Ո՞վ է հաջորդում Աբիասին:

Նրա Ասա որդին: Սա հոր չար կյանքին չի հետևում, և ամեն կերպ հպատակվում էր աստվածային օրենքներին: Քանի որ Ռոբովամի և Աբիասի ժամանակ ժողովուրդը, բարձր լեռների վրա սեղաններ, անտառներ և տներ կառուցելով, օրենքին հակառակ, կուռքերին զոհեր և խունկ է նվիրաբերում, Ասան, այս ամենը կործանելով, վերացնում է: Մանավանդ կուռքեր երկրպագելու համար իր մորը տիկնությունից զրկում է և նրա պաշտած կուռքերն էլ փշրելով` Երուսաղեմի մերձակայքում գտնվող Կեդրոնի ձորում այրում, որպեսզի հեղեղը, դրա փոշիներն  քշել տանելով, հետքն էլ անգամ չմնա:

Թեև Ասան վերացնում է իր իշխանության ներքո  վայրերում գտնվող բոլոր կուռքերը, սակայն մի քանի բարձրաբերձ վայրերում կառուցված սեղանները, որոնց վրա ժողովուրդը Աստծուն զոհաբերություններ էր անում,  չի շտապում վերացնելու: Սակայն տաճարից բացի` այլ վայրում զոհ չմատուցելու հատուկ հրաման կար, ուրեմն ժողովրդի այդ վարքը օրենքին հակառակ էր: Ինչքան էլ Ասան այդ վայրերը չի կործանում, բայց նրա սիրտն ամեն ինչով Աստծու առջև ուղիղ լինելով` Աստծու ողորմությամբ տասը տարի թշնամիների հարձակումներից ազատ է լինում, և այս ժամանակ, երբ բոլորովին հանգիստ էր, շատ քաղաքներ և բերդեր է ամրացնում, որպեսզի թշնամին չկարողանա հարձակվել և վնասել  երկրին: Ասան Հուդայի երկրում` երեք հարյուր հազար, իսկ Բենիամինի հողում  երկու հարյուր վաթսուն հազար զորք է պահում:

Խրա´տ ընդունիր.   Ասան չար կյանքից զգուշանում է և Աստծու կամքին հպատակվում, և նրա ժողովուրդն էլ ամեն կերպ օրենքին հնազանդ և հանգիստ է լինում, քանի որ ժողովուրդը ընդհանրապես սիրում է հարմարվել իր իշխանավորի վարքին: Ուրեմն, եթե իշխանավորները ցանկանում են ժողովրդին մոլորությունից և վնասներից հեռու պահել, նախ իրենք պետք է հեռու մնան չարությունից և առաքինություն գործեն:

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․