Մարդու ողջ կյանքը՝ սովորությունները, բնավորությունը, պատասխանատվության զգացումը, դժվարություններին դիմակայելու կարողությունը, հայրենավեր և եկեղեցասեր լինելու հանգամանքը, պայմանավորված է մանկության տարիների դաստիարակությամբ։ Հոգու դաստիարակության համար ամենակարևոր ժամանակը վաղ մանկությունն է: Եկեղեցիներին կից հաստատված կիրակնօրյա դպրոցները քրիստոնեական դաստիարակությամբ ձգտում են երեխաներին հոգևոր ճիշտ ուղղվածություն տալ, դեռ մանկուց նրանց մոտ ձևավորել հոգևոր-բարոյական արժեքներ, որպեսզի նրանք կարողանան դիմակայել կյանքի տարբեր փորձություններին և ընթանան փրկաբեր ուղով:
Հունիսի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Սաղմոսավանք (13-րդ դ.)՝ աշխարհի միակ հայկական վանքը, որ Սուրբ Հոգու ներշնչմամբ գրված օրհներգությունների՝ սաղմոսների պատվին է կոչվել: Փոքրիկ ուխտավորները վանքում մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին ու հաղորդակից եղան Տիրոջ Մարմնին և Արյանը: Ս. Պատարագի ավարտին երեխաները սիրո ճաշ ունեցան, ապա վանքի բակում, տարբեր խաղեր խաղալով, ուրախ ժամանակ անցկացրին:
Կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանը նշեց, որ դպրոցի սաներն առաջին անգամ էին ուխտագնացության մասնակցում և աղոթքի ճանապարհ անցնելը կարևոր նպատակ էր հետապնդում. երեխաներին մասնակից ու հաղորդ դարձնել ուխտագնացության իմաստին և Ս. Պատարագի խորհրդին. «Մեզ համար կարևոր է այն հանգամանքը, որ մեր սաները հաճույքով են դասերին մասնակցում, իրենց ուսանած աստվածաշնչյան պատմություններից կյանքի կարևոր դասեր են քաղում: Երեխաների քրիստոնեական դաստիարակությունը օրհնաբեր և պատասխանատու ծառայություն է, քանի որ թե՛ մանկավարժը և թե՛ ծնողները պարտական են Տիրոջ առաջ երեխաների հոգիների համար: Ուրախալի է բոլորիս համար, երբ մեր ջանքերը սպասելի պտուղներ են տալիս»:
«Այսօր՝ Աստծու խոսքի նախանձախնդիր հետևորդի՝ Եղիա մարգարեի հիշատակության օրը, «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի մեր փոքրիկ ուխտավորներն ուխտի ճանապարհ անցան: Մեր կիրակնօրյա դպրոցը մեր մեծ ընտանիքի անդամների նախանձախնդիր հավատի հերթական պտուղն է: Գովելի է տեսնել մեր մանկավարժի՝ Տաթևիկ Պետրոսյանի նախանձախնդիր ու նվիրյալ աշխատանքը, տեսնել, թե ինչպես են մեր ծնողները հոգում իրենց զավակների ոչ միայն մարմնի, այլ հոգու մասին, ինչպես են իրենց զավակների համար բարեպաշտության կենդանի օրինակ հանդիսանում: Աղոթում եմ, որ Տերը Ս. Եղիա մարգարեի բարեխոսությամբ մեր երեխաների հոգում բոցավառի հավատի մեջ ունեցած նախանձախնդրությունը, որպեսզի նրանք հավատի մեջ անսասան մնան և նրանց անկողոպտելի գանձերը դառնան խոնարհությունը, եղբայրասիրությունը, հեզությունը, աշխատասիրությունը, ողորմածությունը, ժուժկալությունն ու ողջախոհությունը»,- ասաց Տեր Գրիգորը:
«Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաներն առաջին ուխտագնացությունից մեծ ոգևորություն և խանդավառություն ապրեցին, առավել մտերմացան միմյանց հետ և հոգևոր ու դրական մեծ լիցքերով վերադարձան Երևան:
Կարինե Սուգիկյան