Ուրիշ ի՞նչ հրաշքներ է կատարում Եղիսեն:

Սամարիայում մի այրի կինոջ պարտքերի պատճառով պարտատերը դրամի փոխարեն նրա երկու որդիներին էր ցանկանում հափշտակել, քանի որ հիշյալ այրին պարտքը տալու համար դրամ չուներ: Սակայն նա իր տանը մի քիչ յուղ ուներ, որով, ըստ իրենց սովորության, օծվում էր: Խղճալի կինը ոչ մեկից օգնության հույս չուներ, չքավորությունից ստիպված` գնում և իր վիճակը հայտնում է Եղիսեին, որը, տեղեկանալով, որ նրա տանը մի քիչ յուղ կա, կնոջն ասում է. «Գնա՛ և հարևաններիցդ յուղի ամաննե´ր խնդրիր, ապա դու և որդիներդ մտե´ք տուն, դո՛ւռը փակեք և այդ յուղից ամանների մեջ լցրե´ք»:

Արդարև, այրի կինը, ըստ մարգարեի խոսքի, հարևաններից յուղի շատ տարաններ է հավաքում: Որդիներն այս տարաները մեկ առ մեկ նրան են տալիս, և այրի կինը տան յուղից սկսում է լցնել տարաների մեջ, և Աստծու կամքով այդ յուղը չի պակասում, ապա նորից աման է ուզում, որ յուղը լցնի, և երբ որդիները պատասխանում են, որ այլևս ազատ աման չկա, յուղն իսկույն սպառվում է: Արդ, ըստ Եղիսեի կարգադրության` այդ այրի կինը, յուղը վաճառելով, իր պարտքերը մարելուց բացի, զավակների հետ էլ ապրում է` գոհանալով Աստծու բարերարությունից, որ այսպիսի հրաշքով և Նրա ճշմարիտ մարդասեր մարգարեի միջոցով բարեհաճում է  իրեն և զավակներին փրկել թշնամուց:

Եղիսե մարգարեն ժողովրդին մխիթարելու համար ժամանակ առ ժամանակ շրջում է Իսրայել երկրում և հաճախ է անցնում  Սովմա քաղաքով: Սովորաբար մի առաքինի կին, ի հարգանս մարգարեի սրբության և նրան կերակրելու համար, հաճախ հյուրընկալում էր նրան իր տանը: Մինչև անգամ հիշյալ կինը, իր ամուսնու հետ խորհրդակցելով, տան վերնահարկում հատկապես Եղիսեի համար անհրաժեշտ կահկարասիով մի փոքրիկ սենյակ է պատրաստում, որպեսզի մարգարեն հյուրընկալվելիս հանգիստ լինի (Դ Թագ. 4:9, 10):

Երբ Եղիսեն գալով կնոջ նոր կառուցած սենյակում հանգստանում է, կնոջը որևէ բարիք անելու համար նրան հարցնում է, թե արդյոք թագավորի կամ սպարապետի մոտ որևէ խնդրանք կամ գործ չունի, որ ինքը կատարել տա, և տեղեկանալով, որ ոչնչի կարիք չունի, և ամեն առումով բարեկեցիկ վիճակում է, իր ծառային՝ Գեեզիին, հարցնում է, թե ինչ կարելի է անել նրա այդ բարության համար: Գեեզին մարգարեին հայտնում է, որ այդ կինն անզավակ է, և ամուսինն էլ երիտասարդ է. այս տեղեկությունը լսելուն պես Եղիսեն կանչում է կնոջը և ավետիս տալիս` ասելով. «Եկող տարի այս օրերին մի զավակ կունենաս»:

Արդարև, ըստ Եղիսեի խոսքի` հաջորդ տարի հիշյալ տիկինը մի արու զավակ է ունենում, որը մեծանալով մի օր հունձի ժամանակ հոր մոտ՝ դաշտ է գնում, և արեգակի սաստիկ ճառագայթումից գլուխը սկսում է ցավել. հայրը նրան մոր մոտ է ուղարկում, որի ծնկներին օրվա մնացած կեսը քնելուց հետո մահանում է:

Դու հիշյալ կնոջ հավատքի մեծությա´նը նայիր. որովհետև առանց որևէ մեկին մանկան մահը հայտնելու, նրան իսկույն Եղիսեի սենյակն է տանում և մարգարեի մահճակալին պառկեցնելուց հետո դուռը կողպում է և ամուսնուն կանչելով` մարգարեի մոտ գնալու համար մի մարդ և ավանակ խնդրում: Թեև ամուսինը ցանկանում է պատճառն իմանալ, սակայն կինն առանց հայտնելու գնում է: Եղիսեն այդ ընթացքում Կարմեղոս լեռան վրա էր և  հեռվից նշմարելով կնոջը` ծառային ասում է. «Եկողը սովմնացին է, գնա,՛ ողջունի´ր նրան»:

Գեեզին, կնոջը դիմավորելով և նրա ու տնեցիների որպիսությունն իմանալով, փափագում է գալու նպատակն իմանալ, սակայն կինն առանց ծառային հայտնելու ուղղակի  մարգարեի ոտքերն է ընկնում: Ծառան ցանկանում է արգելել նրան, սակայն Եղիսեն կանխում է` ասելով. «Թո՛ղ, նա վիշտ ունի, և Աստված ինձ չհայտնեց դրա մասին»: Ապա կինն արտասվելով և հառաչանքներով աղաղակում է. «Մի՞թե ես քեզնից մանուկ խնդրեցի»: Այս սրտահույզ աղաղակից մարգարեն հասկանում է, որ մանուկը մահացել է:

Այն ժամանակ մարգարեն, Աստծուց ներշնչված, պատվիրում է Գեեզիին գոտին կապել և իր գավազանը տանել ու մանկան վրա դնել, և ճանապարհին էլ ոչ մեկին չողջունել և ողջույն չառնել: Այս պատվերն է տալիս, որպեսզի ճանապարհին որևէ մեկի հետ խոսքի բռնվելով` ժամանակ չկորցնի: Թեև Գեեզին մարգարեի գավազանով է գնում, սակայն սովմնացին երդվում է, որ Եղիսեից չի հեռանալու, ուստի մարգարեն էլ է Գեեզիի հետևից գնում: Գեեզին գնալով գավազանը մանուկի վրա է դնում, սակայն ոչ մի հրաշք կամ նշան չի կատարվում: Այն ժամանակ Եղիսեն էլ, սենյակ մտնելով, դուռը կողպում է: Նա աղոթում է Աստծուն և խոնարհվում մանկան վրա, այնպես որ աչքը աչքին, ձեռքը ձեռքին դնելով` ջերմացնում է մանկան դիակը, ապա սենյակում այս ու այն կողմ քայլելով` աղոթում է Աստծուն և իր մարմնով նորից փակում է մանկան դիակը. այս գործողությունները յոթ անգամ կրկնելուց հետո Աստծու կամքով ահա մանուկը կենդանանում է, որին անմիջապես հանձնում է մորը:

Եղիսեի` այսպիսի գործողություններով մանկանը հարություն տալը հոգևոր առումով Աստծու Բանի մարմնանալու և մարդկային ազգը մեղքից փրկելու օրինակ է. այսպես են ըմբռնել շատ բարեպաշտ մարդիկ:

Սրանից բացի` Եղիսեին ասվել էր, որ Իսրայել երկրում սով պիտի լինի, ուստի հիշյալ կնոջը խորհուրդ է տալիս այլ երկիր գնալ (Դ Թագ. 8): Արդարև, հիշյալ կինը, նրա կանխասացությանը հավատալով, իր ողջ ունեցվածքով և մարդկանցով ամբողջ յոթ տարի բնակվում է կռապաշտների երկրում, և երբ սովն անցնելուց հետո Սամարիա է վերադառնում, տեսնում է, որ իր տունն ու արտն այլ մարդիկ են գրավել, որի համար բողոքում է թագավորին: Գեեզին նախապես թագավորին պատմել էր, թե ինչպես է Եղիսեն կենդանացրել այդ կնոջ որդուն, ուստի թագավորը հատուկ պաշտոնյա է ուղարկում, որ նրա տունն ու արտերը հետ վերցնելուց բացի` յոթ տարվա արդյունքն էլ վերցնելով` կնոջը հանձնեն:

Օրինա´կ վերցրու. հիշյալ սովմնացին Աստծու մարգարեին հյուրասիրությամբ մեծարելով, նրան իր տանը ընդունելու և կերակրելու փոխարեն մեծագույն բարիք է վայելում, նախ` զավակ է ունենում, ապա` երբ զավակը  մահանում է, մարգարեի աղոթքով կենդանանում է, և մանավանդ այդ նույն մարգարեի խորհրդով սովի ժամանակ օտար երկիր գնալով` հանգիստ ապրելու  է արժանանում:

Այնուհետև Եղիսեն Գաղգաղա է գալիս, որտեղ նույնպես սով էր, և երբ մարգարեների որդիներ  կոչվող ուսանողները հավաքվում են նրա շուրջը, ծառային հրամայում է, որ նրանց համար կերակուր պատրաստի: Սակայն այգիներում ուտելի կանաչեղեն չգտնելով` գնում է դաշտ և չիմանալով այնտեղից թունավոր խոտաբույսեր և պատուղներ է հավաքում և պատրաստում: Հյուրերն անմիջապե սկսում են ուտել, և այն այնքան դառն է լինում, որ նրանք աղաղակում են. «Մահ կա սրա մեջ» (Դ Թագ. 4:40): Սակայն երբ Եղիսեի հրամանով մի փոքր ալյուր են լցնում այն թասի մեջ, որում եփվել էր կերակուրը, կերակուրն իսկույն Աստծու շնորհով անվնաս է դառնում:

Դարձյալ. մի մարդ իր արտի առաջին արդյունքից Եղիսեին մի քանի գարեհաց և մի պարկ թզի չիր է ընծայում: Այդ պահին ծերերից հարյուր հոգի են գտնվում նրանց մոտ, և Եղիան ծառային հրամայում է, որ այդ հացերն ու թուզը ժողովրդին բաժանի, որպեսզի ուտեն, իսկ ծառան առարկում է` ասելով, թե ինչպես այդքանը հարյուր մարդու կբավականացնի, որին ի պատասխան` Եղիսեն ասում է. «Տո՛ւր, թող ուտեն, քանի որ Աստված այսպես է ասում` պիտի բոլորը ուտեն, և պիտի ավելանա»: Արդարև, Եղիսեի խոսքին համապատասխան ամբողջ ժողովուրդն ուտում է այդ հացից, և նաև ավելանում է:

Ասորիների Նեեման անունով զորավարը վարակվել էր բորոտությամբ. սա շատ քաջ, խոհեմ և թագավորին շատ հարգելի  անձնավորություն էր, և մանավանդ Աստված ասորիների տկարացած տերությունը նրա ձեռքով զորացրած լինելով` թագավորը շատ էր ցանկանում իր զորավարին առողջ տեսնել: Ասորիները, իսրայելացիներից մի փոքրիկ աղջնակ գերեվարելով, նույն այդ զորավարի կնոջն են վաճառում:

Արդ, այդ աղջիկը, Եղիսեի գործած հրաշքների պատմությունները լսած լինելով, իր տիկնոջն ասում է. «Եթե պարոն զորավարը գնա Սամարիա` Աստծու մարգարեի մոտ, անպատճառ կբժշկվի»: Նեեմանն այս խոսքը լսելուն պես հայտնում է թագավորին և նրա հրամանով, մեծ պատրաստություններով և ընծաներով գալիս է Սամարիա՝ Իսրայելի թագավոր Հովրամի մոտ: Երբ Հովրամը տեղեկանում է նրա գալու դրդապատճառներին, թշնամություն կարծելով` պատասխանում է. «Մի՞թե ես Աստված եմ, որ կյանք և մահ տալու իշխանություն ունենամ», և որպես տխրության նշան` պատռում է զգեստը, քանի որ  ասորիների թագավորն իշխանաբար նամակով գրել էր. «Ահա Նեեմանին քո մոտ եմ ուղարկում, երբ  գա, բուժես նրան»:

Եղիսե մարգարեն լսում է Հովրամի վարքի մասին և լուր է ուղարկում` ասելով. «Ինչո՞ւ ես հագուստդ պատռում, Նեեմանը թող ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»: Երբ Նեեմանն իր ամբողջ շքախմբով մարգարեի տան մոտ է հասնում, Եղիսեն առանց տնից դուրս գալու մարդ է ուղարկում` զորապետին հայտնելու, որ բժշկվելու համար գնա և յոթ անգամ լվացվի Հորդանան գետում: Նեեմանը, սույն պատվերը լսելով, սրտնեղում է և ցանկանում է հետ դառնալ, քանի որ հույս ուներ, որ Աստծու մարգարեն դուրս գալով, Աստծու անունով ձեռք դնելով, կբժշկեր իրեն:

Այս է պատճառը, որ պատասխանում է. «Դամասկոսի ջրերը իսրայելացիների բոլոր ջրերից լավագույնն են, կգնամ և այն պատվական ջրերում լվացվելով կբժշկվեմ»: Սակայն նրա ծառաները առարկում են. «Եթե մարգարեն նույնիսկ մի դժվար բան առաջարկած լիներ, դարձյալ պիտի կատարեիր, քանի որ այժմ միայն առաջարկում է լվացվել և առողջանալ, ուրեմն պետք է նրա այս դյուրին առաջարկը կատարել»: Նեեմանը, իր բարեկամ ծառաների հորդորանքներին հետևելով, գնում և յոթ անգամ լվացվում է Հորդանանում, որից հետո ամբողջովին բժշկվում է` առանց հիվանդության հետքն անգամ մարմնին մնալու, ուստի իր անկեղծ շնորհակալությունը մարգարեին ասելու համար վերադառնում է և խոստովանում, որ իսրայելացիների Աստծուց բացի` ամբողջ աշխարհում այլ Աստված չկա:

Եվ քանի որ հիշյալ զորականը բազում ինչքեր էր բերել և տասը կտոր հագուստ` որպես ընծա մարգարեին, այս ամենը ցանկանում է Եղիսեին նվիրել, սակայն նա ոչինչ չի ընդունում: Այստեղ հարկ է նկատել, որ Նեեմանը, ճշմարիտ Աստծուն ճանաչելով, այլևս չի ցանկանում կուռքեր երկրպագել, ուստի խնդրում է մարգարեին, որ նրա հաճությամբ Իսրայելից երկու ջորաբեռ հող վերցնի և Դամասկոս տանելով` սեղան կանգնեցնի և  վրան զոհեր մատուցի Աստծուն:

Դրանից բացի` քանի որ հանդիսավոր արարողությունների ժամանակ թագավորը հենվում էր իր ձեռքին, և Դամասկոսում ինքը պարտավոր էր ասորիների թագավորին երկրպագելու ժամանակ կուռքերին գլուխ տալ, ուստի աղաչում է, որ Աստված ների նրա այդ ակամա հանցանքը: Մարգարեն, նրա սրտի և հավատի մեծությանը նայելով, պատասխանում է. «Գնա՛ խաղաղությամբ», և նոր միայն Նեեմանն անպատմելի ուրախությամբ վերադառնում է  իր երկիր` Դամասկոս:

Սակայն Եղիսեի Գեեզի ծառան, որն ագահ մարդ էր, տեսնելով, որ Եղիսեն Նեեմանից ոչինչ չի վերցնում, որոշում է ինքը վերցնել, ուստի մարգարեից գաղտնի գնում, և որպես  թե իրեն Եղիսեն է ուղարկել, ասում է. «Մարգարեների որդիներից երկու հոգի եկան, որոնց համար մարգարեն մի քսակ դրամ և երկու կտոր հագուստ է խնդրում տալ»: Զորավարը, այս խոսքերը լսելով, ուրախությամբ իջնում է կառքից և երեք քսակ դրամ ու երկու ձեռք զգեստ հանձնելով իր ծառաներին` անմիջապես Գեեզիի հետ ուղարկում է:

Սակայն Գեեզին իր նենգությունը ծածկելու համար ճանապարհին դանդաղում է, մինչև որ մութը ընկնի, և երբ մթնում է, դրամն ու զգեստները իր տուն է տանում և Նեեմանի ծառաներին հետ ուղարկելով` ներկայանում է մարգարեին: Մարգարեն հարցնում է, թե որտեղից է գալիս, որին ամենայն հանդգնությամբ պատասխանում է. «Ծառադ ոչ մի տեղ չէր գնացել»:

Դու ագահ Գեեզիի թշվառ դրությա´նը նայիր. նա, ով միշտ ծառայում էր Եղիսեին և նրա գործած հրաշքներն իր աչքով էր տեսել, իր խարդախությունը ի հայտ չգալու համար խաբելով ստում է նրան: Բայց թե ինչ նպատակով էր նա Նեեմանից գումար և հագուստներ վերցրել, արդեն ի վերուստ Եղիսեին հայտնի էր, ուստի նա պատասխանում է. «Քանի որ ասորիների զորավարից ունեցվածք և հանդերձներ վերցրիր, որպեսզի այգի, եզ, ոչխար և աղախին գնես, դրա պատճառով Նեեմանի բորոտությունը հավիտյան քեզ և զավակներիդ վրա գա»: Մարգարեի սույն խոսքից հետո Գեեզին իսկույն բորոտած դուրս է գալիս:

Թող Գեեզիի այս դառնաղետ և ծանր պատժից օրինակ վերցնեն նրանք, ովքեր ագահ և ստախոս են: Գեեզին, ընչասիրությունից դրդված, ստում է և այնպիսի արարք է գործում, որը կարող էր անպատվություն բերել Եղիսե մարգարեին, և այդ արաքը ոչ միայն իր անձի, այլև իր ամբողջ ընտանիքի բորոտության  պատճառ է դառնում:

Եղիսեի` Երիքով գալու ժամանակ այնտեղի մարգարեների որդիները նրա ուշադրությունն իրենց բնակարանների անհարմարությանը են հրավիրում և ցանկություն հայտնում գնալու Հորդանանի կողմերը և այնտեղ փայտ կտրելով` իրենց համար ընդարձակ բնակարաններ կառուցելու. Եղիսեն հավանություն է տալիս նրանց մտադրությանը, և ինքն էլ հետները գնում է: Արդ, նրանցից մեկը կացնով գործ անելիս կացնի գլուխը, պոչից դուրս գալով, գետն է ընկնում: Այդ աշակերտն էլ, խիստ աղքատ լինելով, այդ կացինը ուրիշից փոխ էր վերցրել, ուստի ցավագին աղաղակները լսելուն պես Եղիսեն, մի փայտ ճեղքելով, ուղիղ կացնի ընկած տեղն է գցում, և ահա հրաշքով կացինը փայտի հետ ջրի երես է բարձրանում, և հիշյալ ուսանողը ուրախ և զվարթ նորից կացինը հետ է ստանում:

Ասորիների վերոհիշյալ թագավորը թշնամի էր իսրայելացիների թագավոր Հովրամին և շարունակաբար Իսրայել երկրին վնասներ հասցնելուց բացի` երբեմն-երբեմն զորք էր ուղարկում, որ  դարան մտնեն և Հովրամի` Սամարիայից դուրս գալու ժամանակ նրան գերեն: Սակայն Աստծու ազդեցությամբ Եղիսե մարգարեն, իմանալով նրա բոլոր կարգադրությունները և լրտեսների թաքստոցների տեղերը, հայտնում է թագավոր Հովրամին, որն էլ եղելությունը ճշտելով` խուսափում էր գերվելուց: Ադերի որդին բարկացած հանդիմանում է իր հպատակներին` ասելով. «Իմ գաղտնիքը ո՞վ է հայտնում Իսրայելի թագավորին, որն էլ այդպես փրկվում է իմ ձեռքից»:

Քանի որ նա բազմիցս էր մարդկանց ուղարկել` դարանակալելու, և իր կարգադրություններն ապարդյուն էին եղել, ուստի կարծում է, որ իր գաղտնիքին տեղյակ մարդկանցից մեկն է մատնում  իրեն: Սակայն թիկնապահներից մեկը հայտնում է. «Ոչ ոք չի կարող Իսրայելի թագավորին հայտնել Ձեր խորհուրդները` բացի Եղիսե մարգարեից, որը ննջարանում Ձեր խոսածն անգամ լսում և հայտնում է Ձեր թշնամուն»: Ասորիների թագավորը, սա լսելով և տեղեկանալով, որ Եղիսեն Դովթայիմ քաղաքում  է, նրան ձերբակալելու համար զորք է ուղարկում:

Արդարև, զորքը, գիշերը գալով, շրջապատում է քաղաքը, որպեսզի Եղիսեն չփախչի: Եվ երբ առավոտյան մարգարեի ծառան տեսնում է զորքը և հասկանում նրանց գալու նպատակը, երկյուղով հարցնում է, թե ինչ պիտի անեն, մարգարեն պատասխանում է. «Մի՛ վախեցիր, մեզ հետ եղողներն ավելի շատ են», քանի որ Տիրոջ կողմից հրեշտակներ էին ուղարկվել, որպեսզի թշնամուց պաշտպանեն Եղիսեին, սակայն ծառան չէր կարող տեսնել նրանց, ուստի մարգարեն աղոթում է Աստծուն և խնդրում, որ նրա աչքերը բացվեն. Աստված ընդունում է մարգարեի խնդրանքը, և ծառան նույնպես, հրեշտակներին տեսնելով, քաջալերվում է:

Երբ զորքը քաղաք պիտի մտներ, Եղիսեն, որպեսզի նրանց հայտնի դառնա Աստծու զորությունը, աղոթում է, որ Աստված շլացնի նրանց աչքերը, և սրանք անկարող լինեն ըմբռնելու իրենց տեսածը (Դ Թագ. Զ 18): Ահա Աստծու կամքով նրանք բոլորը աննախադեպ շլություն են ունենում, այնպես որ բաց աչքով արդեն իսկ իրենց հայտնի տեղերն ու մարդկանց անկարող են լինում ճանաչելու և հասկանալու, թե ովքեր են, և ուր են:

Ապա Եղիսեն քաղաքից դուրս գալու ժամանակ նրան հարցնում են, թե որտեղ է Եղիսեն: Այս հարցին ի պատասխան` ասում է. «Ձեր փնտրած տեղը սա չէ, իմ հետևի´ց եկեք, որ ձեզ տանեմ ձեր փնտրած մարդու մոտ», և նրանց առաջնորդելով` տանում է Սամարիա և նորից աղաչում Աստծուն, որ նրանց աչքերը բացի: Երբ Աստծու կամքով փարատվում է նրանց աչքերի շլությունը,  նկատում են, որ Սամարիա մայրաքաղաքում են, և դրանից վախն ու շփոթությունը տիրում է նրանց սրտերին, այդպես  շվարած մնում են:

Իսրայելի թագավորը, եղելությանը տեղեկանալով, թեև ցանկանում է կոտորել նրանց, սակայն Եղիսեն թույլ չի տալիս` ասելով. «Պատերազմում գերեվարած գերիների´դ կոտորիր, իսկ սրանց կերակո´ւր տուր, որ ուտեն և վերադառնան իրենց տները»: Ուստի Հովրամը, ըստ մարգարեի խոսքի, կերակրում է թշնամուն և չվնասելով թողնում է, որ  իրենց երկիր գնան:


 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․