Հիսուսի մայրն ու ազգականները ինչո՞ւ էին ուզում տեսնել նրան:

Հիսուսին պաշտպանելու համար: Որովհետև փարիսեցիները նախանձից նրան ժողովրդի առաջ շարունակ մեղադրելի էին ներկայացնում, վախենում էին, որ նրանք միգուցե որևէ չարիք կհասցնեն նրան, գալիս են, որ վերցնեն նրան ու իրենց հետ տանեն, քանի որ դեռ չգիտեին, որ նա Մեսիան է: Որովհետև նրանց մտադրությունը Հիսուսին հայտնի էր, քարոզն ավարտելուց հետո տեսակցեց նրանց և իր համար չվախենալու հորդորով նրանց հանգստացնելով ու մխիթարելով հանդերձ՝ նրանց հետ չգնաց, որպեսզի դարձյալ քարոզի ժողովրդին՝ առանց երկնչելու իր հակառակորդների զորությունից:

Այդ միջոցին մի փարիսեցի, ցանկանալով Հիսուսին առանձին պատիվ տալ, խոնարհաբար իր տուն ճաշի հրավիրեց նրան: Հիսուսն էլ նրանց հոգևոր կերակուր մատակարարելու համար գնում է նրա տուն, որտեղ այլևայլ հարցերի մասին խրատներ տալով՝ նրանց թերությունները ևս հայտնում է իրենց, որպեսզի ուղղվեն: Սակայն նրանք ոչ միայն չեն ուղղվում, այլև թշնամաբար առավել ևս ջանում են ժողովրդի առջև չարախոսությամբ վարկաբեկել նրան: Ապա երբ մոտեցավ Գալիլեայի ծովի եզերքին գտնվող Գեննեսարեթ քաղաքի ծովածոցին, շատ մարդիկ նրա քարոզությունը լսելու համար անմիջապես գնացին նրա հետևից:

Հիսուսը մնաց ծովեզերքում և այնտեղ գտնվող երկու նավակներից մեկի միջից, որ Սիմոնին էր պատկանում, քարոզելուց հետո Սիմոնին ասում է. «Նավակը դեպի խո՛րքը տար և ուռկանը ձգի՛ր ծովը»: Եվ որովհետև այդ գիշեր մինչև առավոտ շատ էին աշխատել, բայց ոչինչ չէին կարողացել որսալ, Սիմոնը պատասխանում է. «Ամբողջ գիշեր աշխատելով՝ ոչինչ չկարողացանք որսալ, բայց քո խոսքին հետևելով՝ ուռկանը մի անգամ ևս կգցենք»: Եվ երբ ուռկանը նետում են, իսկույն այնքան շատ ձուկ է լցվում ուռկանի մեջ, որ քիչ է մնում պայթի: Այդ ժամանակ մյուս նավակում եղած ընկերներին նշան են տալիս, որ գան իրենց օգնելու:

Այս հրաշքը տեսնելով՝ նրանք մեծ երկյուղածությամբ լցվեցին, բայց Սիմոն Պետրոսն ամենքից ավելի վախենալով՝ փարվում է Հիսուսի ոտքերին՝ ասելով. «Տե՛ր, հեռո՛ւ գնա ինձնից, որովհետև ես մեղավոր մի մարդ եմ»: Հիսուսը պատասխանում է. «Մի՛ վախեցիր, այսուհետև հավիտենական կյանքի համար մարդկանց պետք է որսաս»: Այդ ժամանակ Սիմոնը և Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, որոնք Սիմոնի հետ միասին ձուկ էին որսում, թողնելով ձկնորսությունը, նավակը ցամաք են քաշում և ամեն բան այնտեղ թողնելով՝ Հիսուսի հետևից են գնում:  Երբ նա Գալիլեայի ծովեզերքում քարոզում էր, շատ ժողովուրդ նրա քարոզությունը լսելու համար հետևում էր նրան, իսկ երեկոյան կողմ ժողովրդին արձակելով՝ հրամայում է ծովի դիմացի կողմն անցնել:

Այդ ժամանակ մի օրենսգետ, ցանկանալով աշակերտել Հիսուսին, ասում է. «Վարդապե՛տ, ուր որ գնաս, ուզում եմ քեզ հետևել»: Նա պատասխանում է. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բույն, բայց ես գլուխս դնելու տեղ չունեմ»: Այս պատասխանից հասկացվում է, որ հիշյալ օրենսգետի նպատակը մեծության հասնելու փառասիրական  մտադրությամբ երկնավոր վարդապետի աշակերտների շարքը մտնելն էր, մինչդեռ մարմնավոր և երկրային որևէ բաղձանք սրտում տածող մարդը չի կարող աշակերտել Հիսուսին: Նրա աշակերտներից մեկն էլ թույլտվություն է խնդրում նախ գնալ և հորը թաղել, ապա հետևել  Հիսուսին:  Բայց միգուցե ազգականները նրա մտադրությունը փոխեն, և նրան արգելվի հոգևորին հետևել: Թույլ չտալով՝ Հիսուսն ասում է. «Թո՛ւյլ տուր, որ մեռածները թաղեն իրենց մեռելներին. դու իմ հետևի՛ց արի»:

Այնուհետև Հիսուսն իր առաքյալների հետ նավ մտավ, և երբ Տիբերական ծովի դիմացի ափն էին գնում, կամեցավ իր զորությունը ցույց տալ նրանց, ուստի նավում նրա քնած ժամանակ հանկարծ մի այնպիսի ահեղ փոթորիկ բարձրացավ, որ նավը ընկղմվելուն մոտ էր: Այդ պահին առաքյալները վախից շտապեցին նրան արթնացնել՝ ասելով. « Տե՛ր, փրկի՛ր մեզ, որովհետև ահա կորչում ենք»:  Իսկ նա ելնելով ասում է. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք վախենում»: Եվ հենց փոթորիկին ու ծովին սաստում է, ալեկոծությունն իսկույն դադարում է, և ծովը բոլորովին հանդարտվում է: Այդ ժամանակ նավում գտնվող բոլոր մարդիկ սարսափած ասում են միմյանց. «Այս ի՞նչ մարդ է, որին ծով ու մրրիկ հնազանդվում են»:

Ծովի դիմացի կողմում գնաց Գերգեսացիների երկիրը, որտեղ գերեզմանատանը երկու դիվահարներ էին բնակվում (սակայն քանի որ մեկը շատ կատաղի էր, միայն նրա մասին է գրված.  Մարկ. 5:1, Ղուկ. 5:26): Շատ անգամ նրան շղթայով կապում էին, բայց նա կոտրում էր ամեն շղթա: Սրանից բացի, շատ ժամանակից ի վեր հագուստ չհագնելով՝ գիշեր-ցերեկ գերեզմանատանը և լեռների վրա ինքն իրեն քարով ծեծում էր և ահագին աղմուկ էր բարձրացնում, որի պատճառով ոչ ոք չէր համարձակվում այդ կողմով անցնել: Հիշյալը այս դժբախտ վիճակում էր, երբ հեռվից տեսնելով Փրկչին՝ բարձրաձայն աղաղակով նրա մոտ եկավ ու երկրպագություն մատուցելով՝  խոստովանեց նրա՝ Աստծու Որդի լինելը՝ ասելով. «Մենք ի՞նչ ունենք քեզ հետ (ի՞նչ ենք արել քեզ), որ եկար ժամանակից առաջ մեզ տանջելու», որովհետև Հիսուսը հրամայում էր սատանային, որ այդ մարդուց դուրս գա:

Հիսուսը նրա անունն է հարցնում, և նա պատասխանում է, թե Լեգեոն է, որովհետև բազմաթիվ էին և աղաչում էին նրան, որ գետնի տակն անցնելու հրաման չտա իրենց: Քանի որ այնտեղ խոզերի մի երամակ կար, Հիսուսից թույլտվություն են ստանում նրանց մեջ մտնելու, որից հետո բոլոր խոզերը, իսկույն ծովը նետվելով, ընկղմվում են, իսկ խոզարածները փախչելով գնում և քաղաքներում ու ագարակներում պատմում են եղելությունը: Այս դեպքի մասին լսողները գալով տեսնում են, որ հիշյալ դիվահարը զգաստացած և հագնված նստած է Հիսուսի մոտ:  Մանավանդ երբ դեպքի ականատեսներից լսում են եղելությունը, մեծապես երկնչելով աղաչում են Հիսուսին, որ իրենց երկրից հեռանա: Երբ Հիսուսը, նավակ մտնելով, ուզում էր գնալ, բժշկված դիվահարը կամեցավ նրա հետ գնալ, բայց Հիսուսը պատասխանեց նրան. «Գնա՛ քո տուն և պատմի՛ր Աստծու ողորմությունը, որ արեց քեզ»: Նա էլ գնալով պատմում է, և բոլորը զարմանում են:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․