Նոյը և իր որդիները ի՞նչ եղան:

Հողագործությունը ամեն բանից առավել լինելու պատճառով, Նոյը Մասիս լեռան ստորոտին այգի տնկեց (այդ տեղի անունը մինչ այսօր հայերեն Արկուսի է կոչվում, որը նշանակում է որթ տնկված վայր) և դրա գինուց խմելով՝ մերկ և բաց պառկեց: Նոյի երկրորդ որդին՝ Քամը այդ տեսնելով, նրա մերկությունը ծածկելու փոխարեն, ծաղրանքով իր եղբայրներին էլ հայտնեց: Սակայն Սեմը և Հաբեթը, հայրական պատիվը պահպանելու նպատակով, զգեստ վերցրած ետ-ետ գնալով ծածկեցին իրենց հոր մերկությունը:

Նոյը արթնանալով, երբ իմացավ եղելության մասին, Քամի որդուն՝ Քանանին անիծեց (Ծննդ. Թ 12), քանի որ ենթադրվում է, որ առաջին անգամ Քանանն է իր պապին այդ վիճակում տեսել և հայտնել իր հորը՝ Քամին, որն էլ՝ իր եղբայրներին: Ինչպես որ առաջին դարում Կայենը, անեծք ընդունելով, օր օրի չարության մեջ առաջ գնալով իր հորից մերժվեց, նույնպես երկրորդ դարում Քանանին անեծք տրվեց, և Քամն էլ նույնպես հայրական օրհնությանը արժանի չլինելով՝ հետզհետե վատթարացավ, այնքան, որ Նոյը ստիպված եղավ մերժել նրան:

Համարվում է, որ Քամը կախարդության և այլ անարժան ընթացքի էր հետևում, սակայն Սեմը և Հաբեթը, ովքեր իրենց հոր պատիվը հարգել իմացան, օրհնություն ընդունեցին հորից, որով էլ Քամը իր եղբայրների ծառա է կոչվում: Մանավանդ, որ Քրիստոսը Սեմի ցեղից պիտի ծնվեր, իսկ Հաբեթի ցեղը Նրան պիտի հավատար, Աստծո ներշնչանքով Նոյը մարգարեաբար այդ է հայտնում (Ծննդ. Թ 27): Արդարև, այս կետը մի օր բոլոր կռապաշտների Քրիստոսին հավատալն է հայտնում, ինչպես որ հայ ազգը Հաբեթի սերունդից լինելով՝ Քրիստոսին հավատաց:

Մանավանդ, որ Աբգարը՝ Եդեսիայի թագավորը, ազգությամբ հայ, Երուսաղեմում Քրիստոսի կատարած հրաշքների մասին լսելով, հատուկ մարդ և նամակ ուղարկեց Նրան, և բոլոր հեթանոս թագավորներից առաջինը հավատաց, և Քրիստոսը՝ մեր Փրկիչը նրա նամակին պատասխան գրել ցանկացավ, ինչպես որ Ս. Մովսես Խորենացին Իր պատմության երկրորդ մասի 19-րդ գլխի մեջ է գրում:

Դու Քամի չարությանը նայիր, որ մեղքի հուրը դեռ նոր ջրհեղեղով հանգցրած լինելով, նորից արծարծեց և իր սերնդի համար չար օրինակ լինելով, մեղքի սերմերը նորից սկսեցին բողբոջել մարդկանց սրտերում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․