25 Նոյեմբեր, Բշ
Մի ունևոր մարդ երազ է տեսնում, թե գտնվում է մի սենյակում, որտեղ մեծ հայելի էր
դրված: Մոտենում է հայելուն, նայում, զարմանում, քանի որ երկու մեծ թև ուներ, ինչպես
հրեշտակները: Ինքն իրենով հիացած ասում է.
- Էս ե՞ս էլ եմ հրեշտակ. գիտեի, որ Աստված ինձ շնորհ կանի, չէ՞ որ եկեղեցի եմ կառուցել, մոմ եմ վառել, փող եմ բաժանել:
Հայելու մեջ նայելիս նկատում է իր ետևում կանգնած սատանային, հարցնում է.
- Ի՞նչ ես ուզում, չե՞ս տեսնում ես էլ եմ հրեշտակ:
Սատանան պատասխանում է.
- Քեզանից ոչինչ չեմ ուզում, եկել եմ թևերս տանեմ:
Մեծահարուստը հրեշտակային իր թևերը բացում է, տեսնում է մեկի վրա գրված է դրամ, մյուսի վրա` իշխանություն: Արագ դուրս է գալիս այդ սենյակից ու հայտնվում է մի անդնդախոր ձորի բերանին, որտեղից տարբեր հրեշտակներ թռչում են երկինք՝ ամպերի վրա գտնվող դրախտը: Բացում է իր թևերը ու ինքն էլ փորձում թռչել դրախտ: Կրկին հիանում է, քանի որ ստացվում է թռչել, բայց հանկարծակի թեթև քամի է բարձրանում: Մեծահարուստը սկսում է օրորվել, հավասարակշռությունը կորցնել ու գլխապտույտ կերպով դեպի ահռելի ձորը գահավիժել: Գոռում-գոչում է` օգնեցեք: Այդ պահին արթնանում է ու ուրախանում, որ երազ էր տեսնում, սակայն սփրթնում է. հեռվում սատանան աթոռին նստած ժամացույցին էր նայում:
Մեծահարուստը հարցնում է.
- Այս ի՞նչ ես անում.
Սատանան պատասխանում է.
- Եկել եմ թևերս տանեմ: Ի՞նչ է, ուզում էիր իմ թևերով դրախտ թռչեիր...
Հովհաննես Մանուկյան