12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Սուրբ վարդապետներն այսպես են մեզ ուսուցանում. անդաստանի միջոցով գոհություն տալով աստվածային պարգևներին՝ օրհնում ենք չորս կողմը՝ մտաբերելով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փրկչական տնօրինությունը, որի շնորհներով ամբողջ աշխարհում տարածվեց Սուրբ Ավետարանի քարոզչության ձայնն առաքյալների միջոցով, և մինչև աշխարհի ծագերը քարոզվում է նրանց վարդապետությունը, որ սկզբից Սուրբ Հոգով գուշակել էր Դավիթը:
Արդ՝ նախ արևելյան կողմն օրհնելով՝ հետևյալն ենք հասկանում. ինչպես առավոտյան արեգակի ճառագայթներն են ծագում արևելյան կողմից՝ մեր վրայից փարատելով գիշերային խավարը, և մենք այդ լույսով սկսում ենք նկատել արարածների գեղեցկությունը, նույնպես Հոր փառքի ճառագայթ Միածին Որդին Հայր Աստծո ծագեցրած իմանալի արեգակն է, որ փարատեց մեզանից անաստվածության խավարը և գեղեցկացրեց աշխարհն աստվածագիտության լույսով: Ինքը ևս վկայեց. «Ես եկա, որ կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհ. 10:10):
Արևմտյան կողմն օրհնելով՝ այս ենք իմանում. ինչպես արևմուտքը ցերեկվա վերջն է և գիշերվա սկիզբը, նույնպես և դատաստանի օրն այս աշխարհի վերջին օրն է և սկիզբը՝ հավիտենական գիշերվա: Ինչպես Քրիստոսի՝ Կույսից ծնվելը, և դատաստանի օրը պիտի լինի գիշեր, ուստի արևմտյան կողմով ցույց ենք տալիս, թե Նա՛ է կենդանիների և մեռյալների Տերը: Իսկ քրիստոնյաների թագավորություններն ենք հիշատակում, որպեսզի նրանք իրենց ստվեր լինելն իմանան և միայն Աստծո Որդուն երկնքի և երկրի Թագավոր ճանաչեն՝ փառք և պատիվ մատուցելով Նրան. ըստ այնմ՝ «Երկրի՛ թագավորություններ, օրհնեցե՛ք Աստծուն» (Սաղմ. 67:33):
Հարավային կողմով, որ ջերմ է, մտաբերում ենք մարդացյալ Աստծո՝ մեր մարդկային բնության հանդեպ ունեցած անճառելի սերը, Ում ջերմությամբ ու սիրով բորբոքված՝ սկսեցինք առաքինության պտուղներ տալ: Եվ այս խորհրդով, երբ օրհնում ենք հարավային կողմը՝ հիշատակում ենք երկիր, անդաստան և տարվա պտղաբերություն:
Օրհնելով հյուսիսային կողմը, որ աշխարհի չորս կողմերից բարձրագույնն է՝ նկատի ունենք այն, որ Աստծո անքննելի սիրով բոլոր ազգերից ու ազգություններից վերև բարձրացանք՝ Սուրբ Ավազանից մեր հոգևոր ծննդյամբ շնորհալի որդիներ դառնալով: