Ինչպե՞ս Ավետյաց երկիրը բաժանվեց իսրայելացիների մեջ:

 Քանի որ տասներկու ցեղերից երկուս ու կես ցեղեր՝ Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղը, Հորդանանի մյուս կողմում էին բնակություն հաստատել, ինչպես որ նախապես հիշատակեցինք, մնացած ինը և կես ցեղերի միջև Հեսուն հարմար ձևով բաժանեց նվաճված և գրավված երկրները, ինչպես որ Աստված պատվիրել էր Մովսեսին (Թվեր 34):

Դարձյալ Աստծո պատվիրանի համաձայն՝ յուրաքանչյուր ցեղի հողատարածքի մեջ ղևտացիներին  քահանայագործելու համար տարածք է հատկացվում: Եվ քանի որ հիշյալ երկուս և կես ցեղերից զինվորության համար պիտանի մասը ժողովրդի հետ Հորդանանը անցնելով՝ միաբանված պատերազմում էր, ուստի թշնամիներին հաղթելուց հետո յուրաքանչյուր ցեղ տիրանում է իր տարածքին և այնտեղ տեղավորվում: Հեսուն հետ դառնալու և իրենց տեղերը վերադառնալու օրհնության հրաման է տալիս՝ պատվիրելով, որ Աստծո պատվիրանները հնազանդությամբ պահպանելու զգուշություն ունենան:

Սակայն տապանակն ու վկայության խորանը Հորդանանի այս կողմում՝ ինը և կես ցեղերի մեջտեղում էին, ուստի  նրանք մտածում են, թե միգուցե որոշ ժամանակ հետո երկու ցեղերի մեջ գժտություն և անհամաձայնություն ծագեն, և նրանք մտածեն, թե իրենք իսրայելացիներից  չեն և հետզհետե իրենց այդ ժողովրդի ընդհանրությունից դուրս համարեն: Այս պատճառով Հորդանանի այն կողմում՝ Գալիոթ կոչված վայրում, մի մեծ սեղան են կառուցում, սակայն ոչ թե նրա վրա զոհ մատուցելու, այլ ցույց տալու համար, որ իրենք նույնպես իսրայելացիների մասն են կազմում:

Եվ քանի որ խորանից բացի այլ տեղ Աստծուն զոհ չմատուցելու հատուկ պատվեր ունեին, ուստի ժողովուրդը լսելով, որ նրանք հատուկ սեղան են կառուցել, կարծում են, թե օրենքին հակառակ զոհ մատուցելու նպատակով են կառուցել: Այս պատճառով նրանց դեմ պատերազմի դուրս գալու համար հավաքվում են Սելովում, սակայն նախ իրողությունը ստուգելու համար մարդիկ են ուղարկում, որոնք գնալով քննում, տեղեկանում են, որ սեղանը զոհ մատուցելու համար չէ, որ կառուցել են, և երբ ժողովրդին նույնպես տեղեկացնում են այս մասին, բոլորը ուրախանալով՝ աղոթում են այն կառուցողների համար, քանի որ այն կառուցել են ի նշան և ի վկայություն իսրայելացի լինելու:  

Ապա Հեսուն ժողովրդի ազդեցիկ ծերերին և օրենսգետներին հիշյալ Սելովում խորանի առջև հավաքելով՝ իսրայելացիներին մեկ առ մեկ հիշեցնում է մինչ այդ  Աստծո արած բարերարություններն ու գործած հրաշքները և պատվիրում, որ Աստծուն ընդհանրապես իրենց մտքից ու սրտից չհանեն, միշտ հնազանդ մնան իրենց բարերար և ողորմած Արարչին:

Հեսուն նաև պատվիրում է, որ մեծապես զգուշանան կռապաշտների հետ մտերմիկ հարաբերություններ հաստատելուց, նրանց աղջիկ տալուց և առնելուց, նրանց կուռքերը պաշտելուց, քանի որ եթե պաշտեն, անտարակույս պիտի պատժվեն: Ժողովուրդն էլ Աստծուն և Նրա օրենքներին հնազանդվելու խոստում է տալիս: Նրանց խոսքերն ու խոստումները օրենքների գրքի մեջ արձանագրելուց  բացի, որպես վկա այնտեղ քարե մի մեծ կոթող են կանգնեցնում, որպեսզի ամեն անգամ այն տեսնելով՝ իրենց խոստումը մտաբերեն և միշտ հնազանդության մեջ լինեն:

Արդարև Հեսուն և նրան ժամանակակից դեռևս կենդանի ծերերը, ինչպես նաև բոլոր իսրայելացիները ամեն ինչով հնազանդ մնացին: Սակայն Հեսուն հարյուր տասը տարեկան հասակում վախճանվեց՝ թաղվելով Թամնասարա կոչված վայրում: Նրա փոխարեն մեկ ուրիշ առաջնորդ չընտրվեց, և յուրաքանչյուր ցեղ իր ազդեցիկ և խոսքի տեր մարդկանց ձեռքով էր կառավարվում, և բոլորին վերաբերվող մի որևէ խնդիր ծագելիս՝ քահանայապետի և մեծամեծների վճիռներով էր տնօրինվում:

Ինչպես որ  երկրորդ դարի քառասունմեկերորդ հարցի մեջ հիշատակեցինք, քանի որ իսրայելացիները Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Հովսեփի ոսկորներն ամբողջությամբ բերել էին, յուրաքանչյուր ցեղ իրեն հատկացված վայրում հաստատվելուց հետո հիշյալ ոսկորները թաղում է Սիկիմում, որոնք Հակոբը մահացած ժամանակ հատկապես Հովսեփին էր տվել, ինչպես որ հիշատակեցինք երրորդ դարի երեսունիններորդ հարցում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․