Առաքյալներն ինչո՞ւ հարցրին, թե իրենցից ո՛վ է մեծ:

Իրենց սրտի նախանձը հայտնի չդարձնելու համար: Որովետև Հիսուսը միայն Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին իր հետ Թաբոր լեռը տարավ և մանավանդ Պետրոսին երանի տալով՝ նրան հրամայեց, որ երկդրամյանը տա իր և նրա համար, որի պատճառով աշակերտները  սկսեցին նախանձել, քանի որ նրանք դեռ ամբողջովին կատարելություն չէին ստացել: Սակայն այսպիսի անպատշաճ մտքի հղացումն էլ չուզելով հայտնել՝ հայտնապես հարցնում են, թե իրենցից ո՛վ է մեծը, քանի որ այդ խնդիրն այն աստիճան էր հուզել նրանց միտքը, որ մինչև իսկ ճանապարհին միմյանց հետ վիճում էին այդ մասին:

Արդ, քանի որ առաքյալների այս միտքը հայտնի էր Հիսուսին, հարցրեց նրանց, թե ինչի՛ մասին էին վիճում ճանապարհին: Եվ թեպետ նրանք ամոթից լռեցին, բայց Հիսուսը, բոլորին իր մոտ կանչելով, ասում է նրանց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող ամենից փոքրը և բոլորի սպասավորը լինի»: Եվ մի ազդու օրինակով խոնարհություն սովորեցնելու համար մի փոքրիկ մանկան իր գիրկն առնելով՝ ասում է նրանց. «Եթե այս մանկան պես չլինեք, չեք կարող Աստծու արքայությունը մտնել. ով այս երեխայի նման խոնարհ լինի, նա է մեծը արքայության մեջ»:

Որովհետև ինչպես որ երեխան, բոլորին իրենից մեծ համարելով, հակված և հոժար է ուրիշների իշխանությանը ենթարկվելու, մանավանդ որ փառքի և մեծության ցանկություն չունենալով՝ նախանձի ոգի բնավ չունի իր մեջ, և եթե իրեն վշտացնում էլ են, հոգ չի անում, եթե իրեն պատվում են, չի հպարտանում, երբեք չար մտքեր չունենալով՝ միշտ իր սիրտը մաքուր է, այնպես էլ, ով կամենում է Աստծու արքայությունը ժառանգել, պետք է իրեն բոլորից ստորադասի և երբեք մարմնավոր փառքի ու մեծության հետամուտ չլինի, խոնարհությամբ միշտ աստվածային կամքին հնազանդվի: Ստույգ է, որ մանկան այդ վիճակը, բնական լինելով, առաքինություն չի համարվում, բայց չափահաս և ազատակամ մարդիկ, մինչև այդպես չվարվեն, չեն կարող երկնային թագավորության արժանի լինել, քանի որ առաքինությունից զուրկ են:

Վերոհիշյալ առաքինություններն այն աստիճան աստվածահաճո են և ընդունելի, որ եթե մի մարդ հանուն Հիսուսի սիրո այդ առաքինի մարդկանցից մեկին սիրով ընդունի, նույն ինքը Հիսուսին ընդունած կլինի: Սրան հակառակ՝ հայտնելու համար, թե որքան ծանր պատժի պիտի ենթարկվի այն մարդը, որն այդպիսի առաքինի մեկի գայթակղության պատճառ կլինի, վճռաբար հայտարարում է, թե՝ «Այդ մարդու համար լավագույնն է, որ դրա վզից էշի երկնաքար կախեն և ընկղմեն ծովի խորքը»: Այդպես է վճռում, որպեսզի ամեն մարդ զարհուրի և գայթակղության պատճառ դարձող սև գործերից հեռու մնա:

Հիրավի, այս աշխարհը գայթակղությունից ազատ չէ, բայց Հիսուսը, գայթակղության պատճառ դարձող մարդուն վայ տալով, ասում է, թե՝ «Եթե ձեռքդ, ոտքդ կամ աչքդ գայթակղության պատճառ լինի, կտրի՛ր դրանք և դե՛ն նետիր, քանի որ քեզ համար լավ է մի ձեռքով, մի ոտքով և մի աչքով արքայություն գնալ, քան թե երկու ձեռքով, երկու ոտքով և երկու աչքով դժոխք գնալ, որի որդը չի մեռնում, և կրակը չի մարում»:

Այս խոսքը, իհարկե, մարմնի ձեռքի, ոտքի կամ աչքի իմաստով չպետք է հասկանալ, այլ եթե մարդը դրանց նման սիրելիներ ու բարեկամներ ունենա, որոնք գայթակղության ու մեղքի պատճառ կլինեն իր համար, պետք է մերժի այդպիսիներին և հեռացնի իրենից, որպեսզի նրանց պատճառով հավիտենական տանջանքների  չդատապարտվի (այս մասին տե՛ս նաև ԻԳ. հարցում):

Արդարև, ուրիշների համար չար օրինակ և գայթակղության պատճառ դառնալն այն աստիճան մեծ մեղք է, որ լավագույն համարվեց ծովի մեջ ընկղմվելն ու անհետանալը կամ թե ձեռք ու ոտք կտրելը, քան թե այդ մեղքից առաջ եկած պատիժը կրելը: Այդ պատճառով դժոխքի կրակը աղի, իսկ գայթակղության պատճառ եղողներին զոհի նմանեցնելով՝ ասում է. «Ամեն ինչ կրակով ու ամեն զոհ աղով կարելի է (համեմել) աղել, իսկ եթե աղը անհամանա, ինչո՞վ պետք է աղել»: Եթե ոչ, ուրեմն պետք է հավիտենական կրակով այրվեն (աղվեն) այնպիսիք, որոնք Աստծու հրամանին հակառակ գործելով՝ նրա բարկությունը կհրավիրեն իրենց վրա:

Այս մասին լա՛վ խորհիր, ընթերցո՛ղ, և ջանա՛, որ չսխալվես ու սխալների հետևանքով պատժի չենթարկվես, որովհետև ինչպես որ աղը վերքի վրա դրված ժամանակ ցավ ու կսկիծ է պատճառում, բայց նաև չորացնելով՝ լավացնում է այն, իսկ երբ կերակուրի մեջ են լցնում, համ է տալիս և թույլ չի տալիս, որ հոտի, այդպես էլ աշխարհի փորձությունններն ու վշտերը թեպետև մարդուն ծանր են թվում, բայց միևնույն ժամանակ չար գործերից հեռու են պահում, քանի որ  ցավակիր մարդը մեղքից զերծ է մնում:

Բացի սրանից՝ մարդու կրած նեղությունները որքան էլ ինքնին ծանր լինեն, կթեթևանան, երբ Աստծու սիրո համար համբերի: Այս պատճառով  նա, ով հոժարակամ ու սիրով հանդուրժում է աշխարհի նեղությունները, ոչ միայն հոգեպես կմխիթարվի, այլ նաև հանդերձյալ արքայության փառքին կարժանանա: Ընդհակառակը, որքան էլ թեթև լինեն մարդու կրած նեղությունները, եթե չդիմանալով՝ շարունակ դժգոհ լինի վիճակից, ծանր կթվան իրեն, և այդպիսի մարդը երկրիս վրա մխիթարություն չգտնելուց բացի հանդերձյալ կյանքում ևս պատժի կարժանանա:

Եվ որովհետև Հիսուսը առաջին առաքյալներին աղի էր նմանեցրել, որպեսզի իրենց քարոզությամբ և առաքինությամբ համ տան աշխարհին (տե՛ս ԻԳ. հարցում), այս անգամ նորից հայտնում է նրանց, որ առաքինության աղը իրենց սրտերում պահելով, առանց երկրային մեծության հետամուտ լինելու՝ միմյանց հետ սիրով ապրեն:

Թեպետ Հիսուսն առաքյալներին արդեն հայտնել էր, որ չի կարելի Աստծու արքայություն մտնել առանց մանկան պես մաքուր սիրտ ու խոնարհ ընթացք ունենալու, և որ նրանց գայթակղեցնող մարդը հանդերձյալ աշխարհում պետք է սաստկապես պատժվի, այսուհանդերձ նորից ազդարարում է զգուշանալ, որ այդպիսի փոքրիկներից մեկին արհամարհանքով չանարգեն, որովհետև նրանց հրեշտակները միշտ Աստծու երեսն են տեսնում երկնքում, հետևաբար այդպիսի արհամարհողները չեն կարող անպատիժ մնալ:

Ուրեմն խիստ մեծ  զգուշություն և երկյուղ պետք է ունենաս, որ չլինի՝ որևէ աղքատ, անարգ ու խոնարհ վիճակի տեր մարդու վատ աչքով նայես, քանի որ նրանց հրեշտակները, միշտ  Աստծու ներկայության մեջ գտնվելով, իրենց պաշտպանության ներքո եղած անձանց բարիք անողների համար բարիք են խնդրում, իսկ նրանց հետ վատ և չարաբար վարվողների համար պատիժ են հայցում դրա փոխարեն:

Արդարև, Հիսուսը, բոլոր մարդկանց փրկության համար եկած լինելով, հայտնում է, որ աղքատ և աննշան մարդկանց նկատմամբ ցույց տրված արհամարհանքը պատժի արժանի է համարվում:

Այս մասին մի առակ ևս մեջբերելով՝ ասում է. «Եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա,  և դրանցից մեկը կորչի, իննսունինը լեռան վրա թողնելով՝ մոլորված ոչխարը գտնելու չի՞ գնա, և երբ գտնի, բոլորից ավելի նրա վրա չի՞ ուրախանա: Այդպես էլ  Աստված երբեք չի կամենում, որ այդպիսի փոքրիկներից մեկը կորչի»: Հայտնի է, որ ով նրանցից մեկի կորստյան պատճառ լինի, Աստծու հայտնի և մարդասեր կամքին հակառակ է գործում, որի պատճառով հանդերձյալ կյանքում անպատճառ պետք է պատժվի:

Արդ, երբ առաքյալներն այսպիսի պատվերներ լսեցին, մտաբերեցին, որ իրենք նախկինում արգելել էին մի մարդու, որ Հիսուսի անվամբ դևեր էր հանում, բայց իրենց հետ չէր շրջում: Ուստի Հովհաննեսը, կասկածելով, թե միգուցե իրենք հրամանին հակառակ են գործել, Հիսուսին հայտնում է այդ մասին, որին Տերը պատասխանում է. «Մի՛ արգելեք. նա, ով թշնամական դիտավորություն չունի ձեր դեմ, արդեն ձեր կողմից է»:

Սա Հիսուսի մեծ զորությունն ու գթությունն է ցույց տալիս, քանի որ ոչ միայն առաքյալներին, այլև ուրիշներին էլ հրաշագործելու կարողություն շնորհեց, որպեսզի ամենքը, ողորմությանը հաղորդ լինելով՝ Աստծու սուրբ անունը փառավորեն: Այս պատճառով հրամայեց, որ չարգելեն այնպիսիներին, որոնք իր անվամբ հրաշք գործելով՝ այլոց բարիք են անում: Քանի որ ինքը իր բազում ողորմությամբ բոլոր մարդկանց բարերարելու է եկել, նրա սիրո համար ուրիշին բարերարություն անելը նշանակում է  իրեն (Հիսուսին) բարիք անել, որի համար մեծ վարձատրության կարժանանա:

Սակայն մարդ պարտական է ուրիշներին ոչ միայն նյութական բարիք անել, այլ նաև հոգևոր բարիք: Օրինակ՝ մեղավորին իր չար ճանապարհից հետ դարձնելու կարևոր պարտականություն ունենք: Ուստի Հիսուսը նորից ասում է, «Եթե եղբայրդ մեղանչի քո դեմ, քո և նրա առանձին եղած ժամանակ հանդիմանի՛ր նրան: Եթե լսեց քեզ, ահա շահեցիր եղբորդ, իսկ եթե չլսեց քեզ, մի կամ երկու հոգի ևս վերցրո՛ւ քեզ հետ, որովհետև երկու կամ երեք անձանց վկայությամբ ամեն ինչ կհաստատվի: Եվ եթե նրանց ևս չլսի, հայտնի՛ր եկեղեցուն: Թե որ եկեղեցուն ևս չլսի և անսաստ գտնվի, թող նա քեզ համար լինի իբրև մի հեթանոս և մաքսավոր»:

Լա՛վ մտածիր, Հիսուսի աշակերտ լինելը հոգևոր սիրո մեջ է կայանում: Ուստի նա զրկյալին հրամայում է, որ ջանա իր հակառակորդին ուղղել, քանի որ եթե մի մարդ ուրիշին զրկանքի ենթարկի և նրանից ներողություն խնդրելու պարտական լինելով՝ ներողություն խնդրի, դա առաքինություն չի համարվի, այլ այդ մարդը միայն իր պարտքը կատարած կլինի: Բայց թշնամու հանցանքը ներելով՝ նրա ուղղվելու և դարձի համար անկեղծորեն աշխատելը մեծ առաքինություն է:

Սակայն այս պարագայում հանցավորին հասարակության առջև չվարկաբեկելու համար Հիսուսը հրամայում է, որ նախ միայնակ ու առանձին խոսի հանցավորի հետ: Եթե նա չհամոզվի, մեկ-երկու անձանց հետ թող գնա: Եվ եթե նորից անդրդվելի մնա, այդ ժամանակ պետք է եկեղեցուն հայտնել, որպեսզի առաջնորդը՝ հոգևոր իշխանը, նզովքով արտաքսի նրան ժողովրդի միջից, մինչև որ ուղղվի: Ահա այս պատճառով առաքյալներին ասում է. «Երկրի վրա ձեր կապածը երկնքում ևս կապված կլինի, և ձեր քանդածը քանդված կլինի երկնքում»:

Արդարև, այն մարդը, որ իր մեղքերի համար զղջալով չապաշխարի, հոգևոր պատժի, այն է՝ նզովքի կամ բանադրանքի կարժանանա և իբրև վիրավոր ու փտած անդամ՝ կտրվելով դուրս կնետվի եկեղեցուց, որպեսզի նրա ախտը ուրիշներին ևս չփոխանցվի: Այս պատճառով Հիսուսը խոստացավ, որ  ուր երկու անձինք միաբանվեն և Աստծուց ինչ որ խնդրեն, նրանց խնդրանքը կկատարվի, և մանավանդ ինքն էլ նրանց մեջ ներկա պիտի լինի, որպեսզի նզովյալ անձը, իմանալով, որ ինքը սուրբ եկեղեցում միաբանական ձայնով մատուցված աղոթքին մասնակից չէ, քանի որ իր մեղքերի պատճառով ժողովրդից զատված է, զղջա և ապաշխարի:

Երբ Հիսուսն այսպես խոսում էր, Պետրոս առաքյալը հարցրեց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ ներեմ իրեն, արդյոք յո՞թ անգամ»: Նա պատասխանում է. «Ոչ թե յոթ, այլ յոթանասուն անգամ յոթ»: Այս պատասխանից իմացվում է, որ եղբոր հանցանքները ներելու պարտականությունը չափի ու սահմանի չի ենթարկվում, այլ քանի անգամ որ մեղանչի, դարձյալ պարտավոր է անպայման ներելու:

Հիսուսը, մի առակ մեջբերելով,  ասում է. «Մի թագավոր իր ծառաների հետ հաշիվ տեսնելիս պարզեց, որ ծառաներից մեկը տասը հազար քսակ պարտք լինելով՝ հատուցելու կարողություն չուներ: Տերը հրամայեց, որ թե՛ այդ մարդուն, թե՛ նրա կնոջն ու զավակներին և ինչ որ ունի վաճառելով՝ իր պահանջը ձեռք բերեն: Ծառան երկրպագելով աղաչեց նրան, որ իրեն ժամանակ տա ամբողջ պարտքը հատուցելու: Թագավորը, նրան գթալով, ամբողջ պարտքը շնորհեց նրան:

Բայց արի ու տես պարտապան ծառայի չարությունը, քանի որ երբ մի անգամ աղաչելով՝ ազատվեց տասը հազար քսակ պարտքից, դուրս ելնելով՝ իր ծառայակիցներից մեկին գտավ, որից հարյուր դահեկանի պահանջ ուներ, և նրան բռնելով՝ ամենայն խստությամբ պահանջում է, որ ունեցած պարտքը վճարի: Եվ թեև նա, աղաչանքով այդ չար ծառայի ոտքերին փարվելով, խնդրում է, որ պարտքը հատուցելու համար իրեն ժամանակ տա, սակայն սա չզիջելով բանտարկել է տալիս նրան, մինչև որ պարտքը վճարի»: Ուրեմն Աստծուց ներում ստանալու համար, ո՛վ մարդ, պարտական ես ամեն կերպ նախ քո եղբոր հանցանքներն ու թերացումները ներել: Սա է այն միակ և անհրաժեշտ պայմանը, որ պարտավոր ես սիրով և հոժարությամբ հանձն առնել և ուրախությամբ կատարել, եթե սրտանց սեփական ազատությունդ ես ցանկանում:

Այնուհետև Հիսուսը մտադրվեց գնալ Երուսաղեմ: Արդեն մոտեցել էր ժամանակը, երբ պիտի խաչի վրա մեռնելով՝ հարություն առներ ու համբարձվեր երկինք: Ուստի կամեցավ նախ Հորդանան գետի դիմացի կողմն անցնել և այնտեղ գտնվող ժողովրդին քարոզել: Ճանապարհին Սամարիայի գյուղերից մեկը մարդ է ուղարկում, որ հարկ եղածը պատրաստեն: Այո՛, ինքը ոչ մի բանի կարոտ չէր, բայց առաքյալները կարոտ էին: Երբ  այդ գյուղի  բնակիչները մերժեցին ընդունել իրեն, Հակոբոսն ու Հովհաննեսը ասում են Հիսուսին. «Եթե կամենում ես, ասենք, որ երկնքից կրակ իջնելով՝ բնաջնջի այդ մարդկանց»:

Իհարկե, նրանք Հիսուսի պատիվը պահելու ցանկություն ունեին, և քանի որ իրենց խնդրանքներն անմիջապես կատարվելու պատճառով հավատ ունեին, այսպիսի մի առաջարկ ներկայացրին Հիսուսին՝ միաժամանակ գործադրումը թողնելով նրա կամքին: Բայց նա չընդունելով՝ նույնիսկ հանդիմանում է այդ նախանձահույզ աշակերտներին: Ստույգ է, որ Հիսուսին մերժող անձինք իրավամբ արժանի էին պատժի, սակայն նա եկել էր ոչ թե մարդկանց հոգիները կորցնելու, այլ փրկելու և ապրեցնելու համար:  Ուստի առանց նրանց պատժելու՝ առաքյալների հետ ուրիշ գյուղ է գնում:

Երբ ճանապարհ էին գնում, մի մարդ Հիսուսին հետևելու բաղձանքով ասում է. «Թո՛ւյլ  տուր ինձ նախ գնալ և ընտանիքիս հրաժեշտ տալ»: Բայց Հիսուսը նրան թույլ չի տալիս տուն գնալ:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․