Մի՞թե ծիածանը արդեն չէր երևում, որ Աստված այն որպես հաշտության նշան է հայտարարում:

Այո՛, երևում էր, սակայն ջրհեղեղ չլինելու պայմանով, Աստված հատկապես Իր ուխտի և հաշտության նշան դրեց այն, որ մարդիկ տեսնելով գիտենան, թե Նա իրենց հետ հաշտվել է և ուրախ լինեն: Օրինակ՝ եթե մեկը ձեռքին գավազան, կամ մատին մատանի կրելու նախնական սովորությունը ունեցած լինի և թագավորը այդ մարդու վերաբերյալ հայտարարի թե. «այս գավազանը կամ մատանին որքան որ այս մարդու ձեռքին տեսնեք, պիտի իմանաք, որ նա իմ բարեկամն է», նույնպես և ծիածանը, թեպետ արդեն ամպերի մեջ երևում էր, բայց հետո հաշտության նշան համարվեց, որպեսզի մարդիկ երկյուղածության զգացումով մեղքից հեռու մնան:

Քանի որ հաշտությունը թշնամություն կամ բարկություն է ենթադրում, երբ ասում ենք. «Աստված հաշտվեց մարդու հետ», նշանակում է, որ նախապես բարկացած էր և բարկությունն էլ հանցանքի համար է լինում: Ահա, այս տեսությամբ, երբ ծիածանը տեսնենք պետք է խորհենք, որ պարտավոր ենք Աստծո պատվիրաններին հակառակ չգործել, որպեսզի նորից մեր վրա բարկանալով չպատժի մեզ: Թեպետ Աստված խոստացավ վերստին ջրհեղեղով չպատժել, բայց այս խոստումով մեղավորին թույլտվություն չտրվեց իր ուզածը անելու և պատժից ազատ ու զերծ լինելու, այլ ուրիշ կերպով պատիժ կտա:

Արդարև ծիածանը աղեղի ձև ունի (Ծննդ. Թ 13) և աղեղն էլ պատերազմի գործիք է, և առանց նետի այս երկրի վրա նրա երևումը Աստծո գթությունն է հայտնում: Որովհետև մահացու մեղքերի տեր մարդիկ, կարծես թե Աստծո դեմ պատերազմի են դուրս եկել և Նա, ողորմած լինելով, շատ անգամներ առանց պատժելու համբերությամբ սպասում է, որ մեղավորը դառնա և զղջա, սակայն մի՛ կարծիր, թե միշտ պիտի համբերի, քանզի աղեղը լարված է, անշուշտ մի օր բարկության նետը պիտի արձակվի (Սաղմ. Է 13):

Նաև հարկ է նկատել, որ ինչքան աղեղը լարված է, այնքան նետը ավելի ուժգին է հարվածում. նույնպես նաև Աստված որքան երկար համբերի, պատիժն էլ այնքան սաստիկ և խիստ կլինի (Սաղմ. ՀԳ 2): Արդ, ծիածանը աշխարհի համար մի խրատ է, որ Աստծուց երկյուղելով զգաստությամբ ապրենք՝ պատժի նետից ազատ և զերծ լինելու համար:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․