3 Դեկտեմբեր, Գշ
Տասնմեկ տարի: Սա նույնպես Աստծու կամքին հակառակ վարք ունենալու պատճառով Երուսաղեմի մյուս բնակիչների, մեծամեծների և քահանաների վիճակն օրըստօրե վատթարանում էր: Սրանից բացի` թագադրվելուց հետո երդումով խոստանում է հնազանդ լինել Նաբուգոդոնոսորին, սակայն երդմանն անհնազանդ` հույսը դնում է Եգիպտոսի թագավորի վրա և նրա հետ միավորվելով` ցանկանում է ապստամբել և խոստացած տուրքը չվճարել Բաբելոնի թագավորին, որից ընդունել էր թագավորությունը:
Հիրավի, սրանց մեղքի չափը լրացած լինելով` պիտի պատժվեին և նրանց պատճառով Երուսաղեմ քաղաքն ու տաճարն էլ պիտի ավերվեին, սակայն Աստված, ողորմած լինելով, Երեմիա մարգարեի միջոցով Իր հրամաններն է հաղորդում նրանց, որպեսզի ուղղելով իրենց վարքը` վերահաս պատուհասից հեռու և ազատ լինեն: Քանի որ հենց նույն ժամանակ Երեմիան, Երուսաղեմում լինելով, քարոզում էր. «Հնազանդվեցե´ք Բաբելոնի թագավորին, որպեսզի չպատժվեք»:
Սակայն ինչպես անցյալում իրենց հայրերը մարգարեների խրատներին հետևելու փոխարեն ոմանց ծաղրում էին, ոմանց էլ` սպանում, այս անգամ էլ նախատում են Երեմիա մարգարեին և անխղճորեն վարվում նրա հետ, որի պատմությունը մանրամասն կարող ես կարդալ մարգարեի գրքում: Միևնույն ժամանակ Եզեկիել մարգարեն, որը բնակվում էր Բաբելոնին սահամանակից Քոբար գետի մոտ, Աստծու հրամանով և զանազան օրինակներով որոշակիորեն հայտնում է, որ ժողովրդի մեղքի պատճառով Երուսաղեմն ու տաճարը պիտի կործանվեն, ինչպես որոշակիորեն կարդում ենք նրա գրած գրքում:
Զարմանալին այն է, որ Բաբելոնում բնակվող իսրայելացիները, Եզեկիել մարգարեի խոսքերին ու գործերին հավատալով, շտապում են հայտնելու Երուսաղեմի ժողովրդին, որ նրանք զգուշավոր լինեն կամ զգաստանան և փոխեն իրենց վարքն ու ուղղությունը, սակայն նրանք սարսափելի համառությամբ երբեք չեն ցանկանում հետ դառնալ չար ճանապարհից: Նրանք, չցանկանալով խրատվել անցյալի օրինակներից, մտքի մի տարօրինակ կուրությամբ իրենց անձերն ու միաժամանակ ամբողջ ազգն անխուսափելի չարիքի են մատնում: Այժմ դառնանք մեր պատմությանը և տեսնենք նրանց վարքի հետևանքը:
Արդ, երբ Նաբուգոդոնոսորը լսում է, որ Սեդեկիան, միավորվելով Եգիպտոսի թագավորի հետ, այլևս չի ցանկանում հնազանդվել իրեն, ահագին զորքով շարժվում է Երուսաղեմ և պաշարում է այն: Ու քանի որ Եգիպտոսի թագավորը զորքով Սեդեկիային օգնության է շտապում, Նաբուգոդոնոսորը, թողնելով պաշարումը, նրա դեմ է գնում, որպեսզի նախ` նրան պատժի, ապա` Սեդեկիային:
Թեև Սեդեկիան ուրախանում է պաշարումից ազատվելու համար, սակայն սույն ուրախությունը կարճ է տևում` փոխվելով մեծ տրտմության: Քանի որ Նաբուգոդոնոսորը, հաղթելով Եգիպտոսի թագավորին և նրան փախուստի մատնելով, վերստին պաշարում է Երուսաղեմը: Այդ ժամանակ քաղաքում սննդի պաշար էլ չի լինում, և մանավանդ Նաբուգոդոնոսորի զորքը քանդում է պարսպի մի հատվածը: Սեդեկիան, բոլորովին հուսահատված, ստիպված է լինում փախչելու, սակայն նրան հետապնդելով` բռնում են:
Նույն ժամանակ Նաբուգոդոնոսորը Թեփղաթում էր, և երբ նրա առջև են բերում կալանավոր Սեդեկիա թագավորին։ Ատյան է հրավիրում, որտեղ օրինավոր քննությամբ հաստատվում է նրա հանցանքը, որից հետո Սեդեկիայի աչքի առջև նրա որդիներին և ժողովրդի մեծամեծներին սպանելով` հրամայում է կուրացնել նրան և այդպես կույր, շղթայակապ Բաբելոն է տանում և բանտարկում, որտեղ էլ որոշ ժամանակ հետո թշվառորեն մահանում է:
Այստեղ հարկ է նկատի առնել Երուսաղեմի ողորմելի վիճակը. Սեդեկիայի փախչելուն պես նրա զորքերն էլ են ցրվում, և Նաբուգոդոնոսորի զորքը, Երուսաղեմ մտնելով, բնակիչներին կոտորելուց բացի, չկողոպտված անկյուն անգամ չի թողնում: Մանավանդ Նաբուգոդոնոսորը, իր Նաբուզարդան զորապետին նորից ուղարկելով, տաճարում և արքունական պալատում գտվող ամբողջ ոսկին, արծաթը և կահկարասին Բաբելոն է փոխադրում, և մնացած իրերը, որոնք փոխադրելը դժվար էր, կոտրում և այրում են: Դրանից բացի, Երուսաղեմի պարիսպը քանդելով, բոլոր մեծամեծների ապարանքներն ու տները անխնա և առանց բացառության հիմնահատակ քանդել և ավերել է տալիս:
Նաբուգոդոնոսորը հրեաներին էլ գերեվարում և բնակեցնում է Բաբելոնում, Պարսկաստանում և Քրդստանում, սակայն որպեսզի Իսրայել երկիրն էլ ամբողջովին անմշակ չմնա, այնտեղ է թողնում աղքատ մարդկանց, որպեսզի հողագործությամբ զբաղվեն: Թեև Երուսաղեմն ու տաճարը ավերակ դառնալով` ժողովուրդն էլ գերեվարվում է, սակայն Նաբուգոդոնոսորը Գոթողիա անունով մեկին Հուդայի երկրի վերակացու է կարգում, որպեսզի կառավարի այնտեղ մնացած աղքատ ժողովրդին:
Այս պաշտոնյան, քանի որ Երուսաղեմն ավերված էր, իր բնակության համար հարմար շինություն չգտնելով, Մասեփա քաղաքում է հաստատվում: Սկսելով ժողովրդին մխիթարել բարվոք կառավարությամբ` շատերը, որոնք պաշարման ժամանակ և դրանից առաջ երկյուղից խույս էին տվել շրջակա հեթանոս ազգերի քաղաքներ, նորից վերադառնում են և հնազանդվում Գոթողիային, որն էլ բոլորին արտոնում է առանց երկյուղի գնալ և բնակվել իրենց նախկին վայրերում` պայմանով, որ պիտի հպատակվեն Նաբուգոդոնոսորի հրամաններին և իշխանությանը: Արդարև, շատ մարդիկ, Մասեփա գալով, իրենց ցեղակից թագավորների ժամանակներից է´լ ավելի հանգիստ և ապահով են սկսում ապրել` առանց որևէ մեկից վախ ունենալու: Արդ, Սեդեկիա թագավորի զորավարներից Իսմայել անունով մեկը, որը, պատերազմի ժամանակ ապստամբելով, բազմաքանակ զորքի հետ ամոնացիների թագավորի մոտ էր փախել, նորից իր զորքով վերադառնալով, Մասեփա է գալիս: Նրա հետ` նաև այլ զորավարներ` իրենց զորքով, որոնց Գոթողիան պատվով և սիրով ընդունում է և միաժամանակ երդումով վստահեցնում, որ հանգիստ և ապահով կարող են աներկյուղ ապրել:
Սակայն վերոհիշյալ Իսմայելը, իր ազգին թշնամի և անագորույն անձ լինելով, դաշնակցում է ամոնացիների կռապաշտ Բարելիս թագավորի հետ և ցանկանում է սպանել Գոթողիային, ուրպեսզի մնացած ժողովրդին էլ ամոնացիների երկիր գերի տանի, և ինքն էլ այդպիսի ազգադավ կեցվածքով առավել պատվի և աստիճանի արժանանա: Թեև մյուս զորավարները, իմանալով նրա չար դիտավորության մասին, տեղեկացնում են Գոթողիային, սակայն նա չի հավատում: Այդ զորավարներից մեկը, որի անունը Հովնան էր, իր ազգին հավատարիմ լինելով` մտադրվում է գաղտնի սպանել Իսմայելին, սակայն Գոթողիան հավանություն չի տալիս` կարծելով, թե զրպարտություն է, քանի որ Իսմայելից որևէ չարություն չէր սպասում: Եվ այսպես, Իսմայելը իր տասը մարդկանցով գալիս է Գոթողիայի մոտ, և մինչ ճաշկերույթը չէր ավարտվել, և բոլորն էլ ուրախ ու ուզվարթ էին, Իսմայելը և նրա մարդիկ, իսկույն հարձակվելով, սպանում են խեղճ Գոթողիային:
Դրանից բացի` նոր ընկերների օգնությամբ կոտորում է Գոթողիայի մարդկանց և տանը գտնվող ռազմիկ հրեաներին, որպեսզի իրեն դիմադրող անձ չմնա, և այդ օրը Գոթողիայի մահվան լուրը չտարածվի: Հաջորդ օրը ութսուն հրեա, տաճարի ավերման համար ողբալով, իրենց հագուստները պատռտած և մորուքները սափրած, Մասեփա են գալիս` Աստծուն ընծաներ մատուցելու, քանի որ լսել էին, որ ժողովուրդը այնտեղ է հավաքվել և Աստծու համար սեղան կառուցել:
Իսմայելը, այդ մարդկանց տեսնելով, կեղծավորություն է անում և ինքն էլ արտասվելով այդ մարդկանց առաջարկում է գնալ Գոթողիայի մոտ, և երբ քաղաք են մտնում, իսկույն սպանել է տալիս և մարմինները մի ցամաքած ջրհորի մեջ գցում. միայն տասը հոգի է ազատվում բռնակալից` մեծ գումար խոստանալով: Ապա գրավելով քաղաքը` պատրաստվում է նրա բնակիչներին և Սեդեկիա թագավորի աղջիկներին (որոնց գթալով` Նաբուգոդոնոսորը Գոթողիայի մոտ էր թողել) գերեվարելով ամոնացիների թագավորի մոտ տանել:
Սակայն վերոհիշյալ Հովնանը և մյուս զորավարները, եղելությունն իմանալով, հասնում են նրա հետևից և ազատում ժողովրդին. միայն Իսմայելին իր ութ մարդկանցով հաջողվում է փախչել ամոնացիների երկիր: Թեև Հովնանը և նրա ընկերները ժողովրդին փրկում են անզգամ բռնակալից, սակայն այլևս չեն ցանկանում մնալ Հուդայի երկրում, այլ որոշում են գնալ Եգիպտոս և ժողովրդին էլ իրենց հետ տանել` վախենալով, որ Նաբուգոդոնոսորը, լսելով Գոթողիայի մահվան մասին, կհրամայի կոտորել իրենց:
Եվ քանի որ Երեմիա մարգարեն Նաբուգոդոնոսորի հրամանով մնացել էր Հուդայի երկրում, որ մխիթարի ժողովրդին, ուստի Հովնանը իր ընկերների հետ աղաչում է նրան, որ աղոթի և իրենց մասին Աստծու կամքը իմանա, որպեսզի ըստ դրա շարժվեն: Մարգարեն աղոթելով աստվածային ներշնչմամբ նրանց հայտնում է. «Մի՛ գնացեք Եգիպտոս, Աստված կարող է ձեզ այստեղ պահպանել, իսկ եթե գնաք, սրով և սովով պիտի կոտորվեք»: Սակայն նրանք, դժբախտաբար, չեն ցանկանում հավատալ Երեմիա մարգարեի կանխասացությանը և իրենց որոշումը պնդելով` ոչ միայն իրենք են անպատճառ ցանկանում գնալ Եգիպտոս, այլև նույնիսկ Երեմիա մարգարեին են իրենց հետ տանում (Երեմ. 40-43):
Խորին կարեկցանքի է արժանի Հուդայի ժողովրդի դժբախտ վիճակը, որովհետև Աստծու օրենքին հակառակ գործելով, մարգարեի խրատները չանսալով և չար ճանապարհի դառնալով` զղջալ և ապաշխարել չցանկանալու համար մի մասը` Բաբելոն, մյուս մասը` Պարսկաստան, շատերը` Քրդստան, և ուրիշներն էլ Եգիպտոս են տարագրվում և այդ տեղերում էլ հանգիստ և խաղաղություն չգտնելով` դատապարտվում են վշտի ու տառապանքի, այնպես որ բոլոր տեղերում էլ աստվածային պատուհասից զերծ չեն մնում:
Ահա այսպես, ինչպես որ դրանից առաջ Իսրայելի թագավորությունն է վերանում, այս անգամ էլ Հուդայի թագավորությունը ջնջվելով` ամբողջ հրեա ազգը կռապաշտ ժողովուրդների լծի և իշխանության ներքո գերի և ստրուկ է դառնում, քանի որ չի ցանկանում հպատակվել Աստծու օրենքներին և կամքին: