Ինչպե՞ս պետք է հասկանալ Աստված «տեսավ», «լսեց» և «իջավ» խոսքերի իմաստը:

Աստծո տեսնելը՝ իրավունք տալ, լսելը՝ մարդկանց աղաչանքը ընդունել, իսկ իջնելը՝ իսկույն դատաստան տեսնել, կամ արդարությունը գործի դնել է նշանակում: Քանի որ Աստված ոչ թե մարդկանց նման տեսնելու, լսելու կամ տեղափոխվելու կարիքն ունի, այլ Աստծուն ամեն ինչ հայտնի է և Նա ամենուր է, ուստի այսպիսի խոսքերը պարզապես Աստծո արդարությունը, գթությունը, և օգնությունն է հայտնում մեզ:

Արդարև, Աստված արդարությունը գործի դնելով՝ չի զլանում Իր գթությունն ու ողորմությունը մարդկանց տալ, սակայն գաղտնի և իմաստուն պատճառներով շատ անգամ համբերում է: Ինչպես որ Եգիպտոսում իսրայելացիների այդքան երկար ժամանակ չարչարանքների ժամանակ՝ Աստծո համբերությունը մեծ և իմաստուն պատճառի կամ պատճառների արդյունք էր: Քանի որ նախապես Աբրահամին արված հայտնության համեմատ, թե նրա սերունդը չորս հարյուր տարի Եգիպտոսում օտարության մեջ պիտի մնա և աճի (ինչպես արդեն հիշեցինք), այս պատճառով համբերում է, որ լրանա վճռված ժամանակը, մանավանդ փարավոնի մեղքերի չափը լրանալով՝ պատժվի: Նույնպես քանանացիների և այլ կռապաշտների մեղքի չափը լրանալով (Ծննդ 15:16), Իսրայելի Եգիպտոսից դուրս եկած ժամանակ, նրանց երկիրը գրավելու իրավունք ունենան:

Դարձյալ, նախապես ասվել էր, որ Աբրահամի որդիները երկրի ավազի և երկնքի աստղերի չափ բազմանալու են, ուստի ըստ այդմ՝ ինչպես որ նրանք ավազի նման եգիպտացիներից ոտնակոխ եղան, նույնպես պետք է Եգիպտոսից դուրս գալու ժամանակ իսրայելացիների փառքը երկնքի աստղերի և արեգակի նման հայտնի դառնար աշխարհին: Քանզի նրանց ազատվելու ընթացքում կատարված հրաշքները տեսնողներն ու լսողները՝ հիացումի և սարսուռի մատնված, Աստծո ահեղ զորությունն էին խոստովանում: Ահա այս պատճառով Ս. Գիրքը իսրայելացիների ազատվելու ժամանակահատվածը հայտնում է «տեսնել», «լսել», «իջնել» բառերը մարդուն հատուկ կամ սովոր բացատրությամբ:

Նմանապես, Աստծո ողորմությունը հայտնի դառնալու համար Քանանի երկրում կաթի և մեղրի առատությունը նախապես հայտնվում է Մովսեսին, որպեսզի Իսրայելի անմխիթար և հարստահարված ժողովրդի սիրտը մի փոքր մխիթարվի: Քանի որ այդ չարչարանքներից փրկելուց բացի, խոստանում է տանելիք երկրում կաթով և մեղրով սնել նրանց (Ելք 3:8): Իսկ հոգևոր մեկնությամբ կաթը և մեղրը Հին և Նոր օրենքի խորհուրդն են (Եսայի 2:3):

Օրինա՛կ վերցրու, այս աշխարհը փորձության և դաս քաղելու վայր լինելով, մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում փորձությունից զերծ չի լինում: Արդ, երբ փորձություն պատահի, Աստծո ողորմությունից հույսդ մի՛ կտրիր, այլ՝ համբերությամբ և աղոթքով գոհացիր Աստծուց, և վիճակիցդ մի՛ գանգատվիր, քանի որ փորձություն ուղարկող Աստված քեզ դրանից ազատելու ժամանակն էլ գիտի: Այո՛, որոշակի ժամանակ նեղություններ կկրես, սակայն հետո ուրախ կլինես: Արդարև, այս անցավոր աշխարհում աղետներն ու փորձությունները օգտակար են մարդու համար:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․