30 Նոյեմբեր, Շբ
8 Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ “Մի՛ փչացրու դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ”, այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար. յանուն նրա չեմ կործանելու բոլորին: 9 Յակոբի եւ Յուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպէսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրեալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն եւ բնակուեն այնտեղ: 10 Անտառի մէջ պիտի լինեն հովիւների մակաղատեղերը, եւ Աքորի ձորը պիտի դառնայ նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտրել: 11 Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծոյ պատուին: 12 Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք, եւ ինչ չէի ցանկանում, այն ընտրեցիք»: 13 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարաւ էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամօթով էք մնալու: 14 Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախութեամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցաւից աղաղակելու էք, ձեր հոգու կսկծից ողբալու էք: 15 Ձեր անունն իմ ընտրեալների նողկանքի համար պիտի թողնէք, եւ Տէրը ձեզ պիտի մեռցնի: Իմ ծառաներին նոր անուն պիտի տրուի, որը պիտի օրհնաբանուի երկրի վրայ: 16 Որպէսզի օրհնեն ճշմարիտ Աստծուն, երկրի վրայ երդուողները պիտի երդուեն ճշմարիտ Աստծով, առաջուայ նեղութիւնը պիտի մոռանան, այլեւս իրենց միտքը չպիտի բերեն: 17 Քանի որ նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, առաջուաններն այլեւս չպիտի յիշեն եւ այլեւս իրենց միտքը չպիտի բերեն: 18 Ուրախութիւն ու ցնծութիւն են գտնելու այն բանի մէջ, ինչ ես հաստատելու եմ: Ահա ես Երուսաղէմը ստեղծում եմ ցնծութեան համար եւ իմ ժողովրդին՝ ուրախութեան համար: 19 Պիտի ցնծամ Երուսաղէմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մէջ այլեւս լացի ձայն եւ կամ բօթի ձայն չպիտի հնչի: 20 Այնտեղ չի լինելու մանկահասակ եւ կամ ծեր, որ լցրած չլինի իր կեանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարիւր տարեկան պիտի լինի, իսկ հարիւր տարեկանում մեռնողը մեղաւոր եւ անիծեալ պիտի համարուի: 21 Տներ պիտի շինեն եւ իրե՛նք պիտի բնակուեն, այգիներ պիտի տնկեն եւ նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն: 22 Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն: Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը: 23 Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են: 24 Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ “Ի՞նչ էք ուզում”: 25 Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց: Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լեռան վրայ»,– ասում է Տէրը: