25 Նոյեմբեր, Բշ
Մի գյուղացի նախքան աշխատանքի գնալը սովորություն ուներ եկեղեցի մտնել և Աստծուն գոհություն հայտնել, որ այդ օրն էլ կարողացավ Աստծո տաճարը գալ: Սատանան, այս ամենը տեսնելով, բարձրանում է երկինք, հրեշտակների հետ վիճաբանում այս մարդու վերաբերյալ, թե ինչու եք մտածում, որ այս քրիստոնյան արժանի է երկնքի արքայությանը և շարունակելով ասում.
- Այս մարդը, որն իրեն բարեպաշտ քրիստոնյա է համարում, եթե այսօր ինձանից շուտ եկեղեցի մտնի, ապա ինքը դժոխք կվերադառնա, իսկ եթե գայթակղվի ու ուշանա կամ չգնա եկեղեցի, ապա այդ մարդուն դժոխք կտանի:
Այնուհետև մարդկային կերպարանք է առնում` իբրև մի հնձվոր ու եկեղեցի տանող ճանապարհին ընկերանում գյուղացու հետ և հարցնում.
- Չե՞ս վախենում, թե մի օր սատանան կարող է քեզ թշվառության մատնել, որ ամեն առավոտ այլևս եկեղեցի չգնաս:
Քրիստոնյան ծաղրում է.
- Սատանան նման է մի աղվեսի, երբ որսորդները գալիս են, աղվեսն իր բույնն է փախչում ու ինքն իրեն ասում, թե այսօր լավ եղանակ չէ որսի դուրս գալու համար:
Խավարի հրեշտակի աչքերը չարախնդորեն փայլում են և ասում է.- Այսօր, իրոք, լավ եղանակ չէ, սակայն դժվար, թե դու ես որսի դուրս եկել աղվես բռնելու համար...
Ապա հանկարծակի ճանապարհից շեղվում, կանգնում մի մեծ փոսի մոտ ու գոչում.
- Ոսկի եմ գտել, ոսկի....
Գյուղացին հետաքրքրությամբ արագ մոտենում է այդ փոսին ու հարցնում, թե ուր է ոսկին:
Հնձվորը նրան հրում ու գցում է փոսի մեջ: Այնուհետև գոհունակությամբ նայում դեպի երկինք ու շարունակում ճանապարհը եկեղեցի:
Որոշ ժամանակ անց շրջվում, նայում է ետ, տեսնում է քրիստոնյան փոսից դուրս է եկել ու գալիս է իր հետևից: Ճանապարհին գնդակ է տեսնում, վերցնում, պատռում, այն ամբողջությամբ քարով լցնում ու մոտենում գյուղացուն:
Մարդն ասում է.
- Ես հասկացա, որ չարք ես...
Սատանան պատասխանում է.
- Եթե այս գնդակով այնպես հարվածես, որ ինքս չկարողանամ այն բռնել, կհեռանամ քեզանից ու քեզ հանգիստ կթողնեմ:
Քրիստոնյան ասում է.
- Չէի կարծում, թե այդքան հեշտ բան կարող էիր առաջարկել: Ես իմ հավատքով այնպես կհարվածեմ գնդակին, որ չես կարողանա տեսնել, թե այն ուր է թռչում:
Սակայն ուժգին հարվածելով ոտքը վնասում է և ընկնում է գետնին, իսկ գնդակն անշարժ մնում է: Հնձվորը գոհունակությամբ նայում է երկնքին, իսկ հրեշտակները հանդարտ հայացքով հետևում են այս ամենին: Հնձվորն արագացնում է իր քայլերը եկեղեցու կողմը: Որոշակի հեռանալով կասկածանքով ետ է նայում ու կատաղում, որովհետև տեսնում է, որ գյուղացին մի փայտ է գտել որպես հենակ և կաղալով արագ հետևում է իրեն: Քամի է բարձրանում, փոթորիկ: Գյուղացուն կլանում ու նետում է մի կողմ: Քիչ անց երեք այլ գյուղացիներ խոտ բարձած սայլով մոտենում են: Սատանան կրկին նայում է երկնքին ու տեսնում, որ հրեշտակները հանդարտ հետևում են այս ամենին, ապա դժգոհությամբ ասում.
- Հրեշտակների հանգստությունն ինձ դուր չի գալիս: Ինչ-որ բան են մտածել, որպեսզի այդ մարդուն ինձանից շուտ եկեղեցի հասցնեն...
Գյուղացիները չարքին տեսնելով՝ սայլը թողնում են ու փախչում: Սատանան նստում է սայլապանի փոխարեն ու մտրակելով ձիուն, մեծ արագությամբ սլանում եկեղեցի: Իջնում սայլից, հպարտությամբ պտտվում եկեղեցու շուրջը և մոտենում դռանը ու ներս նայում ու զարմանքից սարսափում. գյուղացին ծնկաչոք աղոթում ու Աստծուն գոհություն է հայտնում, որ այս անգամ էլ Աստված իրեն սովորեցրեց ծնկի գալ և խոհեմությամբ ու խոնարհությամբ աղոթել ու այդ սայլով իրեն ժամանակին եկեղեցի հասցնել:
Ասում են` չկա չարիք, որից չբխի բարիք: Հոգևոր համառությամբ և խոհեմություն սովորելով մարդիկ կարող են հաղթահարել բազում փորձություններ: Իսկ սատանան ունի մի շատ խոցելի կողմ, որ նա հպարտ է և որի պատճառով միշտ պարտություն է կրում...
Հովհաննես Մանուկյան