«Զորավոր մանկունք»-ի «Սբ. Ծննդյան ավետիսների շարք»-ը

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը «Սբ. Ծննդյան ավետիսների շարք»-ը խորագրի ներքո Սբ. Ծննդյան ութօրեքին հանդես եկավ Զորավոր Սբ. Աստվածածին, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ, Նոր Նորքի առաջին զանգվածի Սբ. Աստվածածին, Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցիներում: «Զորավոր մանկունք» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանը նշեց, որ «Սբ. Ծննդյան ավետիսների շարք»-ը դեռ մի քանի եկեղեցիներում ևս կհնչի:

«Երեխաները պրոֆեսիոնալ երգելուն զուգահեռ խորամուխ են լինում հոգևոր երգի բովանդակությանը և իմաստին: Նրանք ավելի շատ աղոթում են, քան երաժշտություն արտաբերում: Տարբեր եկեղեցիներում երեխաները նույն երգերը տարբեր կերպ են կատարում՝ իրենց վրա կրելով տվյալ եկեղեցու սրբի օրհնությունը: Մինչ տվյալ եկեղեցում հանդես գալը երեխաները ծանոթանում են սրբի վարքագրությանը, որպեսզի երեխան տվյալ սրբի աչքերով վերապրի հավատքը»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մինչ «Զորավոր մանկունք» երգչախմբի խոկման արարողությանը հանդես գալը, հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանն օրհնեց երգչախմբին՝ մաղթելով, որ Սբ. Ծննդյան ավետիսների լույսով լիացած մշտապես վայելեն Աստծո ներկայության ուրախությունը: Ապա երեխաների հետ զրույց ունեցավ և պատասխանեց նրանց հարցերին:

Երգչախմբի «Սբ. Ծննդյան ավետիսների շարքը» բաղկացած է շարականներից՝ «Խնկի ծառի նման ես», «Մեծացուսցէ», «Այսօր տօն է Սբ. Ծննդյան», «Այսօր ձայնն հայրական» և Սբ. Պատարագի հատվածներից՝ «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» և «Տեր ողորմեա»:

«Զորավոր մանկունք»-ից 11-ամյա Լիլիթ Ավետիսյանը մեծ ուրախությամբ է մասնակցում «Սբ. Ծննդյան ավետիսների շարք»-ին: Հոգևոր երգը նրան ուժեղացնում է և հանգստացնում:

Իր ընկերներն ու դասընկերները, հավանելով իր երգեցողությունը, սկսել են հաճախել երգչախումբ:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նշեց, որ Սբ. Ծննդյան տոնին կրկնակի ուրախություն ես վերապրում՝ մանուկների շուրթերից լսելով Սբ. Ծննդյան ավետիսը: «Սբ. Ծննդյան լույս ավետիսն ողջ աշխարհին մխիթարող և ուրախացնող այն ավետիսն է, որ Երկնավոր Հայրը շնորհեց իր զավակներին: «Զորավոր մանկունք» երգչախումբը, այս լուսավոր խորհուրդն ապրելով, իր ունկնդիրներին ազդարարում է մեր Փրկչի՝ աշխարհի Լույսի, անսահման Սիրո, Սբ. Ծննդյան լույս ավետիսը: Թող ամենքիս սրտերը լցվեն Աստվածային լույսով ու բոցավառվեն այս տոնի խնդությամբ»,-ասաց Տեր Հայրը:

Սբ. Ծննդյան հոգևոր ուրախության ավետիսն իրենց քաղցրահնչուն երգեցողությամբ երեխաները փոխանցում էին ունկնդիրներին, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Սբ. Ծննդյամբ փրկության ուղու սկիզբը դրվեց բոլորիս համար:

 

Կարինե Սուգիկյան

14.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․