30 Նոյեմբեր, Շբ
6.1 Ուստի, Աստծուն գործակից լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծոյ շնորհը զուր ընդունած չլինէք. 2 որովհետեւ ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկութեան օրը օգնեցի քեզ»: Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը: 3 Եւ ոչ մի առիթով պատճառ մի՛ եղէք, որպէսզի մեր պաշտօնը չարատաւորուի. 4 այլ բոլոր դէպքերում դուք ձեզ ներկայացրէք իբրեւ Աստծոյ պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի մէջ, չարչարանքների մէջ, 5 հարուածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների մէջ, հսկումների մէջ, ծոմապահութեան մէջ, 6 սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, 7 ճշմարտութեան խօսքով, Աստծոյ զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանուելու համար, 8 փառքով եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանքով, իբրեւ թէ մոլորեցնողներ, բայց ճշմարտութիւնից չշեղուածներ, 9 իբրեւ թէ անծանօթներ, բայց բոլորից ճանաչուածներ, իբրեւ թէ մահամերձներ, բայց եւ ահաւասիկ կենդանի ենք, իբրեւ թէ պատժուածներ, բայց ոչ մահապարտներ, 10 իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրեւ թէ տնանկներ, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրեւ թէ ոչինչ չունենք, բայց ունենք ամէն ինչ: 11 Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են պատգամելու համար ձեզ, եւ մեր սրտերը՝ լայն: 12 Մենք չէ, որ նեղում ենք ձեզ, այլ դուք ձեր սրտերում էք նեղւում: 13 Արդ, դուք էլ նոյն հատուցումն անելով – որդիների տեղ եմ դնում ձեզ – լայնօրէն բա՛ց արէք ձեր սրտերը: 14 Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրինութեան հետ. եւ կամ՝ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. 15 եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. 16 կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծոյ տաճարը մեհեանների հետ: Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը:
7.1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով: