12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Վարդապետներն այսպես են բացատրում. թզենին տարբերվում է այլ ծառերից ու բույսերից, քանզի մյուս ծառերը նախ ծաղիկ ու տերև են տալիս, ապա միայն պտուղ: Բայց թզենին տերևի հետ է պտուղ տալիս և երբեմն էլ՝ տերևից առաջ: Արդ՝ այն թզենին, որին մոտեցավ Քրիստոս, միայն տերև էր տվել՝ առանց պտղի: Այդպիսին են լինում հիվանդ և անպիտան թզենիները: Քրիստոս նրանից հասուն պտուղ չէր ուզում, քանզի գիտեր, որ ժամանակը չէ: Այն խակ պտուղ անգամ չուներ, որի ժամանակն էր: Հիսուս կբավականանար խակ պտղով կամ հրաշքով կքաղցրացներ այն: Ուստի ծառը հանցավոր գտնվեց՝ մինչ այդ ժամանակը պտուղ չտալու համար:
Խորհրդաբար թզենի ծառով Եբրայական Եկեղեցին է մատնանշվում, սակայն բարոյապես այն թզենին համարվում է ծույլ մեղավորների խորհրդանիշ, ովքեր իրենց արտաքին բարիքներով, այսինքն՝ տերևներով զարդարված են լինում և հոգևոր բարի պտղից զուրկ են երևում՝ պատճառաբանելով, թե բարիք պիտի գործեի, բայց հարմար ժամանակ չեղավ: Ինչո՞ւ մարմնավոր բարիքների համար, որոնց օրինակը տերևներն են, ժամանակ ունեն, իսկ հոգևոր գործերի ժամանակ չեն ունենում: Հետևաբար՝ ինչպես որ անիծեց թզենուն, նրանք էլ իրավամբ պիտի լսեն. «Հեռացե՛ք ինձանից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական հուրը»: