«Զորավոր արանց» միության աղոթքի ուղին

Ժամանակակից աշխարհում մեղքի և գայթակղության բազմապատկումը քրիստոնյային առավել է ուղղորդում պահեցողության և աղոթքի:  Եթե միայն նյութականի մասին մտածող անձն ամենայն բծախնդրությամբ հոգ է տանում միայն իր մարմնի մասին՝ անուշադրության մատնելով անմահ հոգին, կարծես այն անգամ գոյություն էլ չունի, ապա քրիստոնյան իր մարմինը խնամելուց զատ ամենայն ջերմեռանդությամբ խնամում, սնում և մաքրում է իր հոգին: 

Տան, մերձավորի, երկրի և շրջապատող աշխարհի մասին հոգսը քրիստոնեական սիրո դրսևորում է և կարևորագույն պարտականություն: Այս բարի ու ազնիվ հոգածությունների մեջ քրիստոնյայի համար առաջնայինը հոգու փրկության մասին հոգսն է, ինչն էլ Քրիստոսի հետևորդին ժամանակ առ ժամանակ ուղղորդում է դեպի աղոթքի ճանապարհը: 

Հուլիսի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի մարզի Գեղաշենի Ս. Սարգիս և Ճգնավորի մատուռներ: Ամեն մի սրբավայրում ուխտավորները համախմբվեցին միասնական աղոթքի շուրջը: Բազմադարյան ուխտավայրերը ջերմացան ուխտավորների ջերմեռանդ աղոթքներից, որ ուղղված էին Հայոց ազգի հավատի մեջ ամրապնդմանն ու զորացմանը: Միասնական աղոթքից հետո Տեր Գրիգորը մաղթեց ուխտավորներին, որ Ամենակալն ապաշխարության վճռականությունը մշտարթուն պահի նրանց սրտերում և անխոտոր ընթանան դեպի Քրիստոսի աստվածային իշխանությամբ հաստատված հավիտենական փրկություն: 

Սիրո ճաշից հետո ուխտավորներն ուղևորվեցին Երևան՝ հոգեպես հարստացած և զորացած:

 

Կարինե Սուգիկյան

 

08.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․