6 Հոկտեմբեր, Կիր
Այո՛, լացեց և աղաչեց, ինչպես որ հետո խոստովանեցին նրա եղբայրները (Ծննդ. 42:21):
Մի՛ լացիր, ո՛վ Հովսեփ, քո եղբայրները քեզ հորը գցեցին, սակայն քեզ ստեղծող Աստված շուտով քեզ կհանի այնտեղից. մի՛ կարծիր, թե դու՝ մատղաշ պատանյակդ, միայնակ իջար փոսի մեջ, այլ երկինքն ու երկիրը արարող Էակն էլ է քեզ հետ մեկտեղ (Իմաստ. 10:13): Քանի որ Հովսեփի սերը Աստծո վրա էր կենտրոնացած՝ Աստված նրան միայնակ չի թողնում: Արդյոք Հովսեփը հորի մեջ ի՞նչ է մտածում, ինքը իր վրա ողբո՞ւմ է, թե՞ հոր մասին է մտածում, կամ եղբայրների վրա է ցավում, որոնք մեծ մեղք գործեցին:
Քանի որ իրենց զրկողների համար կարեկցելով չար ճանապարհներից դառնալու համար աղոթելը սրբերի սովորությունն է, ինչպես որ սուրբ Ստեփանոսը և Հակոբոս Տեառնեղբայրը իրենց սպանողների համար աղոթում էին, որ Աստված ների նրանց հանցանքները:
Դու Աստծո գաղտնի դատաստանին նայիր. մինչ Հովսեփը հորի մեջ էր, եղբայրները մեծ խնջույք սարքած՝ իրենց զվարճությանն էին հետամուտ լինում, սակայն Ռուբենը մի կողմ է քաշվում, որպեսզի ապա գաղտագողի դուրս հանի և ազատի: Եվ որովհետև Հովսեփի նկատմամբ սահմանված վճիռը գործադրվելով՝ Քրիստոսի օրինակը պիտի լիներ, քանի որ հրաշքով նույն պահին մի վաճառականների քարավան էր գնում Եգիպտոս: Հուդայի մտքում մի նոր գաղափար է հղանում, և առաջարկում է եղբայրներին՝ ասելով. «Մեր եղբորը հորի մեջ սպանելու փոխարեն, ավելի լավ է այս Եգիպտոս գնացող վաճառականներին վաճառենք»: Եղբայրները համաձայնվում են, իսկույն հանում են հորից և որպես գերի քսան դահեկանով վաճառում (Ծննդ. 37:28):
Հետո Ռուբենը գալով և Հովսեփին հորում չգտնելով, օձիքը պատռելով լաց է լինում, քանի որ չգիտեր, որ հորից հանել և վաճառել են, ուստի, երբ եղբայրներից խնդիրը կամ իրողությունը իմացավ՝ նա էլ լռեց:
Կարևոր է իմանալ, որ թեև որպես գերի վաճառեցին Հովսեփին, ի՞նչ զարմանք, որ նա չհայտնեց, որ գերի չէ, որովհետև եթե վաճառականները իմանային՝ չպիտի գնեին: Ուրեմն Հովսեփը հանձն է առնում գերի լինել, որպեսզի իր եղբայրների ձեռքով չսպանվի:
Այստեղ պիտի լավ խորհրդածես. մի՛ կարծեք, թե աշխարհի վրա ամեն չարիք ու նեղություն մարդկանց մեղքի համար է, այլ շատ անգամ դրանք Աստծո կողմից են տնօրինվում՝ Իր իմաստուն և խորհրդավոր դատաստանի համեմատ աշխարհի կառավարության համար, երբեմն ընդհանրապես, երբեմն էլ մասնավորապես: Ընդունելով, որ այսպիսի պատահարների պատճառը միայն Աստծուն է հայտնի՝ մարդը պարտավոր է առանց գանգատվելու համբերությամբ տանել:
Ինչպես որ Հովսեփը, ոչ մի հանցանք չունենալով, որպես գերի վաճառվեց և գնող վաճառականներն էլ պարզապես իրենց նյութական շահի համար գործեցին, սակայն Աստված մի բարձրագույն նպատակի՝ այն է Եգիպտոսի իշխան կարգելու համար, կարգադրում և ուղարկում է նրան, ինչպես որ Հովսեփն էլ վերջում խոստովանում է Աստծո սույն հեռատես և խորհրդավոր տնօրինությունը:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902