14 Նոյեմբեր, Եշ
1 Եղբայրնե՛ր, բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու, 2 որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով: 3 Երբ ասեն, թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կհասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու: 4 Իսկ դուք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեզ վրայ հասնի ինչպէս գողը. 5 որովհետեւ դուք բոլորդ լուսոյ որդիներ էք եւ ցերեկուայ որդիներ: Գիշերինը չենք, խաւարինը չենք: 6 Ուրեմն, չքնենք մնանք, ինչպէս ուրիշները, այլ արթուն եւ զգաստ լինենք. 7 որովհետեւ ովքեր ննջում են, գիշերն են ննջում, եւ ովքեր հարբում են, գիշերն են հարբում. 8 իսկ մենք, որ ցերեկուայ որդիներ ենք, արթուն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք. 9 որովհետեւ Աստուած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով. 10 նա մեռաւ մեզ համար, որպէսզի, արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասին ապրենք: 11 Ուստի մխիթարեցէ՛ք եւ ամրապնդեցէ՛ք միմեանց, ինչպէս որ արդէն անում էք: