Ժողովուրդը, այդ բոլոր բժշկումներն ու հրաշքները տեսնելով, ճանաչե՞ց նրա ով լինելը:

Չճանաչեց: Հիրավի, շատերը խոստովանեցին, որ նա է Մեսիան, և Հիսուսն էլ շատ անգամ փոխաբերությամբ կամ այլաբանական ոճով հայտնեց, թե ինքը Մեսիան է, սակայն ժողովրդի մեծամեծները, նրա նկատմամբ նախանձով լցված, չկարողացան ճանաչել նրան. հատկապես շաբաթ օրերին  հրաշքներ գործելու համար Հիսուսի՝ որպես օրենքին հակառակ գործողի դեմ չար խորհուրդ հղացան:

Օրինակ՝ Զատկի տոնին, երբ Հիսուսը, Երուսաղեմ գալով, բժշկեց երեսունութ տարվա անդամալույծին, թշնամաբար հալածանք հարուցեցին նրա դեմ:  Որովհետև Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մի մեծ ավազան կար, որի մեջ զոհաբերվող ոչխարներն էին լվանում, և որը հունարեն Պրոբատիկե (որ նշանակում է «ոչխար լվալու վայր»), իսկ եբրայերեն Բեթհեզդա («ողորմության տուն» կամ «առողջության տեղ») էր կոչվում: Որովհետև աստվածային կամքով երբեմն հրեշտակն իջնում, ավազանի ջուրը խառնում էր, և ով առաջինը ջուրն էր մտնում, իսկույն բժշկվում էր՝ առանց հիվանդության նշանը երբևէ վրան մնալու:

Այս պատճառով հիշյալ ավազանի շուրջը հինգ սրահներ էին կառուցված, որտեղ տեսակ-տեսակ  հիվանդներ և աղքատ մարդիկ միշտ սպասում էին, որովհետև հրեշտակի իջնելու ժամանակը հայտնի չէր: Թեպետև մի անդամալույծ մարդ երեսունութ տարի սպասել էր այնտեղ, բայց քանի որ անօգնական մեկն էր, չէր կարողացել բժշկվել, որովհետև երբ հրեշտակն իջնում և ջուրը հուզում էր, ուրիշները, նրան կանխելով,  ջուրն էին մտնում իրենից առաջ:

Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմ գալով, տեսավ նրան, իմացավ, որ երկար ժամանակ ի վեր սպասում է այնտեղ, այդ պատճառով հարցրեց անդամալույծին, թե ուզո՞ւմ է բժշկվել: Նա հայտնեց, որ օգնող մեկը չունենալու պատճառով ճարահատ վիճակում է: Հիսուսը գթում է խեղճ մարդուն, և «Ե՛լ, մահիճդ ա՛ռ և գնա՛» ասելուն պես անդամալույծը, իսկույն առողջացած, վերցնում է մահիճն ու գնում: Եվ որովհետև այդ օրը շաբաթ էր, հրեաները, դա տեսնելով,  ասում են բժշկվածին, թե «օրինավոր չէ, որ շաբաթ օրով մահիճդ առնես ու գնաս», բայց նա պատասխանում է, թե իրեն բժշկողն է ասել իրեն, որ մահիճն առնի ու գնա:

Այս խոսքով, իհարկե, բժշկվածը կամեցավ նրանց ձեռքից ազատվել, բայց նրանք հարցնում են, թե ո՛վ է այն մարդը, որ ասաց քեզ մահիճդ առնել և գնալ, որպեսզի պատժեն նրան: Եվ որովհետև բժշկվածը չէր ճանաչում Հիսուսին, որ բազմության պատճառով հեռացել էր այնտեղից, ուստի մարդուն այլևս ոչինչ չունեին ասելու: Հետո Հիսուսը, տաճարում գտնելով նրան, կարեկցաբար ասաց բժշկվածին. «Ահա առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի նորից վնաս կամ չարիք չպատահի քեզ»:  Այս խոսքը լսելուն պես մարդն իսկույն գնաց և հրեաներին իմաց տվեց, թե Հիսուսն է իրեն բժշկողը: Այդ պատճառով հրեաները, ատելությամբ լցված, Հիսուսին հալածում էին շաբաթ օրով հիվանդին բժշկելու համար, և երբ նրանց պատասխանելով՝ նա զանազան ապացույցներով հաստատում է իր աստվածությունը, այս անգամ ուզում են սպանել նրան:

Խրա՛տ առ անդամալույծի վիճակից, որովհետև Հիսուսի այն խոսքը, թե՝ «Այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի նորից չարիք չպատահի քեզ», ցույց է տալիս, որ նա իր մեղքերի պատճառով  երեսունութ տարի անդամալույծ էր: Ուրեմն եթե կուզես փորձանքից զերծ մնալ, Հիսուսի խոսքը երբեք մտքիցդ չհանելով՝ ինքդ քեզ մեղքից միշտ հեռո՛ւ պահիր:

Այնուհետև Հիսուսը Երուսաղեմից Գալիլեայի կողմերը գնաց, և որովհետև նրա հրաշագործություններն արդեն բոլորին հայտնի էին, շատ մարդիկ շրջակա գավառներից նրա հետևից գնացին, և նրանց բերած բոլոր հիվանդներին ու ցավագարներին բժշկեց: Երբ ժողովրդի ահագին բազմությունը տեսավ, կամենալով այդ բազմությանը հոգևոր բարիք ևս պարգևել, լեռն է ելնում և նստում, որտեղ աշակերտներն էլ նրա շուրջն են հավաքվում. և ահա սկսում է հոգևոր զանազան թեմաներով քարոզել և երանի տալ առաքինի մարդկանց:

Քանի որ ոչ միայն մարմնի ախտերը, այլ նաև մեղքերի ախտերը մարդկանց հոգիներից հեռացնելու համար հաճախակի քարոզելով՝ առաքինության շավիղներն էր ուսուցանում, որոնք գործադրելով՝ մարդիկ արքայության փառքին կարժանանան:  Վերոհիշյալ լեռան վրա քարոզելու ժամանակ ինը տեսակի առաքինություններ է նշում, և երանի է տալիս այն մարդկանց, որոնք անթերի կկատարեն դրանք և այսպես երկնային անվախճան երանության կարժանանան:

 

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․