26 Դեկտեմբեր, Եշ
Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում (Մարկ. ԺԳ 37)։
Ո՞ր խոսքերն են մեզ համար ավելի թանկ, քան մեր Փրկչի խոսքերը: Եվ եթե ոչ այդ, ապա ո՞ր խոսքերով կարելի է լավագույնս սրբագործել մեր միտքն ու հիշողությունը: Սուրբ Պախոմիոսն իր վանականներից պահանջում էր անգիր իմանալ Սաղմոսարանն ու Ավետարանները կամ էլ բովանդակ Նոր Կտակարանը: Ըստ սահմանված կարգի` ազատ լինելուն պես նրանք ասում էին հիշողությամբ յուրացված նյութը խորհրդածությամբ հանդերձ: Հրաշալի կարգ էր: Պետք է միայն սերտածը գործադրել սեփական անձի նկատմամբ, օրինակ` Տերն ասում, պատվիրում է այս կամ այն բանը. ես ինչպե՞ս կարող եմ դա իրագործել իմ դեպքում: Եթե սերտվածը վերապրեք սրտով ու կյանքով, ապա ձեր մտքով իսկ չի անցնի պարծենալ Ս. Գրքի ձեր իմացությամբ: Հոգին դրա ժամանակը չի ունենա, քանզի, ինչպես հայելու մեջ, միշտ կտեսնի իր ոչինչ լինելը, տկարություններն ու մեղքերը (եպիսկոպոս Ֆեոֆան):
Մտքով խոնարհն ու հոգևոր շավղով ընթացողը Ս. Գիրքն ընթերցելիս ամեն բան կվերագրի իրեն և ոչ թե մերձավորին (ս. Մարկոս Ճգնավոր):
«Հարկ է,- գրում է մի հեղինակ,- ջանալ մտքով տեղափոխվել դեպի այն ժամանակն ու այն տեղը, ուր տեղի են ունեցել Ավետարանում նկարագրված իրադարձությունները, ընդ որում` լինել ոչ թե հասարակ հանդիսատես, այլ դրանց մասնակիցը` կարդացածը սեփական անձին առնչելով այնպես, ասես թե այն հենց իրեն է վերաբերում. «Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում»,- ասաց Տերն Իր աշակերտներին (Մարկ. ԺԳ 37): Հենց այդ ժամանակ և միմիայն այդ ժամանակ, երբ կարդացածն առնչում ենք սեփական անձին, զգում ենք այն հրաշագործ վերակենդանացնող զորությունը, որն ամփոփված է Աստծու խոսքում, ինչպես սերմում»:
Կարդալով Տիրոջ կողմից բժշկված բորոտների, տկարների, կույրերի, կաղերի և դիվահարների մասին` խորհի՛ր, որ մեղքերի բազմապիսի խոցեր ստացած և դևերից գերեվարված հոգիդ նման է այդ հիվանդներին: Ավետարանից սովորիր հավատալ, որ Տերը` նրանց Բժշկողը, կապաքինի նաև քեզ, եթե ջերմեռանդորեն Նրանից ապաքինություն խնդրես:
Ձեռք բեր հոգու այնպիսի տրամադրություն, որ ունակ լինես ապաքինություն ստանալու: Իսկ ապաքինություն կարող են ստանալ նրանք, ովքեր ընդունում են իրենց մեղավորությունը և որոշել են հեռանալ դրանից: Հպարտ արդարին, այսինքն` մեղավորին, որ չի տեսնում իր մեղավորությունը, Փրկիչ պետք չէ, նա Փրկչի կարիք չունի**: Մեղքերը տեսնելը, մարդկային ցեղի անկումը տեսնելն առանձնահատուկ աստվածային շնորհ է: Աղերսի՛ր, որ ստանաս այդ շնորհը, և քեզ համար ավելի հասկանալի կլինի երկնավոր Բժշկի գիրքը` Ավետարանը:
Ձգտելով ապրել բարեպաշտ կյանքով` պետք է հիշել և երբեք չմոռանալ, որ կարդացածը և հասկացածը անհրաժեշտ է վերագրել սեփական անձին, այլ ոչ թե ուրիշներին: Սեփական անձի նկատմամբ լինել խելամտորեն խիստ, իսկ ուրիշների հանդեպ` ներողամիտ: Լինել խելամտորեն խիստ` նշանակում է զուր տեղը չհուզվել: Այս բանի օրինակը մենք կարող ենք տեսնել տարբեր տարիքի երեխաների մեջ, որոնց նկատմամբ ներողամտություն է ցուցաբերվում նրանց հասկացողության համեմատ (Ամբրոսի Օպտինսկի):
* Սուրբ Գրքի ուղղափառ և արդյունավոր ընկալման մյուս կարևորագույն պայմանը ընթերցանության խորապես անձնական բնույթն է: Աստվածաշունչը, իբրև Աստծո խոսք` ուղերձ, հասցեագրված է յուրաքանչյուրիս և նաև հայելի է (տե'ս Հակ. Ա 23, 24), որի մեջ մարդը, շնորհիվ պատվիրանների, օրենքների, պատումների, հերոսների վարքերի, պետք է տեսնի նախ և առաջ իրեն, իր սրտի մեղքերը, արատները, աշխարհասիրությունը, հպարտությունը և մյուս մահացու մեղքերը: Օրինակ` փարիսեցիությունը պատմության գիրկն անցած երևույթ չէ, այլ հոգևոր ծանր հիվանդություն` բնորոշ բոլոր ժամանակներին: Կամ մի՞թե Աստվածաշունչը, որ բնավ չի սքողում իր հերոսների թերություններն ու մեղքերը, չի սովորեցնում Սողոմոնի կռապաշտության, Դավթի մեղսագոր-ծության, Պետրոսի ուրացության մեջ տեսնել մեր անձերը, կամ հակառակը` նրանց առաքինության, անկեղծ ապաշխարության և աստվածասիրության մեջ տեսնել մեր պատիր ու կեղծ աստվածպաշտությունը:
Սուրբ Գիրքը զինում է մարդուն ճշմարտությամբ, երևույթները գնահատելու և արժևորելու ճշմարիտ ունակությամբ, իմաստությամբ և այլ հոգևոր շնորհներով, որոնք կոչված են մարդուն ապաշխարության մղելու, այլ ոչ թե սոսկ ընդլայնելու սեփական ճանաչողության սահմաններն ու այն ի չարս գործադրելու, օրինակ` ուրիշներին դատելու. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում. կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես` թո'ղ, որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո'ր, նախ հանի'ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես` քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. Է 3-5):
** Անապատական հայրերն ասում են. «Ավելի լավ է իր մեղքերը գիտակցող և ապաշխարող մեղավորը, քան իր արդարության մասին մեծ կարծիք ունեցող արդարը»:
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից