25 Նոյեմբեր, Բշ
Խավարասեր բզեզները կեսգիշերին հավաքվում են, լուր ուղարկում բոլոր միջատներին, մի բացատում համախմբում և նրանցից մեկը բարձրադիր վայրից հայտարարում է.
- Ճշմարտությունը լույսի մեջ է: Նայեք աշխարհին և նրա սահմաններին. ամենուր մեզ խավարն է պատել: Արդեն բավ է, պետք է պայքարենք հանուն լույսի, կյանքի, արդարության, հավասարության:
Մեկ այլ բզեզ մոտենում է ճառ ասողին ու տագնապահար զգուշացնում.
- Շատ մի ոգևորվիր, ավարտիր ճառդ. ժամանակն է հեռանալու, որովհետև արևածագը սկսում է, և լույսը բացվում է:
Գործերից ճանաչեք մարդկանց, թե ինչ են սիրում անել և գործել, թե ինչ են ասում ու խոստանում: Կեղծ ուսուցիչներն ու քարոզիչները միայն խավարի մեջ են խոսում լույսի, արդարության, բարոյականության մասին: Լույսի մեջ նրանք լույսից չեն խոսում, որովհետև լույսը բացահայտում է նրանց գործերը և նրանց լռեցնում: Ուստի, նրանք լույսով չէ, որ ապրում են, այլ խավարով ու խավարասեր են կոչվում, սակայն սիրում լույսից խոսել և ճառել....
Հովհաննես Մանուկյան