Ինչպիսի՞ն էր Սողոմոնի վիճակը Դավթի մահվանից հետո:

Աստծու ողորմությամբ օրըստօրե ավելի ևս զորանալով` ամբողջովին փառավորվում է: Սակայն Ադոնիան, ցանկանալով կնության առնել սովնամցի Աբիսակին (նա Դավթին ծառայելու համար հատկացված կույսն էր և Դավթի մահվանից հետո որբևայրի էր մնացել), դիմում է Սողոմոնի մորը՝ Բերսաբեին` ասելով. «Քեզ հայտնի է, որ թագավորությունն իմն էր, և ամբողջ Իսրայելը ինձ էր թագավոր տեսնում, սակայն Աստված թագավորությունը եղբորս տվեց, այժմ աղաչում եմ, որ եղբորս հետ խոսես, գոնե Աբիսակին ինձ կնության տա»: Բերսաբեն, ընդառաջելով նրա խնդրանքին, գնում է թագավորի մոտ. Սողոմոնը, որպես հարգանքի նշան ոտքի կանգնելով, ընդառաջ է ելնում նրան և նստեցնում իր գահի աջ կողմում:

Բերսաբեն ասում է. «Փոքր խնդրանք ունեմ քեզ և հույս ունեմ, որ կկատարես», Սողոմոնը պատասխանում է. «Խոսի´ր, մա´յր իմ», և երբ տեղեկանում է խնդրանքին, մորը հարցնում է. «Ինչո՞ւ ես Աբիսակին խնդրում, թագավորությո´ւնս խնդրիր, որովհետև Ադոնիան իմ մեծ եղբայրն է, Աբիաթար քահանան և Հովաբ զորապետն արդեն նրա բարեկամներն են», և երդվում է, որ Ադոնիան այդ խնդրանքով իրեն հակառակ է խոսել և գործել, ուստի մարդ ուղարկելով` իսկույն սպանել է տալիս նրան:

Մտապահի´ր Աստծու դատաստանը. որովհետև (տե՛ս Լ հարցը) Նաթան մարգարեն արդեն իսկ վճռել էր, որ Դավթի տնից սուրը չպիտի պակասի, և ահա նրա երեք որդիները՝ նախ` Ամոնը, ապա` Աբիսողոմը, և այժմ` Ադոնիան, սպանվում են, և սա նրա համար, որպեսզի արդարություն իրագործվելով` ամեն մարդ երկյուղ ունենա:

Այս պարագայում մի´ կարծիր, որ Սողոմոնը, իր մոր խնդրանքը չկատարելուց բացի, անիրավությամբ և անգթությամբ սպանում է իր եղբորը: Ադոնիան չար դիտավորությամբ էր մտադրվել` Աբիսակին կնության վերցնելու, որպեսզի այդ արարքով գրգռի ժողովրդին, և Սողոմոնին թագավորական գահից գցի, սակայն Սողոմոնը, Աստծու հրամանով թագավոր լինելով, եղբորը սպանելու իրավունք ուներ, քանի որ նրա կյանքը աստվածային հրամաններին հակառակ էր:

Թեև Աբիաթար քահանան  Ադոնիային օգնելու և պաշտպանելու համար արժանի էր մահվան, սակայն տապանակին ծառայելով, ժամանակին Դավթի տառապանքներին և վշտերին մասնակից լինելով, չի ցանկանում սպանել նրան, այլ քահանայությունից զրկելով` աքսորում է իր ագարակ՝ Անաթովթ, և նրա փոխարեն Սադովկ քահանային է կարգում  իսրայելացիների քահանայապետ: Հովաբը Ադոնայի մահվան գույժը լսելուն պես փախչելով խորան է մտնում և սեղանի անկյունին ապավինում, որպեսզի մահվան պատժից  ազատվի:

Սողոմոնը, դա լսելով, Բանիա հազարապետին ուղարկում է, որ սպանի Հովաբին.  հիշյալ հազարապետը գնալով հրամայում է, որ նա դուրս գա, սակայն նա չի հնազանդվում և հանձն է առնում նույն սրբավայրում մեռնել, քան հնազանդվել: Երբ Սողոմոնը սա լսում է, հրամայում է նույն այդ սեղանի մոտ սպանել նրան` նրա իսկ  խոսքի համաձայն, և նրա փոխարեն զորքերի հրամանատար է կարգում հիշյալ Բանիային:

Խրա´տ ընդունիր. ինչպես  Հովաբն է առանց իրավունքի սրով սպանում Աբեններին և Ամեսայիին, ինքն էլ է սրից մահանում, որպեսզի արդարություն լինի: Թեպետ Հովաբը քաջ զորավար էր և պատերազմական արվեստին անչափ հմուտ, սակայն չար վարքի տեր լինելով, անգամ խորանին ապավինելով` չի կարողանում մահվանից ազատվել, քանի որ չար մարդը, ուր էլ  լինի և երբ էլ  լինի, պատժվում է:

Դարձյալ վերոհիշյալ Սեմեեի մինչ այդ անպատիժ մնալով` Սողոմոնը նրան կանչում և պատվիրում է, որ Երուսաղեմում տուն կառուցի և այնտեղ բնակվի, և Աստծու անունով  երդվելով` ավելացնում է. «Երուսաղեմից դուրս գաս, կմեռնես»: Սեմեեն նույնպես պատասխանում է. «Ինչպես որ հրամայեցիր, թող այդպես լինի», և բնակվում  է Երուսաղեմ քաղաքում: Սակայն երեք տարի հետո, երբ նրա երկու ծառաները փախչում են, և նա տեղեկանում է, որ Գեթ քաղաքում են, գնում գտնում է նրանց և փախստականներին հետ բերում:

Արդ, Սողոմոնը, լսելով, որ Սեմեեն Երուսաղեմից դուրս է եկել, նրան կանչելով` հարցնում է. «Աստծու անունով երդվեցիր Երուսաղեմից դուրս չգալ, ուրեմն ինչո՞ւ ուխտադրուժ եղար: Հորս հանդեպ կատարածդ չարություններիդ համար Աստված քեզ հատուցեց». սա ասելով` իսկույն հրամայում է նրան սպանել: Թեպետ Դավթի պատվիրանի համաձայն` Սողոմոնը պարտավոր էր սպանել Հովաբին և Սեմեեին, սակայն, այսուհանդերձ, համբերում է և խոհեմությամբ պատեհ ժամանակի սպանում է չարագործներին:

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․