Երբ Հակոբը Խառանից վերադաձավ, հայրը ո՞ղջ էր:

Ողջ էր: Քանի որ Իսահակը 180 տարեկան հասակում մահացավ, որին Հակոբն ու Եսավը Քեբրոնում՝ Աբրահամի մոտ թաղեցին: Այստեղ աշխարհի ընթացքի և սրբերի ու արդարների առաքինության վերաբերյալ խրատ է պետք վերցնել: Քանի որ, ինչպես Աբրահամը իր ամբողջ կյանքի ընթացքում այլևայլ փորձությունների ենթարկվեց, սակայն այնուամենայնիվ երբեք իր հավատքը չտկարացնելով, աստվածպաշտությամբ և գոհությամբ միշտ անց էր կացնում իր պանդխտության օրերը: Իսահակը նույնպես փորձություններից զերծ չմնաց, մանավանդ Ս. Գրքի խոսքին հետևելով՝ քառասուն տարի ի վեր կուրությամբ անցկացրեց՝ առանց երբեք դժգոհելու:

Հակոբը ևս գրեթե միշտ փորձության բովով անցնելով, թեև ծանրագույն վշտերի օրեր ունեցավ, սակայն Աստծո ողորմությունից բնավ հույսը չկտրեց ոչ մի անգամ: Այս առումով մի՛ կարծիր, թե արդարների վրա եկած նեղությունները և դժբախտությունները իրենց հանցանքների պատճառով են, այլ, ի սկզբանե, բնական օրենքի համաձայն, աշխարհի ընթացքն ու բնական պահանջն է (Սիրաք 2:1): Այս պատճառով առաքինի մարդուն գրչի և մոմի նմանեցնելով, ընդանուր առած է դարձել (թուրքերի մեջ), թե մարդն ուղիղ ընթացքի մեջ գրիչ լինի, վառվելու մեջ՝ մոմ, չի կարող գլուխը ազատել փորձանքների մկրատից:

Արդարև գիրչն ու մոմը մարդուն պիտանի և օգտակար լինելով հանդերձ, երբեմն-երբեմն երկուսի գլուխն էլ հատում են: Նույնպես էլ մարդը, եթե այս աշխարհում գրիչի նման ուղիղ և մոմի նման լուսավոր էլ լինի, դարձյալ չի կարող իր գլուխը փորձանքից փրկել: Թեպետ Հակոբը, Խառանից վերադառնալով և Եսավի հետ հաշտվելով, միառժամանակ ուրախ և երջանիկ եղավ, սակայն քանի որ երկրի վրա մարդու համար անհնարին է տևական երջանկությունը, Հակոբը նույնպես, իր աղջկա՝ Դինայի պատճառով մեծ մտատանջության մատնվեց:

Քանի որ, ինչպես արդեն հիշատակեցինք, Նապուլոսում էր բնակվում, երբ Դինան միայնակ քայլում էր՝ քաղաքի աղջիկներին տեսնելու հետաքրքրությունից դրդված, քաղաքի կառավարչի որդին, բռությամբ նրա պատիվը անարգեց, ապա օրենքի համաձայն ցանկացավ նրան կնության վերցնել: Հակոբի որդիները արտաքնապես համաձայնվում են այն պայմանով, որ քաղաքի բոլոր բնակիչները թլփատվեն: Նրանք համաձայնվելով ընդունեցին սույն առաջարկը և բոլորը մեկ օրվա մեջ թլփատվեցին: Սակայն դեռևս նրանց ցավը չանցած՝ Հակոբի երկու որդիները՝ Շմավոնը և Ղևին, վրեժխնդրության համար Հակոբից գաղտնի քաղաք մտնելով, բոլոր տղամարդկանց սուսերով կոտորելուց բացի, կանանց էլ գերում են և քաղաքը կողոպտելով՝ վերցնում իրենց քրոջը, այս պատճառով Հակոբը մեծ տխրության մեջ է ընկնում: Մանավանդ վախենալով, որ երկու եղբայրների անխոհեմ հանդգնության պատճառով իր ընտանիքին մեծ վտանգ կհասցվի քանանացիների կողմից:

Մայրերն ու աղջիկները թող խրատ վերցնեն, Դինան շրջագայելու համար տնից մենակ դուրս եկավ և սնոտի հետաքրքրասիրության համար մեծ վտանգի հանդիպեց և այնքան մարդկանց կորստյան պատճառ էլ դարձավ: Սակայն Աստված Հակոբին հրամայում է, որ այնտեղից դուրս գալով Բեթել կոչված վայրը գնա և այնտեղ սեղան կանգնեցնի: Այս այն վայրն է, որտեղ Խառան գնալու ժամանակ Հակոբը, հրաշալի երազ տեսնելով, այն վայրը «Աստծո տուն» և «Երկնքի դուռ» անվանեց, քանի որ «Բեթէլ»՝ «Աստծո տուն» է թարգմանվում:

Դու լավ նայիր Հակոբի առաքինությանը և ճշմարիտ աստվածպաշտությանը. որովհետև Բեթել գնալու և Աստծո սեղան կանգնեցնելու հրամանը ստացավ, այս առթիվ իր բազմանդամ ընտանիքի անդամներին պատվիրում է, որպեսզի ոչնչացնեն իրենց մոտ եղած բոլոր կուռքերը և բոլորն էլ զգեստները փոխելով, ամեն կերպ մաքրվեն, որպեսզի Բեթել գնան արժանի տրամադրվածությամբ (Ծննդ. 35:2): Քանի որ ինչպես արդեն հիշվել է, Լաբանի կուռքը Ռաքելի մոտ գտնվելուց բացի, (Սիկիմ-Նապուլոս) քաղաքը կողոպտած լինելու ժամանակ նրանց կուռքերը և դրանց ընծայված ու նվիրված զարդերն էլ վերցրել էին:

Արդ, ում մոտ, որ կուռք կամ կուռքերին վերաբերվող որևէ բան կար, մինչև իսկ իրենց ականջօղերը, հանելով բերեցին և Հակոբին տվեցին, որը դրանք թաղելով ոչնչացնում է նրանց ձեռքը այլևս չընկնելու համար: Օրինակ վերցրու. նա, ով փափագում է երկնքի թագավորությունը մտնել, պարտավոր է նախ մեղքերի կուռքերը խոստովանելով սրտից դուրս վտարել, և մեղքերի աղտերը արտասուքի ջրով լվանալով ամբողջությամբ սրբել, և հանդերձ փոխելու նման չար գործերը մի կողմ դնելով, պարտավոր է առաքինության զգեստը հագնել, որպեսզի Աստծո արքայության փառքերին արժանի լինի:

Հետո, Աստծո հրամանի համաձայն, Հակոբը Բեթել գնալուն պես սեղան է կառուցում, և սրտի զեղումով հավիտենական երկրպագություն՝ մատուցում, և Աստված նորից նրան երևալով, ոչ միայն օրհնում է, այլ «Ես Եմ քո ամենակարող Աստվածը» ասելով, նախապես արված խոստումն է կրկնում (Ծննդ. 35:17): Այս խոսքով Աստված հայտնում է, թե Ինքը ամենակարող է և բոլորի փափագները Իրենով և Իր մեջ կարող են լիություն գտնել: Կարծես ցանկանում է Հակոբին ասել. «Հոգ մի՛ արա, ո՛վ Իսրայել, և քանանացիներից էլ մի՛ վախեցիր, քանի որ դու Ինձ հանձնվեցիր, Ես կարող և բավական եմ քեզ ամեն տեսակ չարիքից պահելով փառավորել»:

Արդարև, եթե Աստված քանանացիների սրտերում երկյուղ չգցեր, անպատճառ Հակոբին կպատժեին (Ծննդ. 35:5): Եվ սույն խոսքը ոչ միայն Հակոբի, այլև ամբողջ մարդկանց համար մխիթարություն եղավ, քանի որ Աստված կարող է, թե՛ այս աշխարհում և թե՛ հանդերձյալ աշխարհում ամեն ինչով երջանկացնել և փառավորել այն մադուն, ով Աստծուն ապավինելով, հավատարությամբ և սիրով ծառայում է Նրան:

Հակոբը այդ ընթացքում Բեթելից դեպի Բեթղեհեմ գնալու ժամանակ Ռաքելը Բենիամինին ծննդաբերելուց հետո մահանում է: Հակոբը նրան թաղելով վրան մահարձան է կանգնեցնում, որ մինչ այժմ Բեթղեհեմի ճանապարհի վրա մնում է, որին հրեաները ուխտի են գնում: Հակոբը այս անգամ Բեթղեհեմի մոտ է բնակվում, այս այն վայրն է, որտեղ համարվում է, թե Քրիստոսի ծնված ժամանակ հրեշտակները հովիվներին ավետիս տվեցին:

Այստեղ Սուրբ Գիրքը ընդարձակորեն պատմում է Եսավի ցեղաբանությունը, որը մենք ստիպված բաց թողեցինք:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․