Ճիշդ է, որ առաջին քրիստոնեաները մերժեցին հեթանոսական դիակիզումը, որովհետեւ ունէին իրենց Տիրոջ` Յիսուս Քրիստոսի թաղման նախադէպը: Սա եղել ու մնում է այն կարեւորագոյն փաստը, որ քրիստոնեան մերժի դիակիզումը: Կարեւոր է նաեւ այն, որ Քրիստոս պէտք էր թաղուէլ, որպէսզի կատարուէին Հին Կտակարանի մարգարէութիւնները: Յիսուսի ծննդից մօտ ութ հարիւր տարի առաջ Եսայի մարգարէն ասել էր, թէ Մարդու Որդին պիտի խաչուի «Իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց։ Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժշնդիր լինեմ, որովհետեւ նա անօրէնութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում» (Ես. 53, 8-9): Երկրորդ մարգարէութիւնն արձանագրուած է Դաւիթ մարգարէի կողմից. «Քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, եւ քո սրբին ապականութիւն տեսնել չես տայ» (Սաղմ. 15, 10): Եթէ Աստուած թոյլ չտուեց, որ Յիսուսի մարմինն ապականութիւն տեսնի, ուրեմն Նա, իհարկէ, թոյլ չէր տայ, որ Յիսուսի մարմինը ոչնչացուի կրակով: Յիսուս թաղուեց ոչ միայն այն պատճառով, որ թաղումը հրէական սովորութիւն էր, այլ որովհետեւ թաղումն Աստծու կամքն էր, որ յիշեցնում է Մովսէսի թաղումը, երբ Աստուած Ինքը թաղեց Մովսէսին[1] երկրի ձորում (Բ. Օրին. 34, 5-6): Հաշուի առնելով այն, որ Աստծու կամքն էր Յիսուսի ու Մովսէսի թաղումը, ուրեմն կարելի է եզրակացնել, թէ Իր կամքն է նաեւ բոլոր մարդկանց թաղումը:
Քրիստոսի թաղումը շատ կարեւոր է եւ այլ պատճառով: Աստուածաշնչի Երկրորդ Օրէնքի գրքում կարդում ենք. «Եթէ մէկը մահուան դատապարտուելու արժանի յանցանք կատարի, նա մեռնելու արժանի լինի, ու նրան կախեն ծառից, ապա նրա մարմինը ծառի վրայ գիշերը թող չմնայ. նոյն օրն իսկ կը թաղէք նրան, որովհետեւ Աստծուց անիծուած է նա, ով կախուած է ծառից։ Մի՛ պղծէք այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալիս իբրեւ ժառանգութիւն» (Բ. Օրին. 21, 22-23): Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար, որովհետեւ գրուած է, թէ՝ «Անիծեալ է այն մարդը, որը կախուած է փայտից» (Գաղ. 3, 13)։ Քրիստոս մեզ համար անէծք ընդունեց որպէս յանցագործ, «որովհետեւ Աստծուց անիծուած է նա, ով կախուած է ծառից» (Բ. Օրին. 21, 23): Դեռ աւելին, յանցագործների համար գրուած է նաեւ. «Մի՛ պղծէք այն երկիրը» (Բ. Օրին. 21, 23): Ըստ հրէական օրէնքների՝ նզովուած յանցագործը խաչելութիւնից յետոյ դատապարտուած էր դիակիզման: Հետեւաբար, խաչելութիւնից յետոյ Քրիստոսի մարմինը պէտք էր անյապաղ իջեցնէին խաչի վրայից ու դիակիզէին՝ համաձայն Յեսուի գրքում նշուած հրէաների օրէնքի, ըստ այդմ, թէ ով որ նզովքով բռնուի, պէտք է հրով այրուի. «Այսպէս է ասում Տէր Աստուածն իսրայէլացիներին. «Իսրայէլացինե՛ր, նզովք կայ ձեր մէջ, դուք չէք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչեւ որ նզովքը ձեր միջից չվերացնէք»։ ...Ով որ մեղադրուի նզովուածը գողանալու մէջ, թող հրով այրուի» (Յես. 7, 15. 25): Դիակիզումը՝ որպէս պատիժ, նզովեալների համար էր: Սրա համաձայն կարելի է ասել, թէ Յիսուսի մարմինն էլ պիտի դիակիզէին, որովհետեւ Կայիափան ու բոլոր քահանայապետները, իհարկէ, լաւ գիտէին սուրբգրային այս օրէնքի պահանջը ու նրանք, անկասկած, պատրաստ էին Նրան դիակիզել, քանի որ Նրան համարում էին նզովեալ, ինչպէս որ հրով այրեցին Աքարին (տե՛ս Յես. 7, 25): Սակայն Աստուած միջամտեց Յովսէփ Արիմաթացու միջոցով, որ «համարձակուեց մտնել Պիղատոսի մօտ եւ ուզեց Յիսուսի մարմինը» (Մարկ. 15, 43): Ինչո՞ւ է Մարկոս աւետարանիչն ասում, թէ նա «համարձակուեց մտնել»[2] Պիղատոսի ապարանքը. որովհետեւ լինելով Սանհեդրինի անդամ՝ նա լաւ ծանօթ էր Երկրորդ Օրէնքի ու Յեսուի գրքերի օրէնքի պահանջներին: Սրա համար գիտէր, թէ ի՛նչ պիտի պատահէր Յիսուսի մարմնին` խաչից իջնելուց յետոյ: Յովսէփը «համարձակուեց մտնել» (կամ «յանդգնութեամբ մտաւ») Պիղատոսի ապարանքը ու խնդրեց Յիսուսի մարմինը՝ նախքան քահանայապետների եւ իշխանութիւների կողմից Յիսուսի մարմնի այրուելը: Եւ ակնյայտ էր, որ Պիղատոսը, չհամակրելով հրէական կրօնական իշխանութիւններին, որոնք իրենց օրէնքներով ու խաչելութեան պնդումով ճնշում էին գործադրում իր վրայ, որոշեց Յիսուսի մարմինը տալ Յովսէփ Արիմաթացուն: Գուցէ այսպէս աւելի յարմար էր նկատւում՝ մերժելու նրանց վերջին փափաքը ու շտկելու աննախադէպ տհաճութիւնը:
Շատերը ծանօթ չեն Երկրորդ Օրէնքի ու Յեսուի գրքերի օրէնքի պահանջներին ու կարծում են, թէ խաչելութիւնից յետոյ Յիսուսի մարմինը տնօրինելու միայն մէկ միջոց կար՝ թաղումը: Եթէ Աստուած չմիջամտէր Յովսէփ Արիմաթացու միջոցով, հրեայ կրօնաւոր իշխանապետերը Յիսուսի մարմինը պիտի դիակիզէին: Աստծու այս միջամտումը երեք պատճառ ունի. նախ` որպէսզի Հին Կտակարանի վերոյիշեալ մարգարէութիւնները կատարուեն. երկրորդ` որպէսզի հաստատուի Քրիստոսի խօսքը, թէ` «Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց» (Մատթ. 26, 12). եւ երրորդ` որպէսզի կանխուի Յիսուսի դիակիզումը: Աստծու միջամտութիւնը ոչ միայն կանխեց դիակիզումը խաչելութիւնից յետոյ, այլ երբ Յիսուս աւանդեց Իր հոգին Հօր Աստծուն, Նա խանգարեց զինուորներին կոտրել Իր ոսկորները: Զինուորները պարբերաբար ջարդում էին ոսկորները բոլոր այն զոհերի, որոնք դեռ կենդանի էին: Արդէն Յիսուսի խաչելութիւնից դարեր առաջ սաղմոսերգու Դաւիթը մարգարէացաւ՝ ասելով. «Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մէկը չի փշրուելու» (Սաղմ. 33. 21): Երբ զինուորները եկան Յիսուսին խաչից իջեցնելու, «Նրա սրունքները չկոտրեցին» (Յովհ. 19, 33): Յովհաննէս առաքեալը հաստատում է, թէ այս բաները պատահեցին, որպէսզի «կատարուի գրուածը, թէ նրա ոսկորը պիտի չփշրուի» (Յովհ. 19, 36): Հետեւաբար, ակնյայտ է, թէ Յիսուսի մարմինը, եթէ դիակիզուէր, սաղմոսերգուի մարգարէական խօսքը լրիւ հակասելու էր:
Մեր Տէր Յիսուս Քրիստոսը թաղուեց, եւ այս իրողութիւնը բաւարար է ցանկացած ճշմարիտ քրիստոնեայի համար, քանի որ ճշմարիտ աշակերտները ջանում են հետեւել իրենց Տիրոջ ու Փրկչի սուրբ օրինակին: