Հարց 67 – Աստված ամենից շատ մարգարեներից Եզեկիելի հետ է խոսում և անվանում մարդու որդի: Ուրիշներին այս անունը չի տալիս: Ի՞նչն է սրա պատճառը:

Պատասխան – Կոռնելիոսը «Չորս մարգարեներից» մեկնության առաջաբանում այսպես է ասում. Չորս քերովբեները, որոնց տեսավ Եզեկիելը, չորս մարգարեներին են խորհրդանշում, որոնք նախնական ճշմարտության և անստեղծ իմաստության սպասավորներ են, քանզի առյուծը վկայակոչում է Եսայուն, եզը` Երեմիային, մարդը` Եզեկիելին, իսկ արծիվը` Դանիելին:

Արդ` որ առյուծը Եսայի մարգարեի խորհրդանիշն է, զգացվում է իր խոսքերից, երբ ասում է. «Այսպես ասաց ինձ Տերը` ինքդ անձամբ գնա դե՛տ եղիր, ինչ որ տեսնես` կպատմես» (Եսայի 21:6): Եվ դարձյալ ութ համարը. «Եվ կանչեց առյուծին (ըստ այլ թարգմանության) ու ամբողջ ցերեկը և ողջ գիշերը հետևեցի բանակին» (Եսայի 21:8), քանզի առյուծն իր զգուշավորությամբ դետի կամ պահապանի օրինակ է: Ուստի Եսային կանչում ու որոտում է և առյուծի նման կայծակահար է լինում` ասելով. «Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերն է խոսում:… Վա՜յ մեղավոր ազգին. մեղքերով լի ժողովո՛ւրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայէլի սրբին։ Նրանք օտարացան ու հետ քաշվեցին։… Լսեցե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։ … Ինչպէ՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հավատով, ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները։… ձեր իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր» (Եսայի 1:2-4, 10, 21, 23):

Եզը Երեմիայի նշանն է. հայտնի էր անձանձիր ջանքից, որով հերկեց Աստծո արտը, այսինքն` Իսրայելի ազգը և միշտ նեղություն կրեց հրեաներից, ովքեր վերջապես, իբրև զոհ, նրան Աստծուն մատուցեցին և քարկոծելով մարտիրոսեցին: Ահա՛ նրա խոսքերը. «Ես, իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. «Եկեք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի» (Երեմ. 11:19):

Մարդը Եզեկիելի նշանն էր. Ինքն` Աստված հաստատեց, քանզի երբ Իր հրամանը Եզեկիելին էր հայտնում, միշտ մարդու որդի էր անվանում (տե՛ս Եզեկ. 21): Այսպես է ասում. «Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր ինձ հետ»: Կամ` «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկեցի Իսրայելի որդիների` ուրացող ազգի մոտ»: Եվ կամ` «Մարդո՛ւ որդի, վերցրու քեզ մի աղյուս» և այլն:

Արծիվը Դանիելի խորհրդանիշն էր, քանզի Դանիելը շատ իմաստուն էր իրեն ժամանակակից մարդկանցից: Ուստի Աստված ծաղրելով Տյուրոս թագավորին, որ իրեն շատ իմաստուն էր համարում` ասում է. «Մի՞թե դու ավելի իմաստուն ես, քան Դանիելը, կամ մի՞թե իմաստուններ են քեզ խրատել իրենց հանճարով» (Եզեկ. 28:3): Քանի որ Դանիելն ամենևին գինի չէր խմում և արծվի նման մտքով դեպ երկինք բարձրաթռիչք էր, միշտ Աստծո հետ խոսելով` հավիտենականությունն էր տեսնում: Նա արծվի սուր աչքով տեսավ հետևյալ տարիների անընդհատությունը և հմտորեն արտահայտվեց աշխարհի ապագայի հանդեպ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․