Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Ավետման տոնի մաղթանքը

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Ավետման տոնի մաղթանքը | Zoravor Surb Astvatsatsin Ekeghecu Hogevor Hoviv Ter Grigor Qhn. Grigoryani Avetman Toni Maghtanqy

Սիրելի մայրեր և քույրեր,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի ավետման սքանչելի տոնը, որը սկիզբն է համարվում քրիստոնեական մյուս տոների:

«Ողջույն քեզ, ով շնորհընկալ»,- այս խոսքերով ողջունեց Գաբրիել հրեշտակապետն ու աստվածային ավետումը բերեց Աստծո ընտրյալ, մաքրամաքուր, սուրբ Անոթին, գեղեցկագույն Ծաղկին, կանանց մեջ Ամենաերանելիին, Սուրբ Կույս Աստվածամայր Մարիամին: Այս առիթով էլ այսօր Հայաստան Աշխարհում նշվում է Մայրության և գեղեցկության օրը, որի առիթով էլ ջերմագին շնորհավորանքներս եմ բերում բոլոր մայրերին և քույրերին:

Սուրբ Աստվածամոր ավետումը սկիզբը հանդիսացավ աստվածային ամենակարողության այն հրաշքի, որին ականատես եղավ ողջ աշխարհը. Անարատ Կույսը մայրացավ և պահպանեց Իր կուսությունը, Աստված մարդացավ և պահպանեց Իր աստվածությունը: Սուրբ Կույսը մեծագույն խոնարհությամբ ընդունեց Աստծո կամքը, որ հայտնվեց հրեշտակապետի միջոցով և երկրային Իր կյանքի ողջ ընթացքով իմաստության, խոնարհության ու սիրասուն մոր օրինակը դարձավ աշխարհի բոլոր կանանց ու մայրերի համար:

Սիրելի մայրեր, մաղթում եմ ձեզ, որ Անաղարտ Աստվածամոր լուսապայծառ կերպարը ձեր սրտերում պահելով` այնպիսի զավակներ դաստիարակեք, որ աստվածային սերն ու ճշմարտության լույսը շողա նրանց հոգիներում ու միայն բարի պտուղներ բերի: Դաստիարակեք Հայոց Աշխարհին նվիրված ու արժանի զավակներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատարիմ հետևորդներ, քանզի պիտի լավ գիտենաք, որ այն ինչ սովորեցնում եք նրանց այսօր` վաղն, առաջին հերթին, հենց ձեզ են վերադարձնելու:

Մաքրամաքուր Ծաղիկ Մարիամի ավետմամբ Աստված իր մեծագույն սիրո լուրը տվեց մարդկանց: Ի դեմս Սուրբ Կույսի` Աստված գտավ վերջապես այն Անարատ Անոթը, որի միջոցով համայն մարդկության Փրկիչը ծնվեց:

Ես էլ մաղթում եմ, որպեսզի բոլոր նորաստեղծ ընտանիքներում և այն ընտանիքներում, ուր շատ փափագում ու իրենց անդադար աղոթքն են հղում առ Բարեգութ Երկնային Հայր` հնչի նորածնի լույս աշխարհ գալու այդքան սպասված ավետիսը: Թող Տիրամոր բարեխոսությունը հնչի բոլոր ապագա մայրերի համար և նրանք էլ արժանանան այդ սքանչելի բերկրանքին և մայր կոչվելու մեծագույն պատվին: Թող հայ մանուկներն, իրենց հեզ ու իմաստուն մայրերի տված խրատների շնորհիվ, Աստծո հավատքի մեջ մեծանան ու իրենց ընտանիքների և հասարակության զարդը դառնան:

Աղոթքս եմ բերում մեր բոլորի Ամենախնամ Մայր, Սուրբ Մարիամ Աստվածածնին, որ բարեխոս լինի Իր Միածին Որդու առջև բոլոր հայ օրիորդների, տիկնանց ու մայրերի համար` Աստծո օրհնությունն ու բարեշնորհությունը ստանալու և արժանի լինելու փառաբանելու Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն, Գրիգորյան

07.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․