1 Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք այն թշուառութիւնների համար, որ գալու են ձեր գլխին. 2 որովհետեւ ձեր հարստութիւնը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, 3 եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դէմ որպէս վկայութիւն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը, ինչպէս կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցէք: 4 Ահաւասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մօտ պահեցիք. ձեր կողմից զրկուածն աղաղակում է, եւ հնձուորների բողոքը հասաւ Ամենակալ Տիրոջ ականջին: 5 Մեղկ կեանքով ապրեցիք երկրի վրայ եւ շուայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթուելու օրուայ համար: 6 Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում: 7 Եղբայրնե՛ր իմ, համբերո՛ղ եղէք մինչեւ Տիրոջ գալուստը: Մշակն ահա համբերութեամբ սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ ստանայ առաջին եւ վերջին անձրեւը: 8 Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է: 9 Մի՛ տրտմեցրէք միմեանց, եղբայրնե՛ր, որպէսզի չդատուէք: Ահաւասիկ, Դատաւորը դռանն է: 10 Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպէս օրինակ ունեցէք մարգարէներին, որոնք խօսեցին Տիրոջ անունով: 11 Ահա երանի ենք տալիս համբերողներին: Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում, քանի որ Տէրը բազմագութ է եւ ողորմած: