3 Դեկտեմբեր, Գշ
Աստված օրհնի Ձեզ, սիրով ներկայացնում ենք Ձեր Հարցի պատասխանը:
ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹև ԿԱԹՈՂԻԿՈՍ (348-387-439) - Տոնական շարականների առաջին խոշոր հեղինակը Սահակ Ա Պարթև կաթողիկոսն է: Սահակ Պարթև կաթողիկոսի բեղնավոր գրչին են վերագրվում նաև Ավագ Շաբաթի բոլոր օրերի կանոնների երգերը (բաց թողնելով միայն ԲՇ, ԳՇ, ԴՇ օրերի Օրհնության շարականները` ԲՁ <<Անեղն ի Հօրէ ...>>, ԲԿ <<Իմաստուն կուսանքն ...>> և ԳՁ <<Որ յաթոռ փառաց...>>. Ուրբաթ օրվա ԴՁ <<Այսօր ի կատարումն...>> Հետևակ շարականը, Ավագ Շաբաթ օրվա ԲՁ <<Կենդանին յաւիտենից...>> և նույն օրվա ԲՁ <<Կուսածին մարմնով...>> շարականները, որոնք նույնպես պատկանում են Ներսես Շնորհալուն): Ներկայումս Շարակնոցում տեղ գտած շարականների հեղինակների ցանկը ցույց է տալիս, որ Սահակ Պարթևի գրչին է պատկանում թե Ղազարու Հարության և թե Ավագ Շաբաթվա (ոչ ամբողջությամբ) կանոնները:
ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (360/361-440) - Ըստ Մանուկ Աբեղյանի հայ իրականության մեջ Մեսրոպ Մաշտոցն ընդունված է որպես հայոց այբուբենի ստեղծող, թարգմանիչ, գրականագետ, լեզվաբան, բայց գրեթե աչքաթող են արված նրա շարականները, այսինքն` Մեսրոպ Մաշտոցը նաև շարականագիր է: Մեսրոպ Մաշտոցին են վերագրվում Ապաշխարհության կանոնի ոչ բոլոր շարականները (Օրհնություն, Հարց, Ողորմեա, Տեր յերկնից), իսկ ինչ վերաբերվում է ամեն մի ձայնի կանոնի վերջում եղած Մանկունք, Համբարձի և ճաշու շարականներին (այս շարականները իմաստային առումով բոլորովին էլ ապաշխարհության բովանդակություն չունեն իրենց մեջ), ապա սրանք ավելի ուշ Ը դարում Ստեփանոս Երկրորդ Սյունեցու կողմից են մտել ապաշխարհության կանոնի մեջ: Ապաշխարհության հատուկ Օրհնություններ չեն եղել և Ը դարից սկսած որպես Ապաշխարհության Օրհնություններ սկսել են քաղվել Ապաշխարհության Ողորմեաները:
ՍՈՒՐԲ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (ՔԵՐԹՈՂ - մոտ 410- մոտ 490) - Մովսես Խորենացին (Պատմահայր, Քերթողահայր, Քերթող) հայտնի է որպես պատմիչ, քերական, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան և շարականագիր: Շատ հաճախ Մովսես Խորենացուն նույնացրել են Է-Ը դարերի քերական, մեկնիչ, աստվածաբան, թարգմանիչ, ծիսագետ և երաժիշտ-տեսաբան Մովսես Քերթողի հետ, որը կապված է այն երևույթի հետ, որ հաճախ ուսումնասիրողները Մովսես Խորենացուն համարել են Է դարի գործիչ, ինչը սխալ է: Մովսես Խորենացու նույնացումը Մովսես Քերթողին, շատ հաճախ հանգեցրել է այն բանին, որ Մովսես Խորենացու շարականները վերագրվել են Մովսես Քերթողին: Մովսես Խորենացու գրչին են պատկանում Սուրբ Ծննդյան, Տեառնընդառաջի, Հարության և այլ տոներին նվիրված բազում շարականներ: Առավելապես հայտնի են Սուրբ Ծննդյան Ճրագալույցի ԲՁ <<ՈՒրախացիր սրբուհի...>> և Սուրբ Ծննդյան ԴԿ <<Խորհուրդ մեծ և սքանչելի...>> շարականները, որոնց բնորոշ են հանդիսավոր տոնական քնարական ջերմ զգացմունքների արտահայտությունը և վիպերգական շունչը: