25 Նոյեմբեր, Բշ
Կիթառահար երաժիշտը մի ամայի դաշտում մեն-մենակ նվագում է, հետո հայացքն ուղղում դեպի երկինքն ու երկիրը. ամեն ինչ անգույն է և գորշ... Իր երևակայությամբ պատկերացնում է այն վայրը, ուր ապրելը լիակատար իմաստավորված է համարում, որը լեցուն է երփներանգ գույների բազմազանությամբ և կյանքի մեղեդու ռիթմերի համաչափությամբ: Բայց հասնում է մի լաբիրինթոսի մոտ, որից այն կողմ տեսնում է իր պատկերացումների արքայությունը և ասում.
- Ի վերջո գտա երկնքի արքայության մուտքը, որտեղ կարելի է ապրել և հոգևոր խաղաղության երջանկությունը գտնել:
Մտնում է լաբիրինթոսի մեջ, պտտվում և գալիս, կանգնում նույն մուտքի առջև: Նորից լաբիրինթոսի արահետներով շարժվում, խճճվում ու հայտնվում է սկզբնավայրում և այդպես շարունակ մի քանի անգամ: Երևակայությունից վհատված վերադառնալով դեպի իրականություն՝ զգում է իր մոտ կանգնած Հիսուսին: Նա լռելյայն լսում էր կիթառահարի երաժշտությունը, այնուհետև ասում է.
- Ինչո՞ւ ես բազում անգամ հեռանում ու վհատված նույն կետին վերադառնում և կրկին լաբիրինթոսի ուղին ընտրում, չէ որ ես միշտ էլ քո կողքին եմ: Արդեն իսկ այնտեղ եմ, որտեղից շարժվում ես ինձ այլ վայրում փնտրելու համար...
Կիթառահարը նայում է շուրջը, նկատում, որ երկինքն ու երկիրն ամենևին էլ անգույն ու գորշ չեն, այլ լեցուն գույներով, լույսով ու կյանքն ապրելու լիակատար իմաստով, որ այն, ինչ փնտրում էր, իմաստավորված և արժևորված է Քրիստոսի ներկայությամբ:
Հովհաննես Մանուկյան