Որպեսզի մարդիկ երկար ապրելու բաղձանքով նրա պտուղը չուտեն և այն չպաշտեն: Մանավանդ, չլինի թե սատանան դրա միջոցով մարդուն կյանք խոստանալով՝ մարդուն իրեն կապի, և դրանով չկարծվի, որ սատանան մարդու բարեկամն է և խոսքն էլ ճշմարիտ է: Դարձյալ, քանի որ Ադամը իր չափից ավելին գիտենալու բաղձանքն ունեցավ, այդ պատճառով Քերովբեներին հրամայեց կենաց ծառի ճանապարհը պահպանել, որպեսզի մարդը անկարող լինի մերձենալու, քանզի «Քերովբե» բառը «շատ իմացող» նշանակելով՝ Ադամի հանցանքի համեմատ պատշաճապես դատախազ կարգվեց նրա վրա:
Դու նայիր Աստծո ողորմությանը. մարդուն մեղքից խնայելու կամ զգուշացնելու համար այն աստիճան իմաստուն կարգադրություններ է անում, որոնց մեր խելքը անհասու է: Մի՛ ասա, թե Ադամը չի խաբվել՝ ինչո՞ւ Աստված չարգելեց սատանային մարդուն մեղքի մեջ գցել. Իրոք, եթե կամենար, կարող էր, սակայն Աստված պարտական չէ արգելելու սատանային, քանզի անհրաժեշտ կարողությունը, որպես զենք, տվեց նրան, որպեսզի դրանով հաղթի թշնամուն, հետևաբար հանցանքը մարդունն է, քանզի միտք և կամք ունենալով կարող էր սատանայի դավաճանությունը իմանալ և նրա չար ու հրապուրիչ գործին դեմ գնալ, կանգնել:
Մասնավորապես կարող ենք ասել, որ այս տխրագին դեպքի մեջ Աստծո կարողությունը, գիտությունն ու բարությունը երևան պիտի գային, քանզի մարդուն հասցրած սատանայի չարիքը բարիքի փոխարկելը, նրա կարողության համեմատ իմաստուն ճանապարհներ գտնելը՝ Աստծո գիտության և իմաստության, իսկ Իր ողորմությունը ձրի շնորհելը՝ Նրա անհուն բարության փայլուն և անհերքելի ապացույցներ են:
Նույնպես, երբ Աստված անմեղին շնորհ և ողորմություն, իսկ մեղավորին պատիժ է տալիս՝ Նրա գթությունն ու արդարությունը հայտնվելով, լսողներն անշուշտ պետք է, որ Նրա արդար դատաստանը գովեն և ներբողեն: Եվ դարձյալ, մարդը իր չափը ճանաչելով չամբարտավանի և սատանայի չարությունը բոլորին հայտնի դառնա: Թող ուրեմն անխելք մարդիկ Ս. Գրքի մեջ գրված նյութերի դեմ հիմարաբար չխոսեն, քանզի Աստծո խորհուրդները ոչ ոք չի կարող հասկանալ (Հռոմ. ԺԱ 34):
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902