12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Արդարև, անձի համար մահ խնդրելը մահու չափ մեղք է, երբ խնդրողի նպատակը տրտունջն է ընդդեմ Աստվածային նախատեսության կամ դա հուսահատությամբ է արվում, այլ ոչ թե քո մատնանշած սրբերի նման: Նրանք չմեղանչեցին, որովհետև լցված էին Սուրբ Հոգով: Հիրավի, իրենց անձերի համար էին խնդրում, սակայն սրտների կսկիծից էր, այլ ոչ թե մեղավորների նման տրտնջալու պատճառով:
Հոբը իր զավակների կորստյան պատճառով ունեցած սրտի ցավից էր ծնված օրն անիծում, իբր թե իր մեղքերի պատճառով սկսեցին զավակները մահանալ: Երեմիա մարգարեի ասածը ժողովրդի համար ցավելուց էր, որ պիտի գերի լինեին: Մովսեսն Աստծուն ասում էր. «Եթե թողնես դրանց (այսինքն՝ ժողովրդի հանցանքը կներես), թո՛ղ. և եթե ոչ՝ ինձ ևս ջնջիր քո դպրությունից, որ գրեցիր» (Ելք 32:31-32): Այսպես Պողոս առաքյալը, ցավակցելով հրեաներին, կամենում էր Քրիստոսից նզովվել (Հռոմ. 9:3):
Տրտնջալով անեծքի խոսքը ասողներն են մահացու մեղք գործում, այլ ոչ թե այնպիսի սրբերը, որ Աստծո սիրով սիրահարված, վառված և բորբոքված՝ կամենում էին, որ իրենց կյանքը կտրվի, և Աստվածին ամենաբարի կամքին դեմ գործ չառաջանա: