հավատքից, փայլում է ընդհանրության մեջ, այսինքն` սիրով (Ա Կոր., ԺԳ): Եսականորեն միմիայն յուր համար առանձնական կյանք անցուցանողը ոչ ա՛յլ ինչ է, եթե ոչ եկեղեցու կամ ժողովրդի հիվանդ անդամը[7]. ճշմարիտ հավատացողի նոր կյանքի նշանաբանն է հասնել «ի մի միաբանութիւն հաւատոց եւ գիտութիւն Որդւոյն Աստուծոյ, յայր կատարեալ ի չափ հասակի կատարմանն Քրիստոսի» (Եփ., Դ 13): Այս բոլոր ընթացքը կատարվում է Աստուծո խոսքով և Եկեղեցու ս. խորհուրդների միջոցով, իսկ մարդու կողմից` աղոթքով և անձնվեր աշխատանքով. «Որպէս անդամօք կանգնի հասակ, այսպէս բարի գործովք կանգնի հաւատք, եւ հաւատով ստուգի յոյս, եւ յուսովն` հանդէսք»[8]:
Բայց ոչ բոլոր վերածնյալներն են հավասարապես Ս. Հոգու գործարան ու գործակից դառնում. ամեն մեկը նոր արարած է և նոր մարդ մի նոր կենսունակությամբ, սակայն ամենքի մեջ էլ տարբերություններ կան` ըստ յուրաքանչյուրի բնական ձիրքին և կարողության, ընդունակության ու զարգացման: Ընդհանրապես խոսելով` ոմանք Ս. Հոգու առանձին զինվորներն են դառնում և աստվածային գործի քաջ ախոյաններ ու նահատակներ, իբրև «ընտրության անոթներ», «մշակներ այգուն ճշմարտության»[9]. ոմանք անձնվեր գործիչներ են դառնում և աստվածային կյանքի ընթացք տալիս որոշ համայնքի, շրջանի կամ հասարակության մեջ, իսկ ոմանք անձնապես հավատարմությամբ կենդանի պահպանողներ ու պահողներ են լինում Եկեղեցու աստվածային կարգերի, սրբազան ավանդության և կրոնական կյանքի հառաջադիմության: Սակայն որովհետև մարդ սխալական է, ուստի ճշմարիտ քրիստոնյան յուր կյանքի մեջ շարունակ աշխատում է սրբվել Աստուծո շնորհով, ուղղվել և կատարելագործվել դեպի կատարյալ գործունեություն ու կյանք: Նա շարունակ դիմում է Աստուծո խոսքի զարթուցիչ ազդեցության տակ և նոր ի նորո ստանում է Ս. Հոգու զորացուցիչ ու կազդուրիչ շնորհները (ապաշխարություն ու հաղորդություն), որոնցով պինդ մնում է Քրիստոսի արարած և Ս. Հոգու տաճար: Իսկ եթե վերածնյալը դուրս է գալիս կամ դուրս է մնում և կամ անհոգ է լինում դեպի աստվածային այդ շնորհագործության կարգն և ինքն ինքյան նվիրվում ու յուր վրա դնում յուր խաբուսիկ հույսը, այն ժամանակ նա կա՛մ թմբրության մեջ է ընկնում ու թառամում և կա՛մ մի առանձին մոլության է մատնվում ի կորուստ:
Մոլությունն ստանում է դրական կամ բացասական ընթացք կրոնի վերաբերմամբ, ուստիև կարող ենք կրոնամոլություն անվանել: Կրոնամոլության վտանգը լինում է ամենայն մարդու մեջ, երբ զարթուցման ճգնաժամի մեջ է ընկնում, ըստ որում, նա զարթնելով կարող է ազատապես կա՛մ յուր ուժերի վրա հուսալ և կա՛մ նվիրվել Ս. Հոգու առաջնորդության, այսինքն` կա՛մ լույսն ընտրել և Աստուծով նորա մեջ շրջել և կա՛մ խավարում խարխափել (Եղիշե, 330): Այդպիսին եթե չէ ձգտում վառել յուր ճրագը` շարունակ շնորհաց յուղ ձեռք բերելով, եթե ծուլանում է և շնորհաց ժամանակն անցկացնում և եթե ինքն է վերստին ուզում յուր ուժերով յուր կյանքը բարվոքել առանց Աստուծո, ընկնում է կրոնամոլության մեջ: Հետևաբար կրոնամոլությունն է այն բացասական կամ դրական կատաղությունն, որի մեջ մարդ յուր անձնական համոզմունքներով, հայացքներով ու կարողությամբ է վերաբերվում դեպի կրոնը: Դրական կրոնամոլը կարծում է, թե ինքն է Աստուծո ուղարկվածն և ամբարտավանությամբ սկսում է յուր մտքի զորությամբ Աստուծուն ու նորա կարգերն ու պատվերները փոխարինել իբրև մի նոր «մարգարե». նա սկսում է արհամարհել եղած կարգերն և օրենքներն և անձամբ հեղինակություն դառնալ յուր նեղ մտքի հիման վրա: Այդպիսիները ոչ այլ ինչ են, եթե ոչ կրոնական խորին մտածողությանց և մարդկային հայացքների շփոթության ու ցնորքի անոթներ (զորօրինակ` հնից` հրեաները, նորից` Ամերիկայի աղանդները` ինչպես մոնթանականք և այլք): Դոքա յուրյանց գլուխները կորցնում են և ո՛չ ճանապարհ ու ո՛չ նպատակ են ճանաչում[10], ըստ այնմ, թե «առ ուսումս մոլորութիւն ի խելս մտացն անկանի եւ ցնորեցուցանէ որպէս զկատաղին, եւ անծանօթս առնէ ի ճշմարտութենէն» (Հաճ., Դ 20):
Իսկ բացասական կրոնամոլն է այն զարթնած, բայց շնորհաց տակ չմտած ու չդաստիարակված մարդն, որ յուր կյանքի բոլոր խորհուրդն ու փրկությունը լոկ մարդկային ուժից է սպասում և ըստ ամենայնի աստվածային ճանապարհի արհամարհելն հառաջադիմության դրոշակ ճանաչում[11]: Նա իբրև միանգամ վերածնված` երբեք բացարձակապես չէ ընկնում վերստին ադամային վիճակը, այլ խորտակվում է քրիստոնեական հավատքով ու կյանքով, ընկճվելով աշխարհային ազդեցության տակ կամավորապես, վասնզի իսկապես վերածնված ու Ս. Հոգու բնակարան դարձածը չի կարող վճռաբար մեղքի ճանապարհն ընտրել և այն կամենալ` հակառակ յուր կոչման գիտակցության[12]: «Կառավար բարուցն բարութեանց աստուածսիրութիւնն է եւ եղբայրսիրութիւնն, իսկ չարեացն` անաստուածութիւնն եւ անձնասիրութիւնն է կառավար», - ասում է Ս. Գրիգոր Լուսավորիչը (Հաճ., Ե 394): Շնորհաց տակ մտած ու Ս. Հոգուն նվիրվածը շարունակ ջանք ու ճիգով ձգտում է օրըստօրե հառաջադիմել առաքինական հանդիսի ասպարիզում, միշտ արթնություն պահել և զգուշանալ փորձությունից (Ա Կոր., Թ 27), լավ գիտենալով, որ ճշմարիտ հավատքը հեղհեղուկ կյանքի փորձանքներում է երևում, և կատարելապես հավատացած լինելով, որ եթե ինքը կամենա, երբեք Աստուծո շնորհից անտես չի լինիլ (Հռ., Ը 38): Մինչդեռ թեթևամիտ ու փոփոխամիտ (Մատթ., ԺԳ 5, 7), կամ թե ձեթը պակաս (ԻԵ 3) հավատացողները կամ վերածնյալները, փոքր-ինչ հավատքով, հուսով ու սիրով վառվելով, ձեթ չեն ունենում շարունակ վառ մնալու կամ հող չեն ունենում պտղաբերության համար, ուստիև ընդհատվում են նոր կյանքի զարգացումից ու հնության մեջ թավալում վերստին` չկարողանալով լուսավորության դռնով մտնել իբրև հիմար կույսեր: Այդպիսիք անշուշտ կրկին պատժի մեջ են ընկնում (Եբր., Զ 4): Առավել ևս վատթար ընթացք են բռնում նոքա, որոնք, հույս դնելով լոկ մարդկային ուժերի վրա, արհամարհում են արդեն ճաշակած շնորհների զորությունը, որին անտեղյակ չեն, և սկսում չարակամությամբ մինչև անգամ Ս. Հոգուն հակառակ գործել և սատանայի արբանյակը դառնալ: Դոցա համար է Քրիստոսի զգուշացուցիչ խոսքը. «Եւ որ ոք ասիցէ բան զՈրդւոյ Մարդոյ` թողցի նմա. բայց որ զՀոգւոյն Սրբոյ ասիցէ` մի թողցի նմա, մի յայսմ աշխարհի եւ մի ի հանդերձելումն»[13]: Քրիստոս այս ասում էր կեղծ Փարիսեցոց, որոնք նորա աստվածությունն ուրանում էին, այլև Ս. Հոգու հրաշագործությունը ժխտում. նոցա խղճմտանքն ըստ մարգարեությանց իսկ վկայում էր Ս. Հոգու աստվածային ներգործության մասին, սակայն թանձրացնում էին յուրյանց սիրտն ու բացահայտ խոսքերով արհամարհում էին աստվածային գործը: Այդ ապացույց է, որ այդպիսի մարդը կատարելապես Աստուծո դեմ է և աստվածային կյանքն է ապաշնորհությամբ արհամարհում, ուստիև նորա` իբրև կամովին չհավատացողի մեղքը աններելի է[14]: Աններելի մեղք է նաև այն մարդկանց մեղքը, որոնք, միանգամ Քրիստոսին ընդունած և Ս. Հոգու շնորհը ստացած լինելով, վերստին ուրանում են և սատանայական ճանապարհ բռնում հակառակ Աստուծո, հակառակ Ս. Հոգու և հակառակ Եկեղեցու ու նորա բոլոր կարգերին, որոնց մեջ գործում է Ս. Հոգին յուր ճշմարտությամբ ու շնորհներով: Ուստիև առաքյալը դոցա մասին ասում է. «Զի կամակար մտօք եթէ յանցանիցեմք յետ ընդունելութեան գիտութեան ճշմարտութեանն, այնուհետեւ ոչ եւս պիտոյ է վասն մեղաց պատարագ: Այլ ահեղ ակնկալութիւն դատաստանին, եւ նախանձ հրոյն, որ ուտիցէ զհակառակորդն»[15]: Վասնզի այդպիսիք ոչ միայն անձանց են կորուստ նյութում, այլև այլոց ըստ յուրյանց կարողության ու դիրքին վնասաբեր ու վտանգավոր լինելով (Ընդհ., 100)[16]: Նոքա ոչ թե մի դրական գաղափարով են մերժում Քրիստոսին ու նորա ս. Եկեղեցու շնորհներն, այլ նոքա ժխտում են մինչև անգամ Աստուծո գոյությունը, վասնզի փախչում են աստվածային լույսից, որ կարողանան յուրյանց չարությունները գործել խավարի մեջ և ինքնարդարացմամբ: «Եւ այս իսկ է դատաստան, զի լոյս եկն յաշխարհ եւ սիրեցին մարդիկ զխաւար առաւել, քան զլոյս, զի էին գործք իւրեանց չարութեան: Զի ամենայն, որ զչար գործէ, ատեայ զլոյս, եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանեսցին գործք նորա» (Հովհ., Գ 19): Ըստ որում և Վահան Մամիկոնյանն էր ասում այդպիսիներին. «Որ ոք խոստովանի զճշմարտութիւնն, փրկի ի գեհենէն. եւ որ ոք սայթաքեալ մոլորի յուղղորդ ճանապարհէն, զանգիւտ կորուստն կորչի: Եւ որք խորհիք զմարմնոյ երկիւղ, եւ ծառայել, ցանկայք մոլորութեան բարբանջմանցն, բնակեցէք ի խաւարի` չեղեալք արժանի հայել յարդարութեան արեգակն Քրիստոս» (Փարպ., 386-387)[17]:
[1] Հովհ., Գ 5. Բ Կոր., Ե 17. Հակ., Ա 18. Հաճախ., Բ 396. Մամբրե Վերծ., էջ 66. Եղիշե, Ճառք, էջ 202:
[2] «Ինձ յուսալ ի մարդ եւ կամ պարծել մարդով` քաւ լիցի, բայց միայն ի խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», - ասում է Վահան Մամիկոնյանն իսկ (Փարպ., 464):
[3] Տե՛ս զորօրինակ Ղուկ., Է 37: Ժ 39. Եղիշե, 333:
[4] Հռ., Գ 28. Ե 1. Ը 15. Եբր., Ժ 22. Գաղ., Բ 20:
[5] Բ Կոր., Զ 16. Հռ., Ը 15-10. Զ 4:
[6] Տե՛ս Ա Տիմ., Դ 14-16:
[7] «Որ զեղբայր իւր տեսանէ եւ տրտում կայ, յաղթեալ է ի կեղծաւորութենէ, որ առանձինն նստի եւ զուարթ կայ, գերեալ է ի սատանայէ»: Եզնիկ:
[8] Հաճ., Զ 362. Ընդհ., 33:
[9] Գործք, Թ 15. Ագաթ., 368. «Ճշմարիտ մշակաց գործ այն է` զպիտանի արդիւնսն զշայեկանսն ի շտեմարանսն ժողովեսցին եւ զփուշն զդժնիկն տալ ճարակ հրոյ»:
[10] Յուր ժամանակի մոլորյալ թոնդրակեցիներին ասում է Գրիգոր Մագիստրոսը. «Գիտեմք, եղկելիք, զի ոչ զանէծսն ինչ համարիք եւ ոչ զօրհնութիւնն, զայդ քաջ գիտեմք, որ ոչ ընդունիք եւ ոչ զայլ ոք, վասն զի ի մէնջ ոչ էք»:
[11] Հմմտ. Զգոն, էջ 183. «Ոչ նախանձի խաւար ընդ աղջամուղջ, եւ ոչ թշնամութիւն նախանձի ընդ խռովութիւն, եւ ոչ նախանձ ձաղէ զհակառակութիւն, եւ ոչ դառնութիւն ատէ զլեղի, այլ չարք նախանձին ընդ բարիս, եւ ամբարիշտք ընդ արդարս. եւ բարձունք հպարտանան ի վերայ խոնարհաց, եւ սուտք արհամարհեն զճշմարիտս, եւ անմիտք անգոսնեն զիմաստունս: Եւ առ որում ստուգութիւն ոչ գտանի, ոչ կամի բնաւ եթէ գտցին ուրեք ստուգութիւն: Եւ որ զբարձրութիւն զգեցեալ է, խոնարհն նմա որպէս սպանող թուի: Որոյ ձեռք իւր յանօրէնութիւն պատրաստեալ են, ոչ կամի զմարդ արդար: Եւ որոյ ստութիւն լի է բերան իւր, ստուգութիւն ատելի եւ զազիր է յաչս նորա»:
[12] «Քրիստոս ետ մեզ օրէնս ի հոգիս մեր գրեալ, եւ Հոգւովն Սրբով գրեաց զմեզ յորդեգրութեան փառս»: Գր. Արշարունի, անդ 128: Ա Հովհ., Գ 9. Ե 18:
[13] Մատթ., ԺԲ 32. Մարկ., Գ 29. Ղուկ., ԺԲ 10.: Հմմտ. Ընդհ., 109. «Որ զհաւատն անարգէ, ոչ զմարդ անարգէ, այլ զԱստուած, զի հաւատ ամենայն աստուածապաշտի Աստուած է. եւ որ զմկրտութիւնն եւ զմկրտիչ քահանան անարգէ` առ Հոգին Սուրբ է անարգութիւնն այն, զի նովաւ ծնանին մկրտեալքն աւազանաւն, եւ որ զհոգի Մարդոյ եւ զերես անարգէ, նոյն առ Աստուած վերանայ հայհոյութիւնն, զի հոգին յԱստուծոյ է փչումն, եւ երեսն պատկեր է Աստուծոյ, նոյն եւ բերանն ընդունող է մարմնոյ եւ արեան Քրիստոսի»:
[14] Տե՛ս Ա Տիմ., Ա 13. Եղիշե, 344-345:
[15] Եբր., Ժ 26-30. Ա Հովհ., Ե 16:
[16] Այդպիսիներից էին զգուշանում և մեր Հայրապետները. « Մեք` որպէս ընկալաքն երկրպագութեամբ պատուել զսուրբ Երրորդութիւն` առանց թերահաւատութեան ունիմք եւ կալցուք մինչեւ յաւիտեան, խորշելով յամենայն եղբօրէ, որ յայսմ ստահակ իցէ»: Աբրահամ Կաթուղիկոս, առ Կաղանկ. Պատմ., 222:
[17] «Աստուածպաշտութեան օրինակքն յերկուց կարգաց հրամանի հաստատեալ են, այսոքիկ ի հրամանակար ի կամակարգ բանից աստուածութեան եւ ի գործոց բարութենէ, այլ ոչ կամակար հրամանքն առանց գործոց բարութեան ընդունելի են առաջի Աստուծոյ, եւ ոչ որ առանց գործոց բարութեան հրամանակարքն գործին` ընդունելի են Աստուծոյ: Զի զի՞նչ օգուտ է գիտել զվարդապետութիւն աստուածութեանն ուղղութեամբ, եւ գործել չարաչար: Եւ զի՞նչ օգուտ է դարձեալ զգաստութեամբ շրջիլ բարւոք, եւ հայհոյել ամբարշտութեամբ»: Կոչ., Ընծ., 57:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից