30 Նոյեմբեր, Շբ
9.35 Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները: 36 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն: 37 Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: 38 Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
10.1 Եւ նա, իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն: 2 Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն՝ Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը՝ Անդրէաս, 3 Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը՝ Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, 4 Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան: 5 Նրանց տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնա՛ք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէ՛ք, 6 այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ: 7 Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. “Երկնքի արքայութիւնը մօտեցել է”: 8 Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք: 9 Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ ձեր գօտիների մէջ. 10 ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին: 11 Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ով է այնտեղ արժանաւորը, եւ այնտե՛ղ մնացէք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք: 12 Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. “Ողջո՜յն այս տանը”: 13 Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ: 14 Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք: 15 Ճշմարիտ եմ ասում ձեզ. սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար: